Խմբագրի կողմից.
Մաքսին Հագլանդ-Բլոմերը` սպանված Ջոշուա Հագլանդի մայրը, «ԱրմենաիՆաուին» է ուղարկել բաց նամակ: Սեղմեք այստեղ սպանության մասին մեր նախորդ հոդվածը կարդալու համար: Սեղմեք այստեղ հետաքննության մասին մեր այս շաբաթվա հոդվածը կարդալու համար:
Իմ որդուն` Ջոշուա Հագլանդին սպանողին կամ սպանողներին
Երկու ամիս առաջ դուք սպանեցիք որդուս, չգիտեմ` մենակ, թե մի քանի հոգով:
Արդյոք դուք ձեզ լա՞վ եք զգում Ջոշին սպանելով: Հպա՞րտ եք ձեր կատարած մարդասպանությամբ: Դա ձեր առաջի՞ն սպանությունն էր, թե՞ նախկինում էլ էիք մարդ սպանել:
Դուք ձեզ հերո՞ս եք համարում:
Ո՞վ էր ձեզ իրավունք տվել սպանել իմ որդուն: Սպանել եք, որովհետև նրա ապրելակերպը տարբերվո՞ւմ էր ձեր ապրելակերպից: Գիտեի՞ք, որ երեք օրից Ջոշուան պետք է մեկներ Հայաստանից:
Ե՞րբ էիք ծրագրել այդ տմարդի արարքը: Գիտե՞ք, թե ինչ խոր վերք եք հասցրել մեր ընտանիքին:
Իմ մի մասը` Ջոշի մայրը, մահացավ նրա հետ: Այնպես որ, դուք ունեք մեկ սպանված և մեկ վիրավոր` գումարած նրա ընտանիքը և նրա աշխարհով մեկ սփռված ցնցված ու վշտացած ընկերները: Իրենից հետո Ջոշը թողեց ընտանիք, որն անկեղծ սիրում էր նրան:
Ջոշն ունի երկու զարմուհի, որոնց պաշտում էր և որոնք նրան շատ էին սիրում: Նրանք չեն հասկանում, թե ինչպես ինչ-որ մեկը կարող էր այդպիսի բան անել իրենց քեռուն:
Ի՞նչ եք հիմա զգում, թե՞ ոչինչ չեք զգում:
Ինձ հետաքրքրում է, արդյոք դուք գիշերները լա՞վ եք քնում: Հաճա՞խ եք ուսի վրայով հետ նայում` կարծելով, թե ձեզ հետևում են:
Թե՞ դուք հրոսակախումբ եք և ոչնչից չեք վախենում: Իսկ ես լավ չեմ քնում: Սգում եմ իմ սպանված որդու մահը: Լալիս ու հարցնում եմ` ինչի՞ համար:
Ես զայրացած եմ, խռովված ու հուսալքված:
Գիտեմ, որ ձեր հոգն էլ չէ, թե ես ինչ եմ զգում: Ջոշի երկու եղբայրները և քույրը պատասխան են պահանջում ոստիկանությունից: Նրա բազմաթիվ ընկերները նույնպես պատասխան են ուզում, և մենք բոլորս արդարություն ենք պահանջում:
Դուք` մարդասպաններդ, ընտանիք ունե՞ք: Երեխաներ ունե՞ք: Ձեր ծնողները հպարտանո՞ւմ են ձեզնով: Գուցե նրանք տեղյա՞կ էլ չեն, թե ինչ եք արել: Դուք ահաբեկի՞չ եք, թե՞ վարձու մարդասպան: Քննարկո՞ւմ եք ձեր կատարած այդ վախկոտ արարքը: Եթե այո, գաղտնի՞ եք անում:
Եթե որոշեմ Երևան գալ, իմ կյանքին էլ վտանգ կսպառնա՞: Դուք ծեր սգացող մորը նույնպես կսպանե՞ք: Արդյոք դուք ապրում եք այնպե՞ս, կարծես ոչինչ չի պատահել:
Իմ վիշտն ինձ հետ է ամբողջ օրն ու երկար անքուն գիշերներին: Ես տեսնում եմ բոլոր այն իրերը, որ Ջոշը թողել է իմ համեստ տանը, և դժվար է դրան դիմանալ: Նրա մանկական և ճանապարհորդական լուսանկարները շատ թանկ են ինձ համար, սակայն միևնույն ժամանակ ցավ են պատճառում: Գիտեմ, որ այս ամենը ձեզ բնավ չի հուզում, բայց նաև հաստատ գիտեմ, որ դուք մի օր մի տեղ ինչ-որ ձևով կսայթաքեք և կբռնվեք:
Ձեր գործած վայրենի արարքը պետք է ուղեկցի ձեզ ձեր ամբողջ կյանքում: Ուզում եմ հավատալ, որ մարդկանց մեծ մասը Երևանում բարի է, ձեզ նման մարդասպան չէ: Դուք սպանեցիք իմ որդուն մսագործի դանակով, հարվածեցիք սրտին ու փախաք թաքնվեցիք գիշերվա մթության մեջ` թողնելով որդուս մեռնելու:
Հուսով եմ, որ երբեք չեք մոռանա Ջոշի կուրծքը ճեղքող դանակի ձայնը և նրա աչքերում հայտնված վախը:
Դուք հետ նայեցի՞ք, որ համոզվեք, թե նա պառկած մեռնում է: Օ~, դուք շատ արագ արեցիք ամեն ինչ: Ջոշը շատ արագ մահացավ: Երևի լավ գիտեիք ձեր անելիքը: Գուցե ձեր մահն այդքան արագ վրա չհասնի: Այո, ես դառնացած եմ, և որդուս մահվան հանգամանքները փորփրելը ծանր ու սարսափելի է:
Ինձ նաև անհանգստացնում է այն, որ դուք կարող եք նորից սպանել: Ապահո՞վ են, արդյոք, ձեր շրջապատի մարդիկ: Աղոթում եմ, որ կարողանամ ներել ձեզ, բայց նաև աղոթում եմ արդարության համար:
Հույս ունեմ, որ այս տողերը կարդալով մեկն այնպիսի ցուցմունք կտա, որը կօգնի արդարության հաստատմանը:
Ինչպես ասացի, ես աղոթում եմ, որ կարողանամ ձեզ ներել մի օր, պարզապես հարկավոր չէ այդ մասին խոսել այժմ:
Անկեղծորեն`
Ջոշի մայրը: |