Փախստականներ Արթուր Ապրեսյանը և Ռոման Թարյանն այն 400 հազար հայերից են, ովքեր մազապուրծ եղան 1990-ականների սկզբի ջարդերից Ադրբեջանում: Սակայն մեկ տասնամյակ անց այդ երկուսը մտածեցին, որ Ադրբեջանը հարմար անցումային երկիր է Արևմուտք արտագաղթելու համար:
 |
Արթուր Ապրեսյանը ( անցյալ տարվա նկար) |
48-ամյա Ապրեսյանը և 38-ամյա Թարյանն անցել են Ադրբեջան անցյալ ամիս՝ հարուցելով իրենց ընտանիքների ու բարեկամների ցասումն ու զայրույթը: Ըստ Բաքվի աղբյուրների՝ նրանք Ադրբեջան են անցել Վրաստանի սահմանին գտնվող Սադախլո բնակավայրով և, հայտնվելով Բաքվում, տեղի «ԷյԷնԷս» գործակալության եթերում հրապարակավ հատարարել են իրենց մտադրությունների մասին:
Հայաստանի հանրային հեռուստատեսությունը ցուցադրել է Բաքվի հեռուստաընկերության հեռարձակած հարցազրույցը, որի ընթացքում երկու հայերը նկարագրում են Հայաստանում տիրող ծանր սոցիալ-տնտեսական պայմանները և Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգի հետ կապված իրենց հուսալքումը: Նրանք հայտարարել են, որ այլևս չեն կարող մնալ Հայաստանում և քաղաքական ապաստան են խնդրել Բաքվում գտնվող միջազգային կազմակերպություններից՝ երրորդ երկիր տեղափոխվելու համար:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Բաքվի գրասենյակը (ինչպես և այլ միջազգային կազմակերպություններ) չի արձագանքել փախստականների խնդրանքին: Ըստ Բաքվի «Զերկալո» թերթի, երկու հայերը հացադուլ են սկսել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում:
Հայերը բողոքում են «ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչությունից, հայտարարելով, որ այն անտեսում է իրենց ճակատագիրն ու միջոցներ չի ձեռնարկում իրենց երրորդ երկիր տեղափոխելու հարցը լուծելու նպատակով»: Փախստականները մտահոգություն են հայտնել Հայաստանում մնացած իրենց ընտանիքների ճակատագրով՝ նշելով, որ ավելի վաղ հարցազրույցի ժամանակ իրենց արած հայտարարություններից հետո դեպի Հայաստան վերադարձի ճանապարհը փակ է: Փախստականները նաև հայտնել են, թե Հայաստանում կան ադրբեջանցի գերիներ, որոնց պարտադրում են թմրաբույսեր մշակել Լեռնային Ղարաբաղում:
Փախստականների անսպասելի մեկնումը Բաքու և նրանց հայտարարությունները ցնցել են Հայաստանի հասարակայնությանը: Առաջին անգամ հայերը սեփական կամքով մեկնում են Բաքու, որպեսզի հայտարարեն, որ կողմ են Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելուն:
Ոչ Ապրեսյանը, ոչ Թարյանը Հայաստանի քաղաքացիություն չունեն, նրանք երկուսն էլ փախստականի կարգավիճակ ունեն: Թարյանն ամուսնալուծված է, իսկ Ապրեսյանն ունի կին և երկու երեխա:
Ապրեսյանի կինը՝ Մարգարիտան, հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ ինքը գաղափար չուներ ամուսնու մտադրության մասին:
«Նա մի երկտող անգամ չէր թողել, պարզապես անհետացել էր: Մի քանի օր հետո նրան տեսա հեռուստատեսությամբ,- ասում է նա: - Ինձ թվում է, թե նա պարզապես խելքը թռցրել էր, երբ որոշել է լքել ընտանիքը, երեխաներին և օգնություն խնդրել Բաքվում»:
Մարգարիտան ասում է, որ մի քանի օր առաջ իրեն է զանգահարել մի ադրբեջանցի լրագրող և հայտնել, որ ամուսինն ու նրա ընկերը հացադուլ են հայտարարել:
«Նա ինձ ասաց. «Նրանք սովամահ են լինում, դուք կարո՞ղ եք նրանց օգնել»: Այդ հարցը խենթացրեց ինձ, և ես ասացի. «Ես ո՞նց նրանց օգնեմ: Գամ Բաքու ու կերակրե՞մ»: Բայց կարծում եմ, նրանք ուզում էին պարզել, արդյոք ես մտադրություն չունե՞մ միանալու նրանց»,- ասաց Մարգարիտան:
Մարգարիտան նաև Ադրբեջանի Կարմիր խաչի միջոցով նամակ է ստացել ամուսնուց: Արթուրը խնդրում է ներել իրեն, ասում է, որ ինքը լրտես չէ և խոստանում է, որ ամեն ինչ լավ կլինի:
Մարգարիտան ասում է, որ ընտանիքը երկար տարիներ ծանր սոցիալական պայմաններում է ապրում: Ոչ կինը, ոչ ամուսինը մշտական աշխատանք չունեն և երբեմն հացի փող չեն ունենում: Ընտանիքն ապրում է «Հայէլեկտրամեքենա» գործարանի հանրակացարանում:
«Այդ երկու հայերի արածը խայտառակություն է,- ասաց հարևաններից մեկը: - Շատ փախստականներ նույն դժվարություններն ունեն և ապրում են նույնիսկ ավելի վատ պայմաններում, սակայն ոչ մեկի մտքով չի անցնում դավաճան դառնալ հանուն եվրոպական որևէ երկիր տեղախոխվելու: Նրանք ուր էլ գնան, իրենց հանգիստ չեն զգա, որովհետև հայրեն ապրում են շատ երկրներում և երբեք նրանց չեն ների»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը հրաժարվեց այս դեպքը մեկնաբանելուց՝ պատճառաբանելով գաղտնի պահելու անհրաժեշտությունը:
«Երբ տեղեկություն ենք ստանում, կապվում ենք այդ փախստականների ընտանիքների հետ»,- ասաց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռոզա Մինասյանը:
«Ամեն մարդ ունի ազատ տեղաշարժի իրավունք, և այդ երկու մարդիկ օգտվել են իրենց իրավունքից: Նրանք ոչ մի օրենք չեն խախտել, իսկ ինչ վերաբերում հարցի բարոյական կողմին, ապա իրենք են որոշում կայացնողը»,- ասաց Մինասյանը:
Բաքվում հայտնված երկու հայի ճակատագիրը մնում է անորոշ: Ոմանք Բաքվում մտահոգություն են հայտնում, որ նրանց հացադուլը կարող է բացասական կարծիք ստեղծել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը հարգում Եվրախորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները, որոնք պահանջում են կարգավորել քաղաքական փախստականների և արտագաղթածների հարցերը միջազգային օրենքներին համապատասխան: Միաժամանակ Բաքվի թերթերից մեկը գրում է. «Այն փաստը, որ հայերին պահում են մեկուսարանում, հարված է Ադրբեջանի հեղինակությանը, մինչդեռ երկիրը կարող էր օգուտ քաղել Ղարաբաղի հարցի լուծման Հայաստանի ղեկավարության վերաբերմունքի նկատմամբ այդ մարդկանց բողոքից»:
Իսկ ադրբեջանցի իրավապաշտպան Սահիբ Մամեդովը հայտարարել է, որ հայ փախստականների գալն Ադրբեջան ևս մեկ սադրանք է, որ կազմակերպել են Հայաստանի հատուկ ծառայությունները, որոնք քաջ գիտակցում են, որ Ադրբեջանը չի կարող նրանց փախստականի կարգավիճակ տալ և նպաստել նրանց տեղափոխմանը երրորդ երկիր:
|