Իմ գործընկեր Ժաննա
Ալեքսանյանը թարգմանչին բերում է իմ աշխատասենյակ
և նրա օգնությամբ ասում է. - «Այլևս նման հոդված չեմ
գրելու: Չափազանց հուսահատեցնող է»:
Կարդացեք «Ու՞մ
հաշվին» հոդվածը և թերևս համաձայնեք:
Երբեմն մենք վիճում ենք՝ Ժաննան և ես: Նա լրագրողական
մի դպրոցից է, որն ասում է, որ լրագրողները պետք
է ձեռնարկեն գործողություններ: Իմ դպրոցն ասում
է, որ լրագրողները պետք է ոգեշնչեն գործողությունների:
Նա ուզում է վարչակարգեր տապալել, իսկ ես խորհուրդ
եմ տալիս նրան գրել այնպիսի հոդվածներ, որոնք կստեղծեն
նորերը:
Սակայն մի բանում մենք համամիտ ենք՝ լրագրողի
լավագույն ռեսուրսը նրա սիրտն է: Ժաննան, մեր աշխատակազմի
որոշ լրագրողների նման, գրում է սրտով:
Այս շաբաթ նրա գրած հոդվածի նման հոդվածները խոցում
են: Սակայն եթե այդ ողբերգությունն այնքան ուժեղ
է, որ հուզում է օտարներին, ինչպե՞ս են Լիդա և Ժորա
Բալագյոզյանների նման մարդիկ դիմանում այն ահավոր
բաներին, որ այս երկիրը երբեմն անում է իր ժողովրդի
հետ:
Նրանց որդին պետք է սովորեր կոնսերվատորիայում:
Դրա փոխարեն նրան զոռով տարել են Ղարաբաղի դիրքեր,
որտեղ մեկ այլ դժկամ զինակոչիկ ավտոմատի կրակոցով
սպանել է նրան: Նրանք վիճել են, թե ով պետք է լվանա
ափսեները:
Առաջին անգամ չէ, որ մենք գրում ենք այն մասին,
որ հայ զինակոչիկները սպանում են իրար: Դա այնքան
հաճախ է պատահում, որ չի կարող անտեսվել, և այնքան
հաճախ, որ երբեմն անտեսվում է: Քանակը նվազում է:
Սակայն ո՞ր թիվը կարող է ընդունելի համարվել:
Ես կարծում եմ, որ Հովհաննես Բալագյոզյանի ծնողները
և Արտյոմ Սարգսյանի ծնողները և Արթուր Մկրչյանի
ծնողները (սրանք այն զոհերն են, որոնց մասին գիտեմ
նույնիսկ ես) և, թերևս, անգամ նրանց որդիներին սպանողների
ծնողները կասեն «զրո»:
Անցյալ տարի ամբողջ հանրապետությունում գրանցվել
է 69 սպանություն, իսկ բանակում գրանցվել է 62 մահվան
դեպք: Պաշտոնական անձինք չասացին, թե նրանցից քանիսն
են սպանվել: Պաշտպանության նախարարությունը չի հայտնում
զինվորների քանակը, այնպես որ դժվար է որոշել հարաբերությունը:
Սակայն համեմատության համար նշենք, որ երբ երեք
տարի առաջ մի ամերիկացի զինվոր սպանել էր մեկ այլ
ամերիկացի զինվորի, ըստ այն ժամանակ հրապարակված
տվյալների, ԱՄՆ-ի մոտ 460 հազարանոց զինված ուժերում
տարեկան կատարվում էր միջին հաշվով 8 նման հանցագործություն:
Լիդա Բալագյոզյանի նման մայրերը սարսափելիորեն
հիմնավորված պատճառներ ունեն անհագստանալու, երբ
նրանց որդիները հասնում են զինակոչային տարիքի:
Հաջողակները փող են տալիս սպաներին կամ պաշտոնյաներին
իրենց որդիներին ծառայությունից ազատելու համար:
Նրանք հավանաբար արդարացնում են դա նրանով, որ կամ
պետք է կաշառք տան, կամ էլ վճարեն սեփական որդու
թաղման համար:
Լիդա Բալագյոզյանի արվեստագետ որդին մահացավ զինվորի
մահով՝ անմեղ, բայց ոչ հերոսական մահով: Դա մի հերթական
հանցագործություն էր: Եվս մի բանակային սպանություն,
որը կմտցվի ընդհանուր թվի մեջ, որը, բարեբախտաբար,
նվազում է: Բայց ոչ այնքան, որ ուրախությունը վերադառնա
Բալագյոզյանների տուն:
Դա ճիշտ արձագանք է, երբ լրագրողը սրտի ցավ է
զգում իր երկրի անիմաստ սիստեմատիկ հիվանդության
համար:
Ճիշտ լինի դա, թե՝ սխալ, մենք ավելի խորն ենք
ողբում Բալագյոզյանների կորուստը, որովհետև Հովհաննեսը
շնորհալի երաժիշտ էր: Դա պետք է նշանակություն չունենա:
Սակայն անտեսել, որ դա նշանակություն չունի, նշանակում
է հաշվի չառնել մարդկային բնությունը:
Ղարաբաղի մի հեռավոր անկյունում սպանված տղան
արվեստագետ էր: Նա երաժշտություն էր գրում և դաշնամուր
էր նվագում իր հայրենիքի ամենահանրահայտ կոմպոզիտորի
անունը կրող դահլիճում: Նրա սեփական ուսուցիչները
ծափահարում էին նրան, մինչ նրա մայրը՝ ամաչելով
իր ծագումից, մի կողմ քաշված նայում էր:
Հուսամ, ինչ-որ մեկը նկարահանել է նրա մենահամերգը:
|