ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
July 16, 2004




Երկու ամիս և ոչ մի պատասխան. Հագլանդի ընտանիքը հայտարարում է, որ «մարդասպանը շարունակում է անպատիժ մնալ»

Հայաստանում երկու ամիս առաջ սպանված ամերիկացու ընտանիքը հայտարարում է, որ «վճռական է տրամադրված պատասխան գտնելու և արդարություն հաստատելու հարցում»:

Սակայն հայաստանյան քննիչների տված տեղեկություններից չի երևում, թե այդպիսի պատասխաններ կան, կամ որ արդարությունը մոտ է:

ԱՄՆ քաղաքացի Ջոշուա Հագլանդը մայիսի 17-ի երեկոյան սպանվել էր երևանյան իր տան բակում: Ասում են, որ նա Հայաստանում սպանված առաջին ամերիկացին է:

33-ամյա Հագլանդը Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարության անգլերեն լեզվի ծրագրի շրջանակներում: Նա դասավանդում էր Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում և սպանվեց Հայաստանում աշխատանքն ավարտելուց մի քանի օր առաջ:

Երբ «ԱրմենիաՆաուն» կապվեց Վիսքոնսին նահանգում ապրող նրա ընտանիքի հետ, Հագլանդի մայրը` Մաքսին Հագլանդ-Բլոմերն ասաց, որ որդին մեծ հույսեր էր կապում Հայաստանում կատարած իր աշխատանքի հետ և խոսում էր «այն հնարավորությունների մասին, որոնք կապված էին Հայաստանի ապագայի հետ, և ուզում էր այդ ամենի մասը կազմել»:

Սակայն Ջոշուա Հագլանդը նաև միասեռական էր: Անձնական խոսակցություններում նրա ամերիկացի և հայաստանցի ծանոթներն ասում են, որ նրան սպանել են այն մարդիկ, ում համար ընդունելի չէր նրա ապրելակերպը:

«ԱրմենիաՆաուն» հետաքրքրվեց քննիչներից` արդյոք Հագլանդի սպանությունը համարվում է ատելության հողի վրա կատարված հանցագործություն: Ոստիկանությունը հետաքննության մանրամասների մասին տեղեկություն չտվեց, ոչ էլ հայտնեց, արդյոք կա՞ն կասկածյալներ և քանի մարդ է հարցաքննվել:

Հայաստանի միասեռականներն առանձնազրույցներում բողոքել են, թե ոստիկանությունն օգտագործում է Հագլանդի սպանությունը որպես պատրվակ վախեցնելու միասեռականներին կամ այդպիսին համարվողներին:

Առնվազն մեկ մարդ մի քանի օր եղել է կալանքի տակ: Մեկ ուրիշն ասում է, որ իրեն կանչել են ոստիկանատուն և երբ ինքը հարցրել է` արդյոք հանցա՞նք է գործել, քննիչներից մեկն ասել է. «Չե՞ս կարծում, որ միասեռական լինելն արդեն հանցագործություն է»: Նա նաև ասում է, որ ոստիկաններն ասել են իրեն, թե իրենց համար նշանակություն չունի` օրենքը պաշտպանո՞ւմ է միասեռականներին, թե՞ ոչ, և որ իրենց տեղամասում իրենք են օրենքը:

«Ամերիկայում Ջոշը չէր թաքցնում, որ միասեռական է, և ընտանիքը սատարում էր նրան»,- ասաց Հագլանդ-Բլոմերը:

Նա չէր հասկանում, թե ի՞նչ կապ կարող է լինել որդու սեռական կողմնորոշման և նրա սպանության միջև. «Կարևորն իմ որդու սեռական կողմնորոշումը չէ, այլ այն, որ նա այնպիսի մարդ էր, որը ցանկանում էր փոխել աշխարհը ճանապարհորդելով ու ուսուցանելով»:

Նա ասաց, որ իրենց ընտանիքը «չի պատկերացնում, թե ինչ է նշանակում Հայաստանում միասեռական լինել»:

«Ջոշուան երբեք միտումնավոր վտանգի տակ չէր դնի իր կյանքը,- ասում է Մաքսին Հագլանդ-Բլոմերը: - Մենք չգիտենք` արդյոք սա սպանությո՞ւն է ատելության հողի վրա: Բայց կուզենայինք իմանալ»:

Մայրը վկայեց, որ որդու հայաստանցի բարեկամներն ու գործընկերները վերջին երկու ամսվա ընթացքում բազմիցս կապվել են իրենց հետ:

«Նրանք չեն հասկանում, թե ինչպես և ինչու այդպիսի բան եղավ,- ասաց Հագլանդ-Բլոմերը: - Մի քանիսն ասել են, որ Հայաստանում օրինականության հետ մեծ հույսեր չեն կապում»:

Հագլանդ-Բլոմերի խոսքերով Ջոշի եղբայրներն ու քույրը «չափազանց հիասթափված են» հետաքննության ընթացքից, և այժմ ընտանիքը փորձում է գտնել մեկին, որը Հայաստանում կներկայացնի սպանվածի շահերը:

«Մենք ուզում ենք այս անիմաստ սպանության պատասխանը ստանալ,- ասաց նա: - Մեր որդին և եղբայրը սպանվել է, և ինչ-որ մեկը շարունակում է անպատիժ մնալ»:

Մաքսին Հագլանդ-Բլոմերը բաց նամակ է գրել որդուն սպանողներին: Այն կարդալու համար սեղմեք Հայացք դրսից բաժինը:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
Summer in the City

With Friday temperatures reaching 35 degrees Celsius (95 Fahrenheit), little boys and big girls found relief in the fountains of Republic Square.

 

 


 
A Byte with...

Michael Pogosyan


Full story


 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.