Չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանում սկսվեցին
«Այլընտրանքային զինծառայության մասին» օրինագծի
քննարկումները: Նման օրենքի ընդունումը Եվրախորհրդին
անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների
շարքում է:
Օրինագիծը ներկայացրեց Ազգային ժողովի փոխխոսնակ
Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ): «Մենք սկսում ենք ոչ
թե կլասիկ եվրոպական այլընտրանքային ծառայությունից,
- ասաց նա, - այլ սկսում ենք «զինծառայություն առանց
զենքի» տարբերակից, որը այլընտրանքային ծառայության
ամենախիստ, Եվրոպայում միգուցե ամենաանընդունելի
ձևն է»:
Սա նշանակում է, որ այլընտրանքային զինծառայությունը
ոչ թե քաղաքացիական, այլ դարձյալ բանակային ծառայություն
է լինելու, սակայն՝ ոչ մարտական: Ուստի ծառայության
այդ երկու տեսակների համար էլ, ըստ օրինագծի, պիտի
ապահովվի ծանրաբեռնվածության նույն աստիճանը. եթե
սովորական զինծառայությունը 24 ամիս է, այլընտրանքայինը
(երբ ծառայությունը ոչ թե օրական 16, այլ 8 ժամ
է) պետք է տևի 36 կամ անգամ 42 ամիս: Բացի այդ,
այլընտրանքային ծառայության դեպքում ծառայողի կյանքը
վտանգի տակ չի դրվում:
Դեռևս ճշգրտվելիք հարցերից ամենակարևորը, թերևս,
Եվրոպայի խորհրդի պահանջները, երկրի ազգային անվտանգությունը
և մարդու իրավունքները չխախտելու պահանջները համադրելն
է: Եվրախորհդի որոշ պաշտոնյաներ, օրինակ, նախկինում
հայտարարել են, թե այլընտրանքային զինծառայությունը
պետք է զուտ քաղաքացիական բնույթ կրի:
Օրինագիծը նախատեսում է, որ զինվորական երդում
տալուց ու զենք վերցնելուց հրաժարվողները իրավունք
չեն ունենալու հետագայում աշխատելու դատական և իրավապահ
մարմիններում:
Այլընտրանքային ծառայության հնարավորությունը
օրինագծով նախատեսված է բացառապես կրոնական համոզմունքների
հիման վրա: Սրան դեմ հանդես եկավ Ազգային ժողովի
մյուս փոխխոսնակը՝ Տիգրան Թորոսյանը (ՀՀԿ), ում
խոսքերով, դա երիտասարդներին կարող է մղել դեպի
աղանդավորական կազմակերպություններ: Ուստի, Թորոսյանի
կարծիքով, այլընտրանքային զինծառայություն անցնելու
հնարավորություն պետք է ունենան բոլորը:
|