Երևանյան լճի ափամերձ տարածքով արագ քայլում են երեք կին: Նրանց մազերից կախված ջրի կաթիլները շողշողում են գարնանային արևի տակ: Չնայած դեռ մարտի սկիզբն է, նրանք ամառային հագուստներով են, որոնք գրեթե ամբողջովին թաց են:
 |
Իմ տունն իմ
քարանձավն է |
Մեծ դժվարությամբ քարշ են տալիս մի հնամաշ ճամպրուկ թաց ու գորշ շորերի պարունակությամբ:
«Լողանալուց ենք գալիս, համ էլ մի քիչ լվացք արեցինք», ասում է նրանցից տարիքովը՝ ձեռքով ցույց տալով լճի մյուս ափին
երևացող խողովակը, որից ջուր է դուրս ցայտում:
Քայլերն ուղղում են հոսանքով վեր՝ դեպի նախապատմական ժամանակներից պահպանված քարանձավների շարքը:
18 ընտանիքներ են ապաստանում այդ քարանձավներում, և նրանց թվում են 50-ամյա Ռոզա Սարգսյանը և նրա երկու աղջիկները:
«Համեցեք ներս, մենք հյուրեր հաճախ ենք ունենում», սրտաբաց տանտիրուհու նման հրավիրում է Ռոզան իրենց կացարանը:
Խոսակցության ձայներից մուտքը փակող վարագույր-դռնից գլուխը դուրս է հանում մի տղամարդ. Ռոզայի ամուսինն է՝ Ռաֆիկ Կարապետյանը:
Ռաֆիկը նույնպես 50 տարեկան է, նրա հագուստը մաշված է մյուսների հագուստի նման: Նա սառը, դատարկ հայացքով նայում է, թե ինչպես է Ռոզան շորերը հատ-հատ հանում ճամպրուկից, թափ տալիս և ուղղելով փռում երկաթյա ձողերին չորանալու: Շրջապատը լցվում է օճառի տհաճ բուրմունքով:
 |
Ձկնորսուհի Էլինան |
«Էս կյանքում այլևս ոչ մի բանի չեմ հավատում, անգամ իմ աստծուն: Տեսեք ինչ դաժան կյանքով ենք ապրում», ասում է ընտանիքի մայրը:
Մեկ տարի առաջ նրանք դեռ բնակարան ունեին Նորքի երկրորդ զանգվածում: Սակայն ավտովթարում նրանց որդին լուրջ վնասվածքներ է ստանում, իսկ նրա կինը և երկու երեխաները զոհվում են: Վաճառում են բնակարանը որդու բուժման համար, սակայն նա նույնպես մահանում է:
Մի որոշ ժամանակ ամիսը 10000 դրամով տուն են վարձում կինո-«Ռոսիայի» մոտ:
Երեք ամիս անց Ռաֆիկին աշխատանք են առաջարկում Ղարաբաղում: Ընտանիքով գնում են, բայց չեն կարողանում հարմարվել այնտեղի պայմաններին: Հետ են վերադառնում ու բնակություն հաստատում բաց երկնքի տակ:
«Այս տեղի մասին գիտեր փեսաս, - ասում է Ռոզան: - Նա այս թաղերում է մեծացել և հաճախ եկել է ձուկ բռնելու: Մենք էլ որոշեցինք այստեղ ապրել»:
Ներս մտնելու համար հարկավոր է վեր մագլցել քարե աստիճաններով: Կացարանի մի անկյունից դուրս է գալիս վառարանի ծխնելույզը: Քարանձավի ներսի պատերը ձմռանը ծխից պատվել են մրով:
«Բախտներս բերեց, որ ձմեռը տաք էր: Փողոցներից հավաքում էինք փայտի կտորներ, կապրոնի շշեր ու դրանով յոլա գնում: Հաճախ կրակը ուղղակի դրսում էինք վառում», ասում է Ռաֆիկը:
Մինչ ծնողները պատմում են իրենց ապրուստից, աղջիկներն աղմուկով ձուկ են բռնում: 24-ամյա Իդան, որն ընդամենը մեկ ամիս առաջ է կորցրել հղիության յոթերորդ ամսում գտնվող երեխային, նետվում է սառը ջուրն ու ձկներ բռնում քարերի տակից:
«Այս լճից ինչ ասես չեմ հանել՝ ավտոմատ, մին: Բայց այստեղ լողանալը վտանգավոր է, ոտքով գնում նաբերեժնիում ենք լողանում», ասում է Իդան:
Քույրը՝ 22-ամյա Էլինան, ձկներին մեծից փոքր տեսակավորում է «Ապարան» խմելու ջրի տարաներում:
 |
Մեծ ձկներին ուտում են, փոքրերին՝ կերակրում |
«Մեծերին ուտում ենք միանգամից, փոքրերին մի քիչ մեծացնում` նոր», ասում է նա:
Նրանց հիմնական սնունդը ձուկն է, որը նրանց բնակավայրի առավելությունն է:
Ռոզան ասում է, որ լինում է օրերով սոված են մնում, բայց մեկ էլ պատահում են ձկնորսեր են գալիս կամ շրջակա բնակավայրերից երեխաներ և ուտելու բան բերում:
Կողքի քարանձավները դատարկ են, չնայած պարզորոշ երևում է, որ բնակիչ են ունեցել: Ռաֆիկն ասում է, որ շատերը գնացել են ուրիշ տեղ: Մյուսներն էլ
սովորաբար մի տաս օրով գնում են, հետո նորից հետ գալիս:
«Բայց մեկ է, ոչ մեկի հետ հարևանություն չենք անում, ապրում ենք մենք մեզ համար», հպարտանում է Ռոզան:
Քարանձավի մի անկյունում ռադիո կա, որով հաղորդակցվում են արտաքին աշխարհի հետ: Իշխանությունների մասին չարացած արտահայտություններով են խոսում:
Մոր և աղջիկների ձեռքերի եղունգները լաքապատած են, մազերը` ներկած: Մայրն ասում է, որ աղջիկներին ոչնչից հետ չի պահում ու նաև փող է տալիս իրենց հետաքրքրությունների վրա ծախսելու համար:
Երկու ամիս է, ինչ ծանոթներից մեկը Ռաֆիկին դասավորել է աղբատար մեքենայի վրա աշխատելու: Մեկ ամսվա համար ստացել է 45000 դրամ աշխատավարձ: Բայց ձախորդությունն ասես հետապնդում է նրանց:
Կինը գանգատվելով ասում է. «Իրա հոր արևին հազիվ գնաց աշխատեց, էն էլ «կռանը» տվել է մատները ջարդել: Բայց վաղվանից նորից պիտի գնա, ուրիշ ճար չունենք»:
Ռաֆիկն աշխատանքի է գնում առավոտյան 5-6-ին, վերադառնում է երեկոյան 8-9-ին: Նրան սպասում են անհամբերությամբ, որովհետև գիտեն, որ հետը ուտելու մի բան կբերի:
Զրույցի ընթացքում հանկած հիշում են իրենց երրորդ աղջկա՝ Անժելայի մասին, որն ամուսնացել է փետրվարին: Իրականում նրան փախցրել են:
 |
Ռաֆիկը («կռանի» տակ մնացած ձեռքով) և Ռոզան |
«Աղջկաս, ճիշտ ա, փախցրին, բայց հետո խնամականչ արեցինք` հենց այստեղ, Տրնդեզի օրը: Գետնի վրա շորեր փռեցինք ու գցեցինք սեղանները: Մի քանի ոսկի ատամ ունեի, վաճառեցի, որպեսզի կարողանայինք մարդավարի հյուրասիրել: Աղջկաս չթողեցի ամաչեր», պատմում է Ռոզան:
Ցույց են տալիս խարույկի տեղը, որի վրայով այդ օրը ցատկել են բոլորը: Ասում են, որ իրենք ոչ մեկից չեն ամաչում, իրենց տունն էլ սա է:
«Խի՞ ենք ամաչում, ով որ մեզ վրա ծիծաղի, թող ինքը մեր օրն ընկնի», ասում է Ռոզան:
Ամուսինները տարիներ շարունակ աշխատել են Երևանի էլեկտրալամպերի գործարանում: Սակայն այսօր Ռաֆիկից բացի ոչ մեկը չի մտածում որևէ աշխատանք գտնելու մասին: Նրանց չի հուզում անգամ բաց երկնքի տակ ապրելու խնդիրը: Իսկ Ռոզան մտածում է, որ եթե աղջիկը նորից հղիանա, գուցե մարդիկ խղճահարվեն ու մի փոքր բնակարան տան: Նրա կարծիքով պետությունը պարտավոր է հոգ տանել իրենց նմանների մասին:
Հեռվում մեքենա է կանգնում: Բոլորը հառում են հայացքները մեքենային: ՈՒզում են տեսնել, թե ովքեր են:
«Կարող ա Կարմիր խաչից են, ասել են, որ մեզ օգնություն են բերելու», ասում է Ռոզան:
Իդան խորտակում է մոր երազները` ասելով, որ պատահական մարդիկ են:
Աղջիկները ճարպկորեն ներս ու դուրս են անում քարանձավում ու ցույց են տալիս, թե ով որտեղ է քնում:
«Մեր ճաշասենյակն էլ է, ննջարան էլ, խոհանոցն էլ, ամեն ինչը: Բայց դոշակ, վերմակ, բարձ, նման բաներ չունենք», բացատրում է Էլինան:
Իդան ասում է, որ ամուսնու հետ, որը հիմա չգիտե, թե որտեղ է, վառարանի կողքին էին քնում: Իսկ եթե պետք էր լինում, որ մենակ մնան, ծնողներն ու քույրը գնում էին զբոսնելու. ամբողջ լճափը նրանց տրամադրության տակ է:
Ռոզան ասում է, որ իրենց հաճախ են նկարահանում տարբեր հեռուստաընկերություններ: Հետո ցույց են տալիս հեռուստատեությամբ, մարդիկ էլ, իմանալով իրենց տեղը, գալիս են տեսնելու «քարանձավի բնակիչներին», և այն էլ ոչ դատարկ ձեռքով:
«Առավոտյան ձուկ ենք կերել, երեկոյան` խեցգետին: Աստված մեծ է, հասնում է, չի թողնում սովամահ լինենք», ասում է նա, թեև չի հավատում աստծուն:
Հյուրերին ճանապարհում են առանց դուռը բացելու և փակելու, պարզապես ձեռքով են անում ու ասում. «Էլի եկեք, մեր դռները միշտ բաց են»: |