Արդյոք բիբլիական հերոսը կփոխարինի՞ սոցիալիզմի
կնքահորը Հայաստանի մայրաքաղաքում: Կբարձրանա՞ արդյոք
Նոյը Հանրապետության հրապարակի այն պատվանդանի վրա,
որտեղ կանգնած էր Լենինը:
Միգուցե: Միգուցե և ոչ:
Այժմ, երբ ավարտվել է Հայաստանի գլխավոր հրապարակի
վերակառուցումը, կրկին քննարկումների թեմա է դարձել
այն հարցը, թե ում արձանը պետք է տեղադրվի ïñ³ÝëåáñïÇ
և Ïապի նախարարության áõ «Արմենիա»
հյուրանոցի միջև ընկած հրապարակի այդ կենտրոնական
հատվածում:
Այդ հարցին պատասխանելու համար Երևանի քաղաքապետարանը
հոկտեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարել
է առաջարկների մրցույթ, սակայն առայժմ ստացվել է
ընդամենը երկու առաջարկ:
1991 թվականին Լենինի արձանի ապամոնտաժումից հետո
նրան հարմար փոխարինող գտնելու նպատակով անցկացվել
է մի քանի մրցույթ:
Քաղաքապետարանի ճարտարապետության բաժինը տարիների
ընթացքում բազմաթիվ առաջարկներ է ստացել, սակայն
դրանցից ոչ մեկը ընդունելի չի համարվել: Ոմանք ցանկանում
են այդտեղ տեսնել Արարատ սարը Նոյյան տապանով և
մեծ ժամացույցով (հոգ չէ, որ կառավարության տան
գլխին արդեն մի ժամացույց կա): Մյուսներն առաջարկում
են տեղադրել Տիգրան Մեծի կամ բոլոր հայ թագավորների
արձանները: Ոմանք էլ առաջարկում են Հանրապետության
հրապարակ տեղափոխել Սասունցի Դավթի արձանը, որը
գտնվում է կայարանամերձ հրապարակում:
«Նախորդ մրցույթները ոչ մի արդյունք չտվեցին,
- ասում է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ
Մինասյանը, - այս անգամ բաց մրցույթ է, կփորձենք
ընտրել լավագույն առաջարկները»:
Ըստ Մինասյանի նախորդ մրցույթների առաջարկների
մեծ մասը տարօրինակ, նույնիսկ անհեթեթ էին: Այժմ
մրցույթի կանոնների համաձայն ստացվող բոլոր առաջարկները
կդրվեն հասարակական քնարկման:
Թեև այս մրցույթին ներկայացվել է ընդամենը երկու
առաջարկ, Մինասյանի հավաստմամբ եղել են մեծ թվով
հեռախոսազանգեր, և նա կարծում է, որ մասնակիցների
թիվը մոտակա օրերին կտրուկ կավելանա:
«Չգիտես ինչու, այս խնդրով մտահոգված են բոլորը,
և թվում է, թե ամեն մեկը ձգտում է այստեղ ինչ-որ
բան տեղադրել՝ պնդելով, որ իր առաջարկը լավագույնն
է, - ասում է Մինասյանը: - Սա շատ կարևոր տեղ է,
և անհեթեթ բան տեղադրելը վնաս կհասցնի հրապարակի
գեղեցիկ անսամբլին»:
|
Թամանյան
թոռն ասում
է, որ այսօր
շատ ավելի
հեշտ է արձան
կանգնեցնել,
քան ժողովրդի
համար անհրաժեշտ
շենք կառուցել
|
60-ամյա երևանցի Մաքսիմ Համբարձումյանը դեմ էր
Լենինի արձանը հանելուն, համարելով, որ այդ արձանը
ճարտարապետական գլուխգործոց էր:
«Ոչ մեկը արժանի չէ այստեղ կանգնելու, - նայելով
դատարկ տարածքին ասում է նա, - Լենինը արժանիք չուներ,
սակայն որպես արժեքավոր հուշարձան այն պետք է պահպանվեր:
Ինչու՞ քանդեցին, որ վրեժխնդիր լինեն նրանից: Եթե
այդպես է, թող իրենց սեփական արձանները տեղադրեն,
միևնույն է՝ մի օր դրանք էլ կքանդեն»:
Մասնագետների հավաստմամբ դեռ նախորդ դարի սկզբին
հրապարակը նախագծելիս ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը
այդ հատվածը ազատ էր պահել՝ գեղեցիկ տեսարան բացելով
դեպի Շահումյանի զբոսայգի և հայկական լեռնաշխարհ:
«Խորհրդային իշխանավորները հրահանգ տվեցին այդ
հատվածում տեղադրել Լենինի արձանը, և ճարտարապետները
հանճարեղ ձևով լուծեցին խնդիրը՝ չվնասելով հրապարակի
ընդհանուր դոմինանտը, - ասում է ճարտարապետների
միության նախագահը: - Իսկ այսօրվա կառավարությունը
չգիտե ինչ դնել այստեղ և խնդրի լուծումը դնում է
մեզ վրա՝ որպես մասնագետների»:
Մինասյանի հավաստմամբ ճարտարապետները կարող են
ընդունելի տարբերակ առաջարկել միայն հստակ պատվերի
դեպքում:
«Սա նաև քաղաքական տեղ է, և այստեղ Բոտերոյի կատու
կամ որևէ այլ թանկարժեք ստեղծագործություն տեղադրել
չենք կարող: Այս հարցը պետք է լուծվի կառավարության
մակարդակով», ասում է նա:
Ալեքսանդր Թամանյանի 61-ամյա թոռը՝ նույնպես Ալեքսանդր
Թամանյան, հիշում է, որ իր հայրը՝ Գևորգ Թամանյանը՝
նույնպես քաղաքի անվանի ճարտարապետներից մեկը, առաջարկում
էր այդ տարածքում պարզապես խոտ ցանել՝ ավելացնելով
հրապարակի կանաչ տարածքը:
«Պարզապես այսօր արձան տեղադրելը ավելի հեշտ է,
քան հասարակության համար պիտանի շենք կառուցելը,
որպեսզի մարդկանց ցույց տան, թե քաղաքում առաջընթաց
կա», ասում է նա:
Պատմական իրադարձությունների բերումով ավագ Թամանյանների
կանաչ երազանքը առայժմ իրականություն է դարձել,
սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղն այն
չի փոխարինվի մեկ այլ երազանքով, երբ իր տապանով
Հանրապետության հրապարակ ժամանի Նոյը՝ ողջ գերդաստանով:
|