ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
May 28, 2004




Հագլանդի սպանությունը. ոստիկանությունը և դեսպանությունը տեղեկություն չեն հայտնում ԱՄՆ քաղաքացու սպանության մասին

Մեկ շաբաթ նախաքննությունից հետո ոստիկանությունը չի հայտնում, արդյոք բացահայտվե՞լ է ԱՄՆ քաղաքացի Ջոշուա Հագլանդի սպանության դրդապատճառը: Այդուհանդերձ, ոստիկանությունը համարում է այն «կանխամտածված սպանություն»:

33-ամյա Հագլանդին մայիսի 17-ի երեկոյան գտել էին երևանյան իր բնակարանի բակում դանակահարված վիճակում: Նա մահացել էր ստացված վնասվածքներից շտապօգնության սպասելիս: Ամենայն հավանականությամբ, Հագլանդը Հայաստանում սպանված առաջին ամերիկացին է:

ԱՄՆ դեսպանությունը ոչ մի տեղեկություն չի տարածել Հագլանդի վերաբերյալ, որը ԱՄՆ պետքարտուղարության լեզվի ծրագրի շրջանակներում Երևան էր եկել Բրյուսովի անվան համալսարանում անգլերեն դասավանդելու համար:

Նա Մինեսոտայի նահանգից էր և պետք է հաջորդ ամիս վերադառնար ԱՄՆ:

Ոստիկանները հետաքննում են Հագլանդի անձնական կյանքի հանգամանքները, սակայն մինչ ոստիկանությունը և դեսպանությունը լռություն են պահում, քաղաքում տարածվում են ասեկոսեները: Ոմանք ասում են, թե սպանությունը «պատվիրել է» մեկը` խանդելով ինչ-որ աղջկա` Հագլանդի ցույց տված ուշադրության համար: Մյուսներն ասում են, թե դա «հանցագործություն է ատելության հողի վրա»` կատարված մեկ կամ մի քանի հոգու կողմից, որոնց դուր չեն եկել Հագլանդի անձնական կյանքի որոշակի կողմեր: Իսկ ոմանք էլ նույնիսկ ասում են, թե Հագլանդը ԿՀՎ-ի գործակալ է եղել, և սպանությունը տեղի է ունեցել Իրաք մեկնելու նախօրեին:

Ամեն դեպքում, «ԱրմենիաՆաուին» հայտնի է դարձել, որ մահացու վերքերը նման են վերքերի, որոնք հաճախ հասցվում են այսպես կոչված «զայրույթի պահին կատարված հանցագործությունների» ժամանակ: Որպես կանոն՝ դա նշանակում է, որ հարձակումն ավելի դաժան է` ենթադրելով, որ հանցագործը զայրացած է եղել կողմերի միջև տեղ գտած ինչ-որ կոնֆլիկտի պատճառով:

Այն վարկածը, թե Հագլանդը ճանաչել է իր վրա հարձակվողներին, հաստատվում է նրա բնակարանում հայտնաբերված հանցանշաններով. ոստիկանությունն այնտեղ գտել է երեք բաժակ և նոր բացված մեկ շիշ գինի: Բնակարանում եղել են նաև արյան հետքեր, ինչը հիմք է տալիս ենթադրելու, թե վիճաբանությունը կամ սկսվել է, կամ ամբողջությամբ ընթացել է Հագլանդի բնակարանում:

Մարիետտա Երանոսյանը, որն ապրում է դիմացի բնակարանում, ասում է, որ սպանության նախորդ օրը Հագլանդի բնակարանում երեկույթ է եղել: Եվ երբ նա սպանության օրն աղմուկ է լսել, կարծել է, թե դա ևս մի երեկույթ է:

Շենքի բնակիչները նաև ասում են, որ Հագլանդը (որն ազատ չէր տիրապետում հայերենին) հիմնականում շփվում էր անգլիախոսների հետ:

«Մենք լսեցինք մի քանի մարդու ձայն, բայց չէր հասկացվում` դա վեճ էր, թե խոսակցություն, քանի որ անգլերեն էին խոսում,- ասում է Երանոսյանը: - Հետո նրա դուռը բացվեց` կարծես, մարդիկ դուրս եկան»:

Երանոսյանն ասում է, որ ամուսինն այդ պահին տուն գալիս նկատել է երկու մարդու, որոնք արագ վազել են տարբեր ուղղություններով:

Երանոսյանը ենթադրում է, որ Հագլանդը, հնարավոր է, հետապնդել է իր վրա հարձակվողներին, երբ 22:30-ի մոտ վայր է ընկել շենքի բակում:

Էլմիրա Հարությունյանը` Հագլանդի հարևանուհին, ասում է, որ նա դեռ ողջ էր, երբ իրենք գտել են նրան:

«Նա փորձում էր ինչ-որ բան ասել, բայց ոչ ոք չէր հասկանում, որովհետև անգլերեն էր խոսում: Հետո մատներով կարծես «երեք» ցույց տվեց և մահացավ»,- ասում է նա:

Թեև Հագլանդին ճանաչում էին ամերիկացիների համայնքում, սակայն վերջիններս սպանության մասին հրապարակային մեկնաբանություններ չեն անում` ասելով, որ ոստիկանությունը խնդրել է դա չքննարկել ուրիշների հետ:

Ենթադրվում է, որ սպանությունից մի քանի ժամ առաջ Հագլանդը եղել է ամերիկացիների սիրած «Ուիլ քլաբ» ռեստորան-բարում, որը գտնվում է փողոցի հակառակ ծայրին:

Հայաստանում Հագլանդը շփումներ է ունեցել նաև հայ համասեռականների համայնքի հետ և, ըստ մեկ այլ վարկածի, հենց այդ պատճառով էլ դարձել է «ատելության հողի վրա կատարված հանցագործության» զոհ:

Անցյալ կիրակի Հայաստանի ամերիկյան համալսարանում Հագլանդի հիշատակին հոգեհանգիստ կատարվեց:

«Ինձ հիացնում էին նրա խելքն ու հումորի զգացումը: Մենք կիսվում էինք ամեն ինչով՝ լավ, թե վատ, - հավաքվածներին դիմելով՝ ասաց Հագլանդի ընկերներից մեկը՝ Ամելի Ուեյրը: - Ինձ զարմացնում էր այն, որ նա այս կյանքի լիիրավ մասնակիցն էր: Նա ուզում էր, որ մենք ամբողջությամբ նվիրվենք մեր արած գործին»:

Սպանության օրը Հագլանդն ավարտել էր դասախոսությունները Բրյուսովի անվան համալսարանում: Նրա ուսանողները (թեև չկամեցան նշել իրենց լրիվ անունները) բնութագրեցին նրան որպես բարի և հարգված դասախոսի:

«Մենք բոլորս ցնցված էինք, երբ իմացանք կատարվածի մասին,- ասում է երրորդ կուրսի ուսանող Սիլվան: - Մենք ավարտեցինք նրա «Խոսակցական հմտություններ» դասընթացը, հրաժեշտ տվեցինք միմյանց, իսկ մի քանի օր հետո իմացանք, որ նրան սպանել են»:

«Նա շատ հմուտ դասախոս էր,- ասում է մեկ այլ ուսանող` Արևիկը: - Նրա դասերը հետաքրքիր էին, նա շատ բարեկիրթ էր բոլորի հետ և երբեք ոչ ոքի չէր վիրավորում»:

Նրա հարազատ քաղաքի «Մինեապոլիս սթար թրիբյուն» թերթը (www.startribune.com) նշել է, որ Հագլանդը երկար ժամանակ ապրել է Ճապոնիայում, Հնդկաստանում և Պուերտո Ռիկոյում:

Հագլանդի մայրը` Մաքսին Հագլանդ-Բլոմերը, հայտնել է թերթին, որ որդուն աշխատանք էին առաջարկել Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում, ուր նա պետք է տեղափոխվեր Մինեսոտա այցելելուց հետո:

Նա հայտնել է, որ Հագլանդն ասել էր իրեն, որ կաշխատի Էմիրություններում ու կվերադառնա Նահանգներ` իր ընտանիքի մոտ ապրելու:


According to Agnes
 

  Inside
 

Defending Defense: NCI roundtable stirs debate on military matters

Full story

 
 

Built to Last: A Georgian Armenian’s house plans for eternity

Full story

 
 

A Byte with...

A few quotes from artist.

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

"Reflections"

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.