ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 26, 2004




Դեպի մայր Ռուսաստան. Հայաստանի հակվածությունը դեպի Ռուսաստան ուժեղանում է, մինչ դեռ հարևաններն իրենց հայացքը դարձնում են արևմուտք

Հայաստանը նախկին խորհրդային հանրապետությունների այն փոքր ու նվազող թվից է, որոնք ամոքում և ոչ թե բորբոքում են Ռուսաստանի խոցված եսը նրա նախկին աշխարհաքաղաքական հետնաբակում: Եթե Ռուսաստանի և Հայաստանի միջև հատուկ հարաբերությունները նորություն չեն, ապա դրանց աճող ինտենսիվությունը կարևոր եզրակացությունների է հանգեցնում այս փոքր երկրի ապագայի, ինչպես նաև ուժերի հարաբերակցության մասին Կովկասում և Ռուսաստանի նախկին ազդեցության գոտու ողջ տարածքում:

Հայ-ռուսական բարեկամությունը խոր պատմական արմատներ ունի և պահպանվում է այն հանգամանքով, որ վերջին շրջանում Ռուսաստանը ստանձնել է Հայաստանի պաշտպանի դերը: Ռուսաստանը Հայաստանի պահեստային հաղթաթուղթն է վերջինիս պատմական թշնամու՝ Թուրքիայի հնարավոր ագրեսիայից: Ռուսաստանը նաև Լեռնային Ղարաբաղի վիճարկվող անկլավի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսումը զսպող գործոնն է (այդ պատերազմի ընթացքում Ռուսաստանը վճռորոշ ռազմական օգնություն ցույց տվեց Հայաստանին): Պատերազմի հետևանքով Թուրքիան և Ադրբեջանը փակեցին Հայաստանի հետ իրենց սահմանները:

Նախագահների տեսակետները համագործակցության մասին ակնհայտորեն համընկնում են

Հայաստանը գրկաբաց հյուրընկալում է մի քանի ռուսական ռազմակայանները և մի քանի հազար ռուսաստանյան զորքերը, որոնք հսկում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները: 2003 թվականի նոյեմբերի Վրաստանի քաղաքական ճգնաժամի օրերին Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին համաձայնագրեր ռազմական համագործակցության խորացման մասին, իսկ դրանից մի քանի օր անց Ռուսաստանի այն ժամանակվա արտգործնախարար Իգոր Իվանովը Հայաստանն անվանեց «Ռուսաստանի միակ դաշնակիցը հարավում»:

Իսկապես, Վրաստանը կարծես ավելի ու ավելի վճռականորեն է հեռանում ռուսական ուղեծրից, հատկապես վերջին աջարական ճգնաժամից հետո: Իսկ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, որոնք երբեք առանձնապես ջերմ չեն եղել, շարունակում են գերակայել նավթային գործոնները: Հայաստանը մեկն է այն հարաբերականորեն փոքրաթիվ նախկին խորհրդային հանրապետություններից, որտեղ ռուսական զորքերին ընդունում են ուրախությամբ, և որտեղ ռուս զինվորները հարկադրված չեն հանդուրժելու ամերիկյան զինվորների սերտ
հարևանությունը, ինչպես Վրաստանում և Ղրղզստանում:

Սակայն մյուս կողմից Ռուսաստանը սիրահոժար կերպով տիրացավ Հայաստանի տնտեսության մի շարք ռազմավարական ձեռնարկություններին:

Փաստորեն Հայաստանի ամբողջ էներգետիկական սեկտորը Ռուսաստանի վերահսկողության տակ է: Դա տեղի ունեցավ անցյալ տարի Ռուսաստանին Հայաստանի ատոմակայանի կառավարման փոխանցումից և «ունեցվածք-պարտքի-դիմաց» գործարքի շրջանակներում «Ռուսական միացյալ էներգահամակարգին» վեց հիդրոէլեկտրակայանների հանձնումից հետո: Հայաստանը ստանում է իր բնական գազը Ռուսաստանից «Հայռուսգազարդ» ընկերության միջոցով, որի արժեթղթերի 45 տոկոսը պատկանում է «Գազպրոմ»-ին: «Ռոստելեկոմը» Հայաստանի հեռախոսային ծառայության հնարավոր գնորդներից է: Ռուսաստանյան ֆինանսական հաստատությունները, հաճախ ծագումով հայ ղեկավարների միջոցով, դանդաղորեն թափանցում են Հայաստանի բանկային և ապահովագրական ոլորտները: Եվ քանի որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրական գործընկերներից է, Հայաստանի տնտեսական բարօրությունը սերտորեն առկապվում է Ռուսաստանի տնտեսությանը, ինչպես ցույց տվեց 1998 թվականի ֆինանսական ճգնաժամին հաջորդած տնտեսական ակտիվության դանդաղեցումը:

Ռուսաստանը Հայաստանի քաղաքական թատերաբեմի գորշ կարդինալն է, ի տարբերություն մյուս ԱՊՀ երկրների մեծ մասի, որտեղ այն սահմանափակ ազդեցություն ունի այդ երկրների ներքաղաքական իրավիճակի վրա: 2003 թվականի փետրվարին կայացած Հայաստանի նախագահական ընտրությունների նախօրեին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղտագնացության մեկնեց Մոսկվա՝ ստանալու նախագահ Վլադիմիր Պուտինի օրհնանքը: Որոշ վերլուծաբաններ Հայաստանի էներգետիկական օբյեկտների հանձնումը Ռուսաստանին դիտում են որպես փոխհատուցում Պուտինի աջակցության համար:

Հայաստանն իսկապես մեծապես կախյալ է ռուսաստանյան էներգառեսուրսների մատակարարման ցանկացած խափանումից՝ ոչ միտումնավոր կամ այլ բնույթի, և անում է ամեն ինչ Կրեմլի բարյացակամ վերաբերմունքը պահպանելու համար:

Սերտ կապերը Ռուսաստանի հայկական սփյուռքի զորեղ անդամների և Պուտինի միջև վերջին ժամանակներս հիմք են ծառայել ասեկոսեների համար, որ Պուտինը՝ ազատվելով վերընտրման հոգսերից, Հայաստանում Ռուսաստանի դիրքերն ամրապնդելու նպատակով կարող է ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստանի ներքաղաքական թատերաբեմում: Իսկ այդ ընթացքում Քոչարյանը կարծես փոխառում է Պուտինի ավտորիտար կառավարման որոշ մեթոդներ՝ ուժեղացնելով պետության վերահսկողությունը լրատվամիջոցների նկատմամբ, ճնշելով անհամաձայնությունը և ձեռնարկելով այլ միջոցներ լուրջ ընդդիմության
ձևավորման հնարավորությունը սահմանափակելու նպատակով:

Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել բոլորի հետ՝ առանց որևէ երկրի նախապատվություն տալու: Դա ռացիոնալ քաղաքականություն է անկայուն տարածաշրջանում թշնամաբար տրամադրված հարևաններով շրջապատված փոքր, մեկուսացված երկրի համար: Հայաստանը փորձում է օգտվել ԱՄՆ-ի, և նվազ չափով Եվրոպայի, հայկական սփյուռքի քաղաքական ազդեցությունից պետական օգնություն և աջակցություն ստանալու համար: Այն նաև փորձում է քողարկել իր ռազմական ներուժը՝ մասնակցելով ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին և առանց ավելորդ աղմուկի աջակցություն ցույց տալով ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի ծավալած պատերազմին:

ԱՄՆ-ի և Եվրամիության ուշադրությունը տարածաշրջանում կենտրոնացված է Ադրբեջանի և ընդհանրապես Կասպյան շրջանի նավթային քաղաքականության վրա: Վրաստանում վերջին փոփոխություններից հետո այս երկիրը նույնպես ձգտում է հայտնվել
Արևմուտքի` Կովկասին ցուցաբերվող սահմանափակ ուշադրության կենտրոնում: Իսկ այդ ընթացքում իր հարավային հարևան Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի փորձերը (ինչպես օրինակ՝ գազամուղի կառուցումը) արժանանում են Արևմուտքի սառը և Ռուսաստանի հակասական արձագանքներին:

Ռուսաստանում բնակվում են մոտ 1,8 միլիոն հայեր, որոնք Հայաստանի արտգործնախարարության տվյալներով տարեկան մոտ 110 միլիոն դոլար են փոխանցում Հայաստան (համարժեք է ՀՆԱ-ի 4 տոկոսին), որի բնակչությունը պաշտոնական ուռճացված տվյալներով 3,2 միլիոն է: Եվ զարմանալի չէ, որ Հայաստանում ռուսերեն խոսելը չի խարազանվում՝ ի տարբերություն նախկին խորհրդային բլոկի որևէ այլ երկրի:

Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից կայուն կերպով խորանում է՝ ավելի սերտորեն կապելով Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ, լավ լինի դա, թե՝ վատ: Եվ ԱՊՀ երկրներում իր ազդեցության շարունակվող նվազման հետ Ռուսաստանի ստանձնած դերը Հայաստանում ծառայում է որպես ժամանակին իր ունեցածի հաճելի, սակայն լիլիպուտյան հիշեցում:

Կիմ Իսկյանը Երևանում հաստատված արտահաստիքային լրագրող և վերլուծաբան է: Նա հաճախ է հանդես գալիս հետխորհրդային թեմաներով մեկնաբանություններով և վերլուծություններով: Նրա հոդվածները լույս են տեսել «Մոսքոու թայմզ» (www.themoscowtimes.com), «ՈՒոլ սթրիթ ջորնալ», «Ինթերնեշնլ հերալդ թրիբյուն» և այլ պարբերականներում: Նրա հոդվածների ժողովածուն կարելի է գտնել www.mediabistro.com/kim հասցեում:


According to Agnes
 

  Inside
 

Mother of the Motherland: Armenia's inclination to Russia strengthens while neighbors lean westward

Full story

 
 

Trouble at Home: “Month of Women” no guarantee against domestic violence

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Sex for a Song? Culture Clash?

Muslim women make their way past an Opera Square billboard that advertises "Viagra", a Russian pop trio of women whose music is less interesting than their lingerie-clad performances. Just another day in Yerevan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.