Հայաստանի պառակտված և առայժմ քաղաքականապես անկարող ընդդիմադիր կուսակցությունները նորից բարձրաձայնում են իշխանափոխության մասին և համեմատում են իրենց նպատակը մոտ 16 տարի առաջ խորհրդային ռեժիմից Հայաստանի ձերբազատման հետ:
 |
Ընդդիմությունը հույս ունի, որ մարզերի բնակիչները, ինչպես անցյալ տարվա ցույցերի մասնակից այս արմավիրցիները, կօգնեն հեղափոխություն անել |
Հանրապետության մոտ 10 ընդդիմադիր կուսակցությունները հայտարարում են, որ մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի վերընտրությունը նախագահի պաշտոնում լեգիտիմ չէր: Ոմանք շշնջում են հեղափոխության մասին` իրենց հույսերը կապելով անցյալ ապրիլի 1-ին
Սահմանադրական դատարանի ընդունած որոշման հետ, որը հնարավոր է համարում վստահության հանրաքվեի անցկացումը մեկ տարվա ընթացքում:
Ի նշան բողոքի ներկա վարչակարգի դեմ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունը փետրվարի 2-ից բոյկոտ է հայտարարել Ազգային ժողովի նիստերին:
Եվ ինչպես նախընտրական քարոզարշավի ժամանակ, խորհրդարանում «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի ղեկավարած դաշինքը ռազմավարություն մշակելու նպատակով հանրահավաքներ է հրավիրում և նույնիսկ հիմնել է իր համակարգող շտաբը, որն իրենց հայտարարությամբ կգործի մինչև վերջնական իշխանափոխությունը:
Ընդդիմադիր կուսակցություններն այս շաբաթ ավելի միասնական դարձան այն բանից հետո, երբ Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունը միացավ «Արդարություն» դաշինքին:
Սակայն ինչպես և 2003 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ 16 կուսակցություններ միավորվեցին, սակայն չկարողացան համաձայնության գալ միավորումը ներկայացնող միասնական թեկնածուի հարցում, խմբակցությունը չի կարողանում մշակել իր նպատակին հասնելու միասնական ծրագիր:
«Մի մասը պնդում է, որ դեռ կարելի է փորձել Ազգային ժողովում ընդունել օրենքը և երկրում անցկացնել վստահության հանրաքվե: Մի մասը գտնում է, որ դա ռեալ չէ, - ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: - Ամենամոտ ժամկետը գործողությունների սկզբի համար դիտվում է մարտի վերջը, իսկ ամենահեռակա ժամկետը` ապրիլի 10-ից 12-ը»:
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) համամիտ է «Արդարություն» դաշինքին ժամկետի հարցում, իսկ «Ազգային միաբանությունը» գործողությունների հարմար ժամկետ է համարում մայիս ամիսը:
Ամեն դեպքում, եթե Քոչարյանի «ոչ լեգիտիմ» իշխանությունը դեռ մեկ տարվա խաղաղ կյանք ունի, ընդդիմության առաջնորդները, որոնք թերևս դեռ շարունակում են նախանձել նախագահին պաշտոնանկ արած Վրաստանի հաջողակ ընդդիմությանը, հեղափոխության կոչ են անում:
«Մնում է իշխանափոխության ընդամենը մեկ սահմանադրական հնարավորություն, որն ամրագրված է Սահմանադրության երկրորդ հոդվածում. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», - ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար Սուրեն Սուրենյանցը: - Ժողովուրդն իր այդ իրավունքին կարող է վերատիրանալ միայն հեղափոխության միջոցով, ինչպես դա տեղի ունեցավ 1988-ին»:
Սուրենյանցի հավաստմամբ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այն մարդն է, որը կարող է լինել այդ հեղափոխության առաջնորդը: Սակայն Սուրենյանցն ավելացնում է, որ առաջնորդ կարող են լինել նաև այլ մարդիկ:
«Մեր կուսակցությունը, առաջարկելով իշխանափոխության դեմոկրատական հեղափոխության մոդելը, համոզված է, որ այն լավագույնս կարող է իրագործվել Արամ Սարգսյանի առաջնորդությամբ, - ասում է Սուրենյանցը: - Սակայն «Հանրապետությունը» չի բացառում Ստեփան Դեմիրճյանի կամ Արտաշես Գեղամյանի լիդերությունը, քանի որ երկրի նախագահին ընտրությունների միջոցով որոշում է ժողովուրդը»:
Դաշինքն առայժմ լիովին չի բացահայտում իր գործողությունների ռազմավարությունը, քանի որ չի ցանկանում տեղեկացնել իշխող վարչակարգին իր մտադրությունների մասին:
Սակայն պարզ է, որ աջակցությունը գալու է մարզերից, որտեղ ընդդիմադիր հանրահավաքներն արդեն առօրյա են դարձել: Ի պատասխան վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է նախարարներին այցելել մարզեր ընդդիմադիր քարոզչության ազդեցությունը չեզոքացնելու նպատակով:
«Արդարություն» դաշինքի լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանն ասում է, որ իրենք կարևորում են այցելությունները մարզեր, որոնց ընթացքում ժողովրդին պատրաստում են իշխանափոխության: Նրա կարծիքով ելույթները կարող են լինել ապրիլի 10-ից 15-ին:
«Արդարություն» դաշինքը նախատեսում է երկու հանրահավաք անցկացնել մայրաքաղաքում, ապա դիմել ժողովրդին նախագահի նստավայրի մոտ նստացույց անելու կոչով:
«Իշխանությունը պետք է փոխել», ասում է Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն հարց է բարձրացնում նաև դրանից հետո անելիքների մասին:
«Ժողովուրդը համաձայն կլինի ոտքի կանգնել հանուն ինչ-որ գաղափարի, հանուն իշխանափոխության, եթե հստակ ներկայացվի, թե ինչ է արվում», ասում է նախկին նախագահական թեկնածուն:
Մանուկյանի կարծիքով ընդդիմությանը պակասում է միասնությունը, և այն չունի ընդգծված առաջնորդ:
«Իշխանությունը փոխելու համար պետք է միասնություն: Դաշինքում տարբեր թեկնածուներ ստացել են տարբեր տոկոսներ (նախագահական ընտրություններում), բայց ընդդիմության մեջ չկա լիդեր, ինչպիսին 88-ին «Ղարաբաղ» կոմիտեն էր, - ասում է նա: - Նրանք բոլորն ինձ համար «սև արկղեր» են, ոչ քաղաքական պայքարի ճանապարհ են անցել, ոչ վառ արտահայտված գաղափարների կրողներ են»:
Ընդդիմությունն այն կարծիքին է, որ հեղափոխության համար հիմք կհանդիսանա համատարած դժգոհությունը և վստահության ճգնաժամը: Սակայն Քոչարյանը հերքեց այդ պնդումները Երևանի պետական համալսարանում վերջերս կայացած հանդիպման ընթացքում:
«Քաղաքական ճգնաժամ կոչել մի իրավիճակ երկրում, որտեղ 13,9 տոկոս տնտեսական աճ կա, որտեղ բոլոր ցուցանիշներով ակնհայտ են բավականին հետաքրքիր զարգացումներ, նշանակում է լավ չպատկերացնել, թե ինչ է նշանակում քաղաքական ճգնաժամ», ասաց Քոչարյանը:
Շարունակելով` նախագահն անդրադարձավ իր վերընտրությունից հետո առաջին տարվա ընթացքում կատարված աշխատանքին:
«Դրանք աննախադեպ ցուցանիշներն են մեր նորագույն պատմության մեջ՝ անկախություն ձեռք բերելուց հետո, և լավագույն ցուցանիշներն են ԱՊՀ երկրների մեջ», ասաց նա:
Սակայն հաջորդ օրը նույն ուսանողների հետ հանդիպման ժամանակ Արտաշես Գեղամյանը ներկայացրեց իր հակափաստարկները. Հայաստանի բնակչությունը թերսնվածությամբ 220 երկրների մեջ զբաղեցնում է 217-րդ տեղը:
«Հարյուրավոր հիմնարկներ, սպասարկման ոլորտի ձեռնարկություններ հարկ չեն մուծում պետական բյուջե, տնտեսության 40-60 տոկոսը գտնվում է ստվերում: Նախագահն այդ ամենի մասին չասաց այն պարզ պատճառով, որ ստվերում գործող տնտեսության տերերը հենց իրենք՝ իշխանավորներն են», ասաց Գեղամյանը:
Տասն օր առաջ Քոչարյանը փոխեց գլխավոր դատախազին: Նա նաև հանդիպումներ անցկացրեց ոստիկանության ղեկավար կազմի հետ: Ոմանց կարծիքով նախագահը ցուցադրական քայլեր է նախապատրաստում:
Քոչարյանը հայտնեց լրագրողներին, որ շարունակելու է ներքին կայունության ամրապնդմանն ուղղված միջոցառումները:
«Այո, ուժեղացնում ենք այդ մարմինները, ուժեղացնում ենք բոլոր առումներով, - ասաց Քոչարյանը: - Քաղաքական դաշտում «բոմժի» հոգեբանությունը երկրի համար ուղղակի վտանգավոր է»:
Ակնկալվում է, որ հաջորդ երեքշաբթի «Արդարություն» դաշինքը հանդես կգա հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ իշխանափոխություն պահանջող հանրահավաքի:
|