Միջազգային դրամաշնորհներով մշակված և Հայաստանում
աղքատությունը կրճատելու հավակնություն ունեցող
Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը ամենաերկարաժամկետն
ու ամենաթանկն է մինչև օրս իրականացված բոլոր ծրագրերից:
Հինգշաբթի օրը ծրագրի պաշտոնական շնորհանդեսի
ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց,
որ դրա իրականացման նորմալ ընթացքի համար պատասխանատվություն
են վերցրել երեք կոալիցիոն կուսակցությունները:
Շնորհանդեսի իր ելույթում վարչապետը նշեց նաև,
որ ծրագիրը իրատեսական է և իրագործելի՝ միաժամանակ
կարևորելով հասարակական վերահսկողության դերը. -
«Որովհետև կան գերատեսչական շահեր, կան միջգերատեսչական
շահեր, որոնք կարող են և խանգարել այդ ցուցանիշներին
հասնելուն: Դրա համար մենք շահագրռված ենք, որ գործընթացը
լինի թափանցիկ, հրապարակային, և հսկողություն լինի
հասարակության կողմից»:
Ծրագրի շրջանակներում, «բարձր տեմպերով հարատև
տնտեսական աճման ապահովման, ինչպես նաև սոցիալական
պաշտպանության արդյունավետ քաղաքականության իրականացմանն
ուղղված միջոցառումների արդյունքում», նախատեսվում
է աղքատ բնակչության թվաքանակը աստիճանական կրճատմամբ
2015 թվականին հասցնել 19,7 տոկոսի (2001 թվականին
այդ ցուցանիշը կազմել է 50,9 տոկոս):
Աղքատությունն, ըստ էության, կրճատված կարելի
է համարել այն պահից, երբ յուրաքանչյուր մարդու
հասանելի լինի գիտականորեն ընդունելի և միջազգային
չափանիշներն ու տվյալ երկրի առանձնահատկությունները
հաշվի առնող սպառողական նվազագույն զամբյուղը: Ներկայիս
գներով դրա նորմատիվային, այսինքն՝ գիտականորեն
հաշվարկված պարունակությունը կազմում է 29 հազար
դրամ (2412 կիլոկալորիա): Մինչդեռ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը այսօր լրագրողներին
ասաց, որ նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձը
դարձնել 30 հազար, իսկ նվազագույն աշխատավարձը պետք
է սահմանել 13 հազար դրամ:
Վարդան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի
հետ զրույցում անհավանական համարեց ինչպես 29 հազար
դրամը, այնպես էլ 2412 կիլոկալորիան՝ պնդելով, թե
նվազագույն սպառողական զամբյուղի էներգետիկ արժեքը
2100 կիլոկալորիան է: «Առողջապահության նախարարությունը,
ասենք, դա (2412 կիլոկալորիան) հաշվել էր իկրայով
և այլ բաներով, - ասաց նախարարը: - 2100 կիլոկալորիան
հաշվարկված է ընդունված չափանիշներով, և դրա մասին
մանրակրկիտ գրված է ծրագրում: Եթե կարդաք, այլ երկրների
առողջապահության նախարարությունների կարծիքը նույնպես
կիմանաք դրա վերաբերյալ»:
Անհասկանալի մնաց, թե ինչ կապ ունի այլ երկրների
առողջապահության նախարարությունների կարծիքը Հայաստանի
հետ, ինչպես նաև՝ ինչ կապ ունի խավիարը (իկրան)
հայաստանցիների սպառողական զամբյուղի հետ:
«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան,
նորմատիվային սպառողական զամբյուղի կազմը և կառուցվածքը
ներկայացրեց վիճակագրության ազգային խորհրդի անդամ,
տնային տնտեսությունների հետազոտման և սպառողական
զամբյուղի հաշվարկման աշխատանքները ղեկավարող Հրաչյա
Պետրոսյանը՝ հաստատելով, որ դրա արժեքը 29 հազար
դրամ է: Նրա թվարկած անհրաժեշտ մթերքների ցանկում
խավիարը բացակայում էր:
Այս կենսապահովման զամբյուղը հայաստանցիները չեն
տեսնի նաև 2015 թվականին, երբ նվազագույն աշխատավարձը
նախատեսվում է 16 հազար 588 դրամ:
|