Երբ Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանն այցելեց Հայաստան, նա ասաց Երևանի գեղարվեստի մանկական բարեգործական դպրոցի սաներին.
«Ես երբեք Հայաստանում չէի եղել, բայց ձեր նկարներով ճանաչեցի ձեր երկիրը և այն տեսնելու բուռն ցանկություն ունեցա»:
Դեսպան Իրժի Նեգվասիլը Հայաստան էր այցելել անձամբ հանձնելու 2003 թվականին չեխական Լիդիցե քաղաքում կայացած Գեղարվեստի 31-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնի մրցանակները:
Ցուցահանդեսին մասնակցում էին աշխարհի 154 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանից ներկայացված էին մոտ 200 աշխատանքներ, որոնցից տասն արժանացան պարգևների: Այդ տասից իննի հեղինակները Վարդան Ղումաշյանի աշակերտներն են: Ղումաշյանը դասավանդում է Աջափնյակի գեղարվեստի մանկական բարեգործական դպրոցում և «Անանիա Շիրակացի» կրթահամալիրում:
Իսկ դպրոցի մասին Հայաստանի մշակույթի նախարարությունում առաջին անգամ իմացան միայն այն ժամանակ, երբ Չեխիայի դեսպանը ցանկություն հայտնեց հանդիպել դպրոցի սաներին:
Բոլորի ուշադրությունից զրկված ու անտեսված այս դպրոցը միայն իր
հոգևոր իմաստով է դպրոց: Գեղարվեստի դպրոցը ծվարել է Աջափնյակ համայնքի բնակելի շենքերից մեկի կիսանկուղային հարկում: Պահեստ հիշեցնող այդ մութ ու ցուրտ սենյակներում մանկական երևակայությունը գունագեղ պարտեզներ է արարում: Աշխատանքն արտասովոր է, իսկ տարածքը գեղեցիկի հետ ոչ մի կերպ չի առնչվում:
«Մենք մոռանում ենք նյութական խնդիրների մասին, քանի որ եթե հիշենք, ապա չենք կարող ստեղծագործել», ասում է Ղումաշյանը: Նա նաև ասում է, որ արդեն մոռացել է ավելի հարմար տարածք ձեռք բերելու համար օգնություն ստանալու փորձերի մասին:
«Մի քանի տարի առաջ հասկացա մի պարզ բան, որ չարժե ժամանակ կորցնել ինչ-որ պաշտոնյայի արվեստի կարևորությունը բացատրելու վրա, անիմաստ է: Ամեն ինչ մոռացա ու տրվեցի երեխաների հետ աշխատելու հաճելի գործին» պատմում է Ղումաշյանը:
Բարեգործական այս դպրոցը Երևանում միակն է, որտեղ մանուկները սովորում են անվճար: Այն հիմնադրվել է 1991 թվականին: Ցուրտ ու մութ այդ տարիներին այս դպրոցը դարձավ մի ամբողջ սերնդի հոգևոր դաստիարակության կենտրոնը, որտեղ երեխաները մոռանում էին առօրյա դժվարությունների մասին և ապրում ու շնչում էին մաքրամաքուր արվեստով:
Խորհրդային տարիներին այստեղ գործում էր թաղային երիտասարդական ակումբ: Անկախացումից հետո այն փակվեց՝ թողնելով երեխաներին բախտի քմահաճույքին:
Չնայած փակմանը՝ Մոսկվայում գեղանկարչական բարձրագույն կրթություն ստացած Ղումաշյանը շարունակեց նկարչության դասերը:
«Ես ոչ մի կարգավիճակ չունեի, բայց շարունակում էի աշխատել, թեպետ գիտեի, որ ակումբը գոյություն չունի, ու ես էլ աշխատավարձ չեմ ստանալու», ասում է Ղումաշյանը:
Տարիներ անց, 1991 թվականին, Ղումաշյանը ակումբը գրանցեց որպես հասարակական կազմակերպություն` տալով նրան նոր անվանում` Գեղարվեստի մանկական բարեգործական դպրոց: Աշխատավարձ նա հիմա էլ չի ստանում, բայց պահանջում է սաներից, որ փոխհատուցեն իրեն սովորելու պատրաստակամությամբ:
«Երբ ինչ-որ նյութական ակնկալիք ես ունենում, մեջդ միշտ վախ կա, որ մի օր այն կարող է չլինել: Իսկ եթե ոչինչ չես ակնկալում, ուղղակի ազատվում ես այդ վախից, - ասում է Ղումաշյանը: - Մենք աշխատում ենք ընտանիքի նման. երբ հայրը երեխային ինչ-որ բան է սովորեցնում, երբեք չի մտածում, որ երեխան պետք է դրա դիմաց վճարի»:
Դպրոցը պարզ ու նպատակային խնդիր է դրել իր առաջ` մանկական հարուստ ներաշխարհն ուղղել դեպի արվեստը: Դպրոցում ուսանող 5-14 տարեկան երեխաների հետ անհատապես աշխատելով` Ղումաշյանը դասավանդում է ոչ միայն նկարչություն, այլ նաև արվեստի ու կրոնի պատմություն:
«Մեր դպրոցն ընդունվելու համար հատուկ քննություն չկա, բոլորն էլ կարող են ստեղծագործել, և ուսուցչի դերը ոչ թե սովորեցնելու մեջ է, այլ բացահայտելու», ասում է ուսուցիչը:
Նրա դասավանդման մեթոդի առանցքը ազատությունն է, որպեսզի ոչ մի ճնշում չգործադրվի երեխայի երևակայության ու անհատականության վրա:
 |
Նկարակալները պատրաստեցին բեմից
|
Աշակերտներն ու ուսուցիչը մշտապես թուղթ, ներկեր, մատիտներ ձեռք բերելու ուղիներ են փնտրում:
«Իսկ եթե չի էլ լինում, հոգ չէ, ածուխով ենք նկարում, միայն թե նկարենք», ժպտալով ասում է լավատես Ղումաշյանը:
Ղումաշյանը հպարտությամբ է պատմում, թե ինչպես հաջողվեց ձեռք բերել մոլբերտներ.
«Գնելն անհնար էր, իսկ պատրաստելու համար փայտ չունեինք: Սակայն սենյակներից մեկում ակումբից ժառանգել էինք փայտե բեմ, որը չէինք օգտագործում: Քանդեցինք բեմն ու պատրաստեցինք 15 մոլբերտ ու նկարելու տախտակ»:
Մրցանակներ շահած դպրոցը գուցեև անհայտ է ու վատ կահավորված, սակայն դա կարծես ոչ մի նշանակություն չունի:
«Երբ անկուշտ մարդիկ ոտնձգություններ են անում մեր դպրոցի տարածքի նկատմամբ, ես նրանց ուղղակի ասում եմ, որ եթե դպրոցը փակեն, մենք դրսում կնկարենք, - ասում է Ղումաշյանը: - Մեզ ոչինչ և ոչ ոք չի կարող զրկել ստեղծագործելու հաճույքից»: |