|
1988
Ãí³Ï³Ý
|
Տասնհինգ երկար ու ձիգ տարիներ են անցել այն օրից,
երբ դեկտեմբերի 7-ը
սևով գրվեց օրացույցում, ավերակ դարձան Հայաստանի
երեք մեծ քաղաքները ու որբացան հազարավոր մանուկներ:
Սակայն կյանքը շարունակվեց: Հայ մայրերը, կորցրած
երեխաների անունները շուրթներին, հոգու անսահման
ուժով, նոր զավակներ ունեցան: Ծնվեց մի նոր սերունդ,
հետերկրաշարժյան սերունդը, որը թեև չէր տեսել սարսափելի
արհավիրքը, սակայն կրում էր նրա հետևանքները:
Գյումրիում կյանքը բաժանում են երկու հատվածների՝
երկրաշարժից առաջ և հետո: «Առաջ»-ը մտաբերում են
երանությամբ, իսկ «հետո»-ն անվերջ արցունքներ են,
և միակ բանը, որ ապրելու ուժ է տալիս, երեխաների
բերած ուրախությունն է ու գյումրեցու անսպառ հումորը:
|
2003
Ãí³Ï³Ý
|
Երկրաշարժից հետո ծնված մանուկներն արդեն դեռահասներ
են: Նրանք աչք են բացել ավերակներում, իսկ նախկին
գեղեցիկ քաղաքի մասին լսել են միայն ծնողների պատմություններից:
Այդ սերնդի մի քանի ներկայացուցիչներ «ԱրմենիաՆաուի»
խնդրանքով շարադրել են իրենց մտքերը՝ գրելով Գյումրիում
իրենց առօրյա կյանքի ու իրենց երազանքների մասին:
«Երբ ես ծնվեցի, գեղեցիկ Գյումրին՝ բազմաթիվ շենքերով
ու արվեստի օջախներով վերածվել էր հողակույտի, -
գրում է 14-ամյա Արթուր Ղուկասյանը: - Մանկությունս
անցել է Գյումրվա հիանալի այգում, որը, սակայն,
դարձել էր երկաթե դոմիկների հավաքատեղի, շրջապատող
ամեն ինչ հիշեցնում էր ավերիչ երկրաշարժը»:
|
ՙ...շրջապատող
ամեն ինչ
հիշեցնում
էր ավերիչ
երկրաշարժը՚
|
Անի Հակոբյանն իր շարադրությունը սկսել է մի ինքնատիպ
նախադասությամբ. «Ես շատ եմ սիրում իմ քաղաքը, բայց
երբ փոքր էի, չէի սիրում»: Այս մանկական անկեղծ
խոստովանությանը հետևում է բացատրությունը.
«Չէի սիրում, որովհետև, քանդված էր, խաղում էինք
այնտեղ, որտեղ ժամանակին երեխաներ էին մահացել...
Բայց, մեծանալով, հասկացա, թե ինչ մեծ ուժ է պարունակում
Գյումրին, ինչպիսի հայրենասիրությամբ ու հումորով
են օժտված գյումրեցիները»: Անին երազում է դառնալ
«աշխարհահռչակ լրագրող, որպեսզի ամբողջ աշխարհին
ասեմ, թե ինչ երկիր է Հայաստանը, և ինչ հրաշալի
քաղաք է իմ Գյումրին»:
14-ամյա Հայարփի Հովսեփյանը և նրա երկվորյակ քույր
Սիրարփին ծնվել են երկրաշարժից 5 ամիս հետո, «դոմիկ-հիվանդանոցում»,
ապրել են «դոմիկում» և սովորել են «դոմիկ-դպրոցում»:
|
ՙԿուզենայի
մեր քաղաքը
տեսնել
կանգուն՚
|
«Երբ ոտք դրեցինք մեր նոր, քարաշեն դպրոցը, կարծես
մտանք մի դրախտ, որտեղ իշխում են բարությունն ու
հոգատարությունը», գրում է Հայարփին:
Երկրաշարժից մի քանի տարի հետո ընտանիքին նոր
դժբախտություն է պատահել. Ղարաբաղում Շուշիի ճակատամարտում
զոհվել է աղջիկների հայրը:
«Մայրս չի աշխատում, հայր չունեմ, հայրիկիս գրեթե
չեմ հիշում, մենք փոքր էինք, երբ նա մեկնեց կռվի:
Դժվար է առանց հայրիկի, բայց ես հպարտ եմ, որ նա
հանուն իր ազգի ու հայրենիքի է զոհվել, - գրում
է Հայարփին, իսկ շարադրության վերջում արտահայտում
է իր բաղձալի երազանքը. - երազում եմ մեր քաղաքը
տեսնել կանգուն, ցանկանում եմ, որ ժողովրդի վիճակը
բարելավվի, ստեղծվեն աշխատատեղեր, և, ամենա-
կարևորը, որ երբեք-երբեք պատերազմ չլինի»:
|
ՙ...դրանք
նախանձելի
տարիներ
չէին՚
|
Հայարփիի քույրը նույնպես երազում է խաղաղության
մասին, սակայն ավելի մանրամասն է նկարագրում երկրաշարժին
հաջորդած տարիները՝ իր մանկության տարիները:
«Երկրաշարժի մասին հիշում են այսօր և միշտ կհիշեն:
Որքա՜ն մանուկներ մնացին առանց ծնողների: Ցուրտ,
սառնամանիք, առանց էլեկտրականության, առանց վառելիքի
ու անտուն: Ես փոքր էի, բայց իմ աչքերում դեռ կան
այդ պատկերները, հավատացե՛ք, նախանձելի տարիներ
չէին ... »:
Սիրարփիի համար կյանքն այնքան էլ հետաքրքիր չէ.
«Դպրոցից տուն, տնից դպրոց, երազում եմ սովորել
Երևանում և այնպե՜ս կուզեի լինել ԱՄՆ-ում... »:
Նրա բազմազան երազանքների շարանն ավարտվում է
այսպես. «Թող սերն ու խաղաղությունը թագավորեն աշխարհում,
որ ինձ նման անհայր ոչ ոք չմեծանա»:
13-ամյա Նոնա Ասատրյանի ծնունդն արևի շող էր խորը
սգի մեջ գտնվող նրա ընտանիքի համար:
«Երկրաշարժը խլել է իմ երկու եղբայրների կյանքը:
Մայրս ասում է, որ եթե ես չծնվեի, ինքը կխելագարվեր»,
գրում է Նոնան: Նրա խոսքերով իր ծնողները շատ մեծ
հույսեր են կապել իր եղբայրների հետ, բայց, ավա՜ղ,
այսօր ինքը միակն է, որ պետք է արդարացնի այդ հույսերը.
«Ես ամեն ինչ կանեմ, որ չհիասթափեցնեմ ծնողներիս»,
գրում է նա:
Նոնան չի ցանկանում լքել իր քաղաքը, ասում է,
որ միայն կսովորի ու կվերադառնա: «ՈՒզում եմ լավ
բժիշկ դառնալ, այստեղ այնքա՜ն կարիք կա բժիշկների:
Ես սիրում եմ իմ քաղաքը ու այստեղ եմ մնալու», գրում
է Նոնան:
|