ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 26, 2004




Իրականության վերաիմաստավորում. կնոջ արվեստը տղամարդկանց երկրում


Նկարիչը կտավին փակցրել է արևմտյան ամսագրից մի գովազդային լուսանկար` սափոր, բաժակ և կտրտած կիտրոն։ Իններորդ հարկի նրա բնակարանում ցուրտ է, ձեղնահարկում` արվեստանոցում, ավելի ցուրտ է։ Ցուրտը նաև լուսանկարի սառած գույներում է, որ Կարինեն նույնությամբ վերարտադրում է կտավին` միայն մի քանի անգամ մեծ չափերով։

Հիպերռեալիստը

Կարինե Մացակյանը մի
նկարիչ է, որը հեշտությամբ
չի հարմարվում շրջապատի
պայմանականու-թյուններին:Նա խրվել-մնացել է
մշակութային
ավանդույթների և ազատ
մտածելակերպի միջև,
ընդունված ստանդարտների
և սահմաններն ընդլայնելու
անհրաժեշտության միջև:

Կարինեն ֆեմինիստական գաղափարախոսության կրող է, սակայն այդ դավանանքը նոր չի ընդունել: Նա հոսանքին հակառակ շարժվելու վետերան է:

25 տարի առաջ Մացակյանն իր արվեստով հակադրվում էր խորհրդային գեղանկարչությանը, ընդհանրապես խորհրդային իշխանությանն ու հասարակական բարքերին։

«Երբ ես նոր էի ընդունվել գեղարվեստի ինստիտուտ ու նոր էի սկսում տեսնել, թե ինչ են նկարում հայ նկարիչները, ինձ թվաց, թե մի ամբողջ բանակ լիրիկական, հովվերգական թեմաներով է զբաղված, ոչ մեկը հետաքրքրված չէր հոգեբանական, սեքսուալ պրոբլեմներով, չէին տեսնում, որ մեկը կյանքում կարող է դժվարություններ ունենալ, էնքան զտված ու ապահովված էին նկարները», ասում է նա։

Ժամանակի իդեալներն էին քարոզվում կտավներից` աշխատանք, ընտանիք։ Ամենաճանաչված ու սիրված նկարիչը Մինասն էր, որի թեմաները չէին տարբերվում մյուսներից` ընտանիք և մայր, որը սրբացվում էր։ Արևմտյան նկարիչներից ամենաշատ ուշադրություն էր դարձվում Արշիլ Գորկու տխուր աչքերով մոր նկարին:

«Գեղարվեստի ինստիտուտում ստիպում էին նկարել կարաս, սխտոր, բիբար, - ասում է նա: - Աշակերտներին հարմար էր, նրանք չէին փնտրում այլ ֆիգուրներ, հեշտ էր, երբ նկարում էին այն, ինչ իրենց թելադրում էին»։

«Չէի հասկանում, ինչպես կարելի էր կճուճ նկարելով ինքնաարտահայտվել, ու ինչպես էր, որ բոլորը նույն ձևով են ինքնաարտահայտվում։ Անհատականություն գոյություն չուներ»։

Սակայն նրա ընտանքիում անհատականությունը խրախուսվում էր:

«Ես հասկացել էի, որ դա նաև իմ հորից էր գալիս, որ ընտանիքը սուրբ պարտականություն չէ, այլ սեր, և երբ այն վերանում է, ընտանիքը քանդվում է, - ասում է 45-ամյա Մացակյանը: - Իսկ մեր իրականության մեջ ընտանիքը մարդու միակ նպատակն է. մարդ ծնվում է, մեծանում, որ ընտանիք կազմի ու նվիրվի երեխաներին։ Ընտանիքի պաշտամունքը ոչնչացնում է անհատականությունը։ Իսկ հայրս ինձ ու քրոջս ասում էր` չամուսնանաք, կյանքում դա չի գլխավորը»։

Հոր ոչ ավանդական մտածելակերպը իր ազդեցությունը թողեց երիտասարդ արվեստագետի վրա, որը ձգտում էր այլին:

Սակայն «մյուս կողմից հասարակության պարտադրած կանոնները ինձ վրա ազդում էին, ու ես հորս մեղադրում էի` ինչու՞ ինքը այնպիսին չի, ինչպես մյուսները` ուժեղ տղամարդ, փող աշխատող, ընտանիքի մասին հոգ տանող»։

Այդ կոնֆլիկտից և ինքնուրույն մտածելու ազատությունից ստեղծվում է մի նոր ոճ: Իր հիպերռեալիստական նկաչությամբ Մացակյանն արտահայտում է իր հակամշակութային տեսակետը, որն այսօր էլ ներկա է նրա նոր ժանրերում` վիդեո ինստալյացիաներում և փերֆորմանսներում:

Արվեստագետն այսպես է նկարագրում իր աշխատանքը.

«Իմը առանց լուսանկարչի ապարատն է, որ ընտրություն չի անում` պատահական չրխկացնում է՝ չեզոք, ու չընտրվածը դառնում է կտավ, ինչպես ես` չընտրված, գոյություն չունեցող, միտք չունեցող»։

Նա սկսեց լուսանկարներ վերարտադրող գործեր նկարել և 1985 թվին առաջին անգամ կտավ ներկայացրեց Նկարիչների միություն:

«Կարծում էին ֆոտո եմ բերել, - վերհիշում է նկարչուհին, - պատից կախած կտավը եղունգով մեկը ուզում էր պոկել, չէր ստացվում, չէր հասկանում, որ յուղաներկ է, ֆոտո չի։ Էդ արվեստից տեղյակ չէին, չէին համարում արվեստ, եթե ֆոտոյից է, ուրեմն պիտի ձևափոխվի, վերաբերմունք դրվի, ինչպես կարելի է ֆոտոն նույնությամբ արտանկարել»։

Նկարչուհին՝ դերասան

Նկարչուհին ինքը շրջապատի պատճենը չէր, սակայն գտավ ուրիշներին, որոնք չէին ընդունում կոնֆորմիստական գաղափարներն ու ընդհանուր գեղագիտական կոնցեպցիաները, որոնք կարդում էին արգելված գրականություն և ուսումնասիրում էին ոչ խորհրդային փիլիսոփայությունը:

Պարզելով, ոի ինքը միայնակ և օտարված չէ` Մացակյանը աստիճանաբար սկսում է հարել այլ արտահայտչամիջոցների ու փորձել իրեն պոպ-արտի բնագավառում:

Վերակառուցման տարիներին կազմակերպվեց «Պլյուս/մինուս» անվանումով մի ցուցահանդես, որտեղ ներկայացված էին նախկինում չընդունված գործեր: Կարինե Մացակյանը ցուցահանդեսի միակ կին մասնակիցն էր:

Զարգացում ապրելով` նրա ստեղծագործությունը սկսեց արտացոլել այն տարիների մշակութային հակասությունները, երբ ձևավորվել էր նրա աշխարհայացքը, մասնավորապես` Հայաստանում կանանց դերի վերաբերյալ նրա պատկերացումները:

«Ի՞նչ է կինը մեր հասարակությունում, - հարցնում է նա, - կամ սուրբ մայր, կամ սեքսուալ օբյեկտ, իսկ եթե ուզում ես, որ քեզ ընդունեն, ուրեմն պիտի իսկական անհատականություն դառնաս` պոպ-աստղ։ Ու սկսեցի նկարել պոպ-աստղեր, կամ կին, որ օճառի գովազդ է անում, որտեղ գեղեցիկ կինը միջոց է գլխավորը` օճառը, ներկայացնելու համար»։

Երես թեքելով այն շրջապատից, որին հակադրվել էր` Կարինեն ոգեշնչման համար դառնում է դեպի Արևմուտք, դեպի այնպիսի արվեստագետների, ինչպիսին էր Էնդի ՈՒորհոլը:

«Ինչ սիրել եմ, այն եմ նկարել: Սիրել եմ ամերիկյան մշակույթը, - ասում է նկարչուհին։ - Երբեք չեմ մտածել, թե կասեն` սրանից եմ ազդված։ Ես չէի կարող սովետական խորհրդանիշներ ընտրել, դրանցից զզվում էի, որ նկարեի, կդառնայի նույն սոցռեալիստը»։

1997 թվին Կարինեն Երևանում բացում է իր անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացնում է սեփական սուպերմարկետը` հսկայական 3 մետրանոց ուսապարկ, դագաղի մեծությամբ մարզակոշիկ, հսկայական
ձևախեղված մարտկոցներ. դա Հայաստան ներխուժող սպառողական ոգու նրա մեկնաբանությունն էր։

Այս ցուցահանդեսը նրա հրաժեշտն էր մի արվեստի, որն ավելի շատ հիացմունք էր արվեստով, քան ինքնաբացահայտում:

«Չէի համարում, որ ինքնուրույն ինչ-որ բան ստեղծել եմ, - ասում է նկարչուհին: - Դա սիրո խոստովանություն էր արվեստին: Ռոմանտիզմին հաջորդեց ցինիզմը, աշխարհին հումորով վերաբերվելը, որից հետո գալիս է մի շրջան, երբ պիտի չվախենաս ասել այն, ինչ ձեռք ես բերել»։

Ո՞վ է սուպերմարկետի սպառողը։ Լուսանկարային շարքում Կարինեն գտնում է նրան մսի խանութում կախված «դիակների» հետևում, հայելու մեջ` ինքն է, ու խաղալիք ատրճանակից գնդակահարում է ինքն իրեն։ Նույնանում են սպառողն ու ապրանքը, որ պատից կախված դիակներն են։

Իր փերֆորմանսներում ու ցուցահանդեսներում Կարինեն ներկայացնում է կնոջ դատապարտվածությունը: Օրինակ` նա օգտագործում է տղամարդու վերնաշապիկները որպես էկրան, որի ֆոնին տեսաֆիլմում այդ նույն վերնաշապիկները հերթով հագնում-հանում է համարձակորեն մերկացված կրծքերին։ Հագուստը խորհրդանշում է տղամարդկանց ցանկությունը և դրան հարմարվելու կնոջ պատրաստակամությունը:

Անցյալ տարի Բեռլինում ցուցադրված այս ինստալյացիան տարբեր մեկնաբանությունների արժանացավ: «Դի Թագեսցայտունգ» թերթը գրեց, որ նրա աշխատանքը ցույց է տալիս, թե ինչպես է կնոջ մերկ մաշկի հմայքը ընդգծվում տղամարդկային հատկանիշների միջոցով:

Իսկ «Բոննի ռունդշաուն» գրեց, որ «նա ուզում է ուշադրություն հրավիրել ընտանիքի պառակտման և աճող պոռնկության վրա»:

Մեկ ուրիշ փերֆորմանսում Կարինեն՝ սպիտակ հագուստով ու սպիտակեցրած դեմքով, կարի մեքենա է աշխատեցնում ու արտադրում սպիտակ կրծքեր, ոտքեր, որոնք կախվում են շուրջը` պարանից. կինը հյուսում է իր սարդոստայնը իր մարմնից։ Իսկ վերջում մտնում է սպիտակ կտորից կնոջ մարմնի մեջ` մոր փորը, որից դուրս են գալիս պենոպլաստե կտորները, պտղաջրերը։ Դա խորհրդանշում է հետընթացը և այն, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանը չվերածեց նկարչի երազած երկրին։

«Սա չէր մեր երազածը, մաֆիոզ կապիտալիզմ, ուր ժողովուրդը ամենակարգապահն է, իշխանությունը` ամենահանցագործը, - ասում է Մացակյանը: - Հեռուստացույցով անընդհատ ինչ-որ երկերեսանի պոպ-աստղեր, հաստավիզ գործարարներ են ելույթ ունենում, որոնք քծնում են իշխանություններին։ Կառավարության անդամները ստրուկներ են, որոնց մտքին միայն փող աշխատելն է ու իրենց ցեղն ապահովելը։ Հանուն ցեղի նրանք ամեն ինչի վրայով կանցնեն, նայում են քեզ ու կարծես ասեն` քեզ կոչնչացնենք»։

«Կարինեն Հայաստանում առաջինն էր, որ կնոջ արվեստ ներկայացրեց ու կանացի խնդիրներ առաջադրեց, - ասում է արվեստաբան Նազարեթ Կարոյանը: - 60-ականների ազատականացման տարիներին հայտնվեցին կին նորարարներ, սակայն նրանք ստեղծագործում էին տղամարդկային ստրատեգիայի մեջ։ Ինչպես կնոջ արվեստին բնորոշ է, Կարինեն խորությունը գցում է մի կողմ, նրան մակերեսն է հետաքրքրում` մաշկը, կեղևը, փայլփլող հագուստը, որ անընդհատ փոխում է։

Խառնեք տարբեր արտահայտչամիջոցները և…

«Նրա պոպ-արտիստական գործերը շատերը կապում են ամերիկյան ազդեցության հետ։ Բայց մի կողմից դա նրա հետաքրքրությունն է մակերեսների նկատմամբ, մյուս կողմից` նրա հակադրությունը աշխարհին։ Նրան հետքրքրում են զգեստները, փայլփլող մեքենաները, դեմքերը, որոնք հնարավոր է փաղաքշել: Նրա համար կարևոր է այնպես քսել գույնը, որ թվա թե ձեռք չի դիպչել` ինչպես բնությունը ինքնաստեղծ։ Մյուս կողմից դա ըմբոստացումն է հասարակության դեմ. սա՞ էր ձեր ուզածը, գեղեցիկ կանա՞յք, փայլփլուն մեքենանե՞ր: Ինքը մատուցում է, ծառայում է հասարակության պահանջին, իր եսին տեղ չթողնելով ու շեշտում իր օտարվածությունը աշխարհից։ Առավել մեծ ըմբոստացումը առավել մեծ ծառայության մեջ է»։

Կարինե Մացակյանի գործերը ցուցադրվել են արտասահմանյան 6 ցուցահանդեսներում, մասնավորապես Վենետիկի բիենալեում։ Ներկայումս հրավիրված է Զալցբուրգ` ժամանակակից արվեստի ցուցահանդեսին մասնակցելու։

Սակայն արտասահմանյան ուղևորությունները չեն ոգևորում նրան:

«Այնտեղ դու հետամնաց երկրի ֆեմինիստ արվեստագետ ես, - ասում է Կարինեն, - արվեստում կարիերան քեզ համար չի, նրանց համար է։ ՈՒզում ես, որ քո ստեղծագործությունները էստեղ արձագանք գտնեն։ Բայց հայրենիքում, որտեղ կերտվել է քո անհատականությունը, ոչ մեկին պետք չես։ Միակ բանը, որ կարող ես անել, որպեսզի արվեստը ինչ-որ ազդեցություն ունենա, դառնում է ինքնասպանությունը։ Նրան, ինչին դեմ էի, փոխարինեց ավելի անտանելին. սովետական արժեքների փոխարեն եկավ ցեղային ֆեոդալական կառույցը։ ՈՒ եթե դու որևէ ցեղին չես պատկանում, կոչնչացվես»։

ՈՒ՞ր փախչել իրականությունից: Եվրոպայում էմիգրանտը կարող է ապահովել իր գոյությունը միայն սևագործ աշխատանքով։ Գոնե արտասահմանյան ցուցահանդեսներից ու վաճառվող կտավներից այստեղ ապահովում է իր և մոր առօրյա կարիքները։

Ամուսնությու՞ն: Մի ժամանակ նկարչուհին դա համարում էր անարդարության կայան կնոջ համար: Սակայն վերջերս նա սկսում է նայել դրան որպես ապաստանի:

Իսկ մինչ այդ կարտանկարի լուսանկարը` ցուրտ եղանակին, ցուրտ գույներով։

(Սեղմեք այստեղ Կարինե Մացակյանի աշխատանքները տեսնելու համար)


According to Agnes
 

  Inside
 

Mother of the Motherland: Armenia's inclination to Russia strengthens while neighbors lean westward

Full story

 
 

Trouble at Home: “Month of Women” no guarantee against domestic violence

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Sex for a Song? Culture Clash?

Muslim women make their way past an Opera Square billboard that advertises "Viagra", a Russian pop trio of women whose music is less interesting than their lingerie-clad performances. Just another day in Yerevan.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.