ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 04, 2004




Ի պատասխան դատավճռին. ապրիլի 13-ի գործով կայացված դատավճիռը զայրույթ և հակազդեցություն է առաջ բերում

Ոստիկանին պլաստիկե շշով հարվածելու մեջ ամբաստանվող երիտասարդին ազատազրկման դատապարտելու վճիռն առաջ բերեց իրավապաշտպան կազմակերպությունների հակազդեցությունը: Ձերբակալվեցին դատապարտվածին ազատ արձակելու կոչով թռուցիկներ փակցնող երկու ակտիվիստներ և, նույնիսկ, որոշ անձինք գրավոր խոստովանեցին, որ իրենք էլ են «Ջերմուկի» շշով խփել ոստիկանին:

Դատարանի շենքի մոտ հավաքված բողոքավորները ներկայացել էին խորհրդանշական «Ջերմուկի» շշերով.

Անցյալ ամիս դատարանը 24-ամյա Էդգար Առաքելյանին 18 ամսվա ազատազրկման դատապարտեց «Ջերմուկի» պլաստիկե շշով ոստիկանին հարվածելու համար, երբ ոստիկանությունը ցրում էր քաղաքական ցույցը ապրիլի 13-ի գիշերը:

Առաքելյանն իրեն մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում (որի համար դատախազը նախապես պահանջում էր երկուս ու կես տարի), սակայն նշել է, որ ոստիկանին հարվածել է միայն այն բանից հետո, երբ ցույցը ցրող ոստիկաններն իրեն խփել են մահակով և փշրել առջևի ատամները։

Ի նշան բողոքի Առաքելյանի դատավճռի դեմ՝ 25-ամյա Հարություն Ալավերդյանը և 24-ամյա Հակոբ Հակոբյանը մայիսի 30-ին, գիշերվա ժամը 2-ի մոտ, Մաշտոցի պողոտայում պատերին փակցրել են թռուցիկներ «Ազատություն Էդգարին» մակագրությամբ։

Երիտասարդներին ձերբակալել են և ամբողջ գիշեր պահել ոստիկանությունում։ Իսկ հաջորդ օրը նրանց մեղադրանք է ներկայացվել ոստիկանության աշխատակցի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու և «զազրախոսության» հոդվածներով:

Երիտասարդները, որոնցից մեկը բժիշկ է, մյուսը՝ ուսանող, ասում են, որ անհանգստացել են, երբ ոստիկանները մոտեցել են իրենց, և առաջարկել են պոկել թռուցիկները: Բայց նրանց տարել են ոստիկանական բաժանմունք:

«Վերջին թռուցիկն էինք փակցնում, երբ մոտեցան երկու ոստիկաններ և հարցրեցին, թե ինչու ենք փակցնում,- պատմում է Ալավերդյանը: - Ես առաջարկեցի՝ եթե հակասում է օրենքին, պոկեմ: Մեզ մոտեցավ երրորդ ոստիկանը, որն արդեն պոկել էր թռուցիկը։ Պահանջեցին գնալ ոստիկանական բաժանմունք: Հարցրեցի՝ ի՞նչ մեղադրանքով, ասացին՝ գնանք, էնտեղ կիմանաք»։

Ըստ տղաների, իրենց ասել են, որ փաստաբան չվարձեն, քանի որ ոստիկանությունը, միևնույն է, պիտի նշանակի, իսկ դա շատ թանկ կնստի, և իրենք ստորագրությամբ հրաժարվել են փաստաբանից։

Առավոտյան ոստիկանություն են եկել Հելսինկյան կոմիտեի նախագահն ու փաստաբանը, որից հետո նրանց ստորագրությամբ ազատել են, որ հաջորդ օրը ներկայանան։

Դատարանի դահլիճում, որտեղ նիստն սկսվելուց երեք ժամ առաջ արդեն նստելու տեղ չկար, դատապաշտպան Արգիշտի Կիվիրյանը (որն անվճար էր վարում գործը) հայտարարեց, որ երիտասարդներն օգտվել են խոսքի ազատության իրենց իրավունքից: Նա հարցրեց ոստիկան Կարապետ Բարսեղյանին, թե ինչու են երիտասարդներին մեղադրանք ներկայացրել:

Զանցառուներն ասում են, որ իրենք առաջարկել են պոկել թռուցիկները .

Փաստաբանը հիշեցրեց, որ, ըստ Սահմանադրության, անձն իրավունք ունի ազատ տարածել իր տեսակետները, և հարցրեց, թե որքանո՞վ է օրինական փակցվածը պոկելու ոստիկանի պահանջը։ Բարսեղյանը երկար լռեց ու այդպես էլ չպատասխանեց հարցին։ Նրան փրկեց դատավոր Սարիբեկ Արամյանը՝ հանելով հարցը և ասելով, որ թռուցիկ փակցնելը անօրինական չէ և, հետևաբար, զանցանք չէ։ Փաստաբանը միջնորդեց կարճել գործը, քանի որ ոստիկանության գործողությունները հիմնավորված չեն եղել:

Դատավորը համաձայնեց, սակայն որոշում կայացրեց. «Զանցառուները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին»՝ նշանակելով 1500 դրամ տուգանք Ալավերդյանին (նա է թռուցիկները տպագրել) և 1000 դրամ՝ Հակոբյանին։

Դատարանի առջև ցույց էր կազմակերպվել՝ «Ո՛չ ոստիկանական պետությանը», «Չվախե՛ք», «Ո՛չ պետական ահաբեկչությանը» պաստառներով: Ոմանք ներկայացել էին «Ջերմուկի» շշերով:

Իրավապաշտպաններն ասում են, որ երկու երիտասարդների ձերբակալությունը ոստիկանների կողմից իշխանության չարաշահման օրինակ է և վկայում է քաղաքական ընդդիմության քննադատությունը լռեցնելու իշխանությունների փորձերի մասին:

«Դատավարության բոլոր կողմերին և ոստիկանության աշխատակիցներին ու դատավորին պարզ դարձավ, որ տղաները որևէ հանցանք չեն գործել,- ասում է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: - Սակայն դատարանը երբեք չէր կարճի գործը, քանի որ դա կնշանակեր, որ ոստիկանները սխալ են թույլ տվել, իսկ դա կկաշկանդեր քաղաքական հետապնդումներ իրականացնելու ոստիկանության գործողությունները»:
Իշխանյանի հավաստմամբ՝ այն փաստը, որ դատարանը նշանակեց թեկուզև խորհրդանշական տուգանք (մի հանցանքի համար, որը, դատարանի իսկ համոզմամբ, հիմնավորված չէր), վկայում է, որ «ոստիկանությունն ավելի բարձր իշխանություն է, քան դատարանը»։

***

Այս տարի ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար, ըստ Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի տվյալների, 400-ից ավելի մարդ դատարանի որոշմամբ ենթարկվել է վարչական կալանքների ու տուգանքների։ Տեր-Եսայանի հավաստմամբ՝ իրական թիվն ավելի մեծ է, պարզապես ինքը շատ գործերի վերաբերյալ տեղեկություններ չունի։

«ԱրմենիաՆաուն» խնդրեց արդարադատության նախարարությանը ներկայացնել դատապարտվածների ցուցակը: «Մենք ցուցակներ ստեղծելու ռեսուրսներ և լիազորություններ չունենք»,- ասաց արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը։

Հակոբյանի և Ալավերդյանի դատը բացառություն էր նման քաղաքական դրդապատճառներ ունեցող զանցանքների մեջ ամբաստանվող անձանց դատավարությունների մեջ:

Տեր-Եսայանը նշում է, որ իրեն հայտնի է միայն մեկ դեպք, երբ զանցառուն դատապաշտպան է ունեցել, և որ նիստերն ընթանում են միայն դատարանի աշխատակիցների և ոստիկանության ներկայությամբ:

«Դատերը լինում են փակ, քանի որ մարդիկ չգիտեին՝ որտեղ է իրենց հարազատը, որ գնան գոնե դատին մասնակցեն»,- ասում է Տեր-Եսայանը:

Բացի վարչական կալանքների ու տուգանքների ենթարկվածներից, ընդդիմությունից ևս 12 հոգու դեմ քրեական գործ է հարուցվել (նրանցից չորսը բանտում են, մեկը ` Էդգար Առաքելյանը, դատապարտվել է, իսկ յոթն արդեն ազատ են արձակվել)։

Մի շարք հասարակական կազմակերպություններ ամեն օր ցույց են անում Հայաստանի դատախազության դիմաց՝ պահանջելով ազատ արձակել նրանց: Այդ ցույցերին մասնակցում է նաև Հարություն Ալավերդյանը.

«Ոստիկաններին թվում է, թե ես ընդդիմությունից եմ։ Բայց ես քաղաքական որևէ կուսակցության չեմ հարում,- ասում է նա,- ուղղակի Էդգարի նկատմամբ դատավճիռը անարդար էր, չէր համապատասխանում արարքին։ Ուստի ես որոշեցի թռուցիկներ տարածել»։

Ոստիկանին հարցրեցին, թե ինչում են մեղադրվում երիտասարդները.

Էդգար Առաքելյանի դատավճռից հետո ցույցի կազմակերպիչներից երեք մարդ հայտարարություն է տվել ոստիկանություն՝ խոստովանելով իր մեղքը նույնանման հանցանքում:

«Ես որոշեցի խոստովանել
հետևյալը. ես նույնպես ապրիլի 12-13-ին մասնակցել եմ Բաղրամյան պողոտայի խաղաղ ցույցին, որտեղ ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նենգորեն ծեծի ենթարկեց մեզ՝ ցուցարարներիս։ Ես նույնպես «Ջերմուկի» դատարկ (պլաստիկե) շշով խփել եմ կարգապահ ոստիկանին»։

Հայտարարությունն իրականում ակցիա է, որը համերաշխություն է արտահայտում դատապարտվածներին:

«Այդ հայտարարությունն արել եմ, որովհետև ներկա եմ եղել դատին ու հիշել եմ, որ ես էլ եմ խփել ոստիկանին»,- ասում է Լալա Ասլիկյանը, որն աշխատում է «Համաշխարհային ուսուցում» կազմակերպությունում: - Անհեթեթություն է, երբ խաղաղ ցուցարարներին, որոնք դուրս են եկել միայն իրենց կարծիքն արտահայտելու, ոստիկանները ծեծում են, ջարդում, ատամները փշրում ու անպատիժ մնում, իսկ փշրված ատամներով ցուցարարին տարի ու կես են տալիս, որ այդ ոստիկաններից մեկին պլաստիկե դատարկ շշով խփել է»։


According to Agnes
 

  Inside
 

Going Nowhere: Armenian refugees flee to Azerbaijan in odd plea for asylum

Full story

 
 

Village of Discontent : Residents of Dimitrov charge they are being mistreated

Full story

 
 

A Byte with...

Shushan Petrosyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

"The Girls"

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.