Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում Միացյալ Նահանգները ներկայացնող դեսպան Սթիվեն Մաննը հինգշաբթի կարճատև այցով ժամանեց Երևան: Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ Մաննը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի հետ կապված հարցեր:
Ամերիկացի դիվանագետը Հայաստան էր ժամանել Բաքվից, որտեղ մասնակցել էր Նավթի և գազի միջազգային 11-րդ ցուցահանդես-համաժողովին, առանձնազրույցներ ունեցել Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:
Ռոբերտ Քոչարյանին, ըստ նախագահի մամլո ծառայության, Սթիվեն Մաննը տեղեկացրել է Բաքվում ունեցած հանդիպումների մասին:
Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Պրահայում և Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ հանդիպումներին, շոշափվել են հունիսի 21-ին կրկին Պրահայում նախատեսված հանդիպման հետ կապված որոշ հարցեր:
Սա ամերիկացի դիվանագետի երկրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ նա եկել էր ապրիլին՝ ճանաչողական այցով, Մինսկի խմբում Ռուդոլֆ Փերինային փոխարինելուց հետո: Սթիվեն Մաննը նաև Միացյալ Նահանգների ներկայացուցիչն է կասպյան նավթարդյունահանման բանակցություններում և մշտական գրասենյակ ունի Բաքվում:
|