|
Ռայա
Բաբաևան
ասում է,
որ ինքը
ո°չ ադրբեջանցի
է, ո°չ հայª
ղարաբաղցի
է
|
Երբ Ռայա Բաբաևան հայտնվում է Արցախի հանրային
հեռուստատեսության և ռադիոյի խմբագրությունում,
նրա գործընկերները խանդավառ ողջունում են նրան.
«Բարև՛, Ռայա՛ ջան, էս որտե՞ղ էիր, կարոտել ենք
քեզ»:
Այսպիսի ջերմ հարաբերությունները գործընկերների
միջև թերևս զարմանալի չթվային, եթե չլինեին Ռայայի
հետ կապված որոշ հանգամանքներ:
Ռայա Բաբաևան ադրբեջանցի է, որն ապրում է ադրբեջանցիների
և հայերի միջև ատելության առիթ դարձած Լեռնային
Ղարաբաղի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում: Չնայած
հայ-ադրբեջանական պատերազմին՝ Ռայան բավականաչափ
խիզախ գտնվեց, որ չլքի Ղարաբաղը, և այսօր վայելում
է շրջապատի հայերի սերն ու հարգանքը:
«Երբ մարդիկ հարցնում են՝ ես ինձ ադրբեջանցի եմ
համարում, թե հայ, պատասխանում եմ, որ ես ղարաբաղցի
եմ», ժպտալով ասում է նա:
57-ամյա Բաբաևայի համար հայերին և ադրբեջանցիներին
բաժանող գիծը վերացավ 1966 թվականին, երբ նա ամուսնացավ
ղարաբաղցի հայ Արարատ Գրիգորյանի հետ:
Խորհրդային տարիներին հայերի և ադրբեջանցիների
միջև ամուսնությունները սովորական և ցանկալի երևույթ
չէին, սակայն եզակի էլ չէին:
Բացի բազմաթիվ մարդկային կյանքեր խլելուց, 1990-1994
թվականների ղարաբաղյան պատերազմը անդրադարձավ նաև
խառն ամուսնությունների վրա: Որոշ ընտանիքներ մեկնեցին
Ռուսաստան կամ այլ երկրներ, որոշ ընտանիքներ էլ
բաժանվեցին. ադրբեջանցիները մեկնեցին Ադրբեջան,
իսկ հայերը՝ Հայաստան:
Բաբաևան ասում է, որ պատերազմի տարիներին ինքը
երբեք չի մտածել Ղարաբաղից հեռանալու և ամուսնուց
ու երկու երեխաներից բաժանվելու մասին: Նա պատրաստ
է եղել մնալու Ղարաբաղում մինչև հակամարտության
ավարտը և նույնիսկ պատրաստ է եղել մնալու այնքան,
մինչև իրեն արտաքսեն:
«Դրանք դժվար ժամանակներ էին ինձ համար: Ադրբեջանցիներն
ու հայերը սպանում էին իրար, և յուրաքանչյուր մահ
ինձ ցավ էր պատճառում», ասում է Բաբաևան:
Սակայն նա ասում է, որ երբեք չի վախեցել, որ իրեն
կարող են սպանել՝ իմանալով, որ ինքն ադրբեջանցի
է: Հարևանները վերաբերվում էին նրան առաջվա նման,
և ադրբեջանցի լինելու համար ոչ մեկը չի անիծել նրան:
«Մի անգամ իմ հայ ընկերուհիներից մեկը, որն ինձ
այցելության էր եկել, ասաց. «ՈՒզում եմ զենք վերցնել
ու գնալ կռվելու ադրբեջանցիների դեմ»: Ես նրան ասացի.
«Ի՛նձ սպանիր, ես էլ եմ ադրբեջանցի»: Նա նայեց ինձ,
հետո գրկեց, լաց եղավ ու ասաց. «Ինչպե՞ս կարող ես
այդպիսի բան ասել»: Ես էլ էի լաց լինում: Այդ պահին
ես առաջին անգամ զգացի պատերազմի դաժանությունը»,
վերհիշում է Բաբաևան:
Հայ ամուսինը և նրա ադրբեջանցի կինը պատրաստ էին
միասին կիսելու բոլոր դժվարությունները և երբեք
չմեղադրեցին միմյանց հայ կամ ադրբեջանցի լինելու
համար:
Սակայն պատերազմը չխնայեց նրանց ընտանիքը. Ռայայի
ամուսին Արարատը սպանվեց 1992 թվականին, երբ դուրս
էր եկել ադրբեջանցիների կրակի տակ հայտնված փողոց:
Արարատի մահից հետո Ռայան հասկացավ, որ Ղարաբաղում
իրեն պահողը միայն ամուսինը չէր:
«Ես ապրել եմ այստեղ ավելի քան 30 տարի և ուրիշ
տուն չեմ ուզում: Հայերն ընդունում են ինձ յուրայինի
նման, և ես պատճառ չունեմ ինձ մեկուսացած զգալու:
Ես շատ շնորհակալ եմ իշխանություններից և շարքային
մարդկանից, որոնք հնարավորություն տվեցին ինձ ապրելու
այստեղ այնպես, ինչպես ապրում էի նախկինում», ասում
է նա:
Ռայայի աշխատանքը Արցախի հանրային հեռուստատեսությունում
և ռադիոյում նրան հնարավորություն է տալիս չմոռանալու
իր մայրենի լեզուն: Նա «Արդարության ձայն» հաղորդաշարի
Éուրերի հաղորդավարն է: Կայանի ադրբեջաներեն
հաղորդումները հեռարձակվում են Ադրբեջանի համար
31-րդ կարճալիք հաճախականությամբ:
«Մենք այս հաղորդումը համարում ենք մշակութային
կամուրջ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Հաղորդում ենք
լուրեր Ղարաբաղի մասին, քաղաքական վերլուծություններ
և դիվանագիտական մեկնաբանություններ հակամարտության
հնարավոր կարգավորման մասին: Եթե լինում են ադրբեջանցի
գերիներ, մենք հարցազրույց ենք անցկացնում նրանց
հետ, և նրանց ծնողները կարողանում են համոզվել,
որ նրանք կենդանի են», ասում է Ռայան:
Նա հավատում է, որ հակամարտությունը կարող է արագ
ավարտվել, բայց միայն եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի
անկախությունը:
«Ես հույս ունեմ, որ մի օր ադրբեջանցիները կկարողանան
գալ Ղարաբաղ, իսկ հայերը՝ գնալ Բաքու, - ասում է
նա: - Հակամարտությունը չի կարող լիովին կարգավորվել,
մինչև մարդիկ հնարավորություն չստանան անարգել անցնելու
սահմանները»:
Ռայայի գործընկեր Լարիսա Գրիգորյանը նրան բնութագրում
է որպես նվիրված, բարի ու անկեղծ ընկերոջ:
«Ես հայրենասեր եմ և ինչ-որ առումով՝ ազգայնական,
- ասում է Լարիսան, - սակայն պատճառ չեմ տեսնում,
թե ինչու պիտի ատեմ Ռայային: Նրա մեղքը չէ, որ նրա
հայրենակիցներն այդքան թշնամաբար են տրամադրված
մեր նկատմամբ: Ես տարբերություն չեմ տեսնում նրա
և իմ հայ ընկերների միջև»:
Ինչ վերաբերում է Ռայային, ապա նա ասում է, որ
ինքը երկու աստված ունի. մեկը ադրբեջանական ընտանիքում
ծնված լինելու բերումով, իսկ մյուսը՝ 1985 թվականին
Էջմիածնում մկրտվելու բերումով:
«Երբ լողացնում եմ թոռներիս, նրանց վրա ջուր եմ
լցնում ու ձեռքովս խաչակնքում եմ նրանց գլուխները՝
ասելով՝ «աստված պահի ձեզ», ինչպես ընդունված է
Ղարաբաղում», ասում է Ռայան:
«Երբ լուրեր եմ ստանում Ադրբեջանից, սիրտս ուրախանում
է, զգացմունքներս պոռթկում են: Ես սիրում եմ իմ
ադրբեջանցի ժողովրդին ու կսիրեմ մինչև վերջին օրս:
Բայց ես սիրում եմ նաև հայ ժողովրդին, որովհետև
կյանքումս ինչ լավ բան ունեմ, հայկական է», ասում
է նա:
Ղարաբաղում ուրիշ ադրբեջանցիներ էլ են ապրում:
Նրանց մի մասը փոխել է անուն-ազգանունը, մյուսներն
ապրում են գյուղերում, և նրանց կյանքը նկատելի չէ:
Ռայան հայտնի է Ստեփանակերտում, և եթե հարցնեք անցորդներին,
արդյոք իրենք ճանաչում են որևէ ադրբեջանցու Ստեփանակերտում,
ապա շատերը կասեն. «Գտեք Ռայային, նա շատ լավ մարդ
է»:
|