ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 04, 2004




Գյուղը դժգոհում է. Դիմիտրով գյուղի բնակիչները գանգատվում են անօրինականություններից

Խորհրդային տարիներին Արարատի մարզի Դիմիտրով գյուղը հիմնականում ասորաբնակ էր: Գյուղում ապրում էին նաև հայեր, բայց նրանք փոքրաթիվ էին: Հայաստանի անկախացումից հետո կամ, ինչպես գյուղացիներն են ասում՝ «պերեստրոյկայի» տարիներին, գյուղից հեռացան շատերը, հիմնականում՝ ասորիներ:

Այսօր գյուղում տարբեր տվյալներով ապրում է 550-1550 մարդ: Վերջին տվյալը գյուղապետ Լյուդվիգ Խլխաթյանինն է, որը նշում է գյուղում գրանցվածների ընդհանուր թիվը: Գյուղացիների հավաստմամբ՝ բնակիչների իրական թիվը մոտ է առաջինին, ընդ որում, դրանց մոտ 30 տոկոսն են ասորիներ, մնացածն Ադրբեջանից փախստականներ են:

Դիմիտրով գյուղը փոքր է, բայց նրա քաղաքական խնդիրները մեծ են. որոշ գյուղացիներ մեղադրում են Խլխաթյանին գյուղին տրամադրված մարդասիրական օգնությունը յուրացնելու և ընտրակեղծիքների միջոցով իր պաշտոնում մնալու մեջ:

Անցյալ տարի ցրտահարությունից տուժած ընտանիքներին Սննդի ապահովության միջազգային կազմակերպությունը տրամադրել էր 2100 կգ ցորենի սերմացու:

Գյուղացիները պնդում են, որ ցորեն չեն ստացել: Գլխավոր դատախազությանն ուղղված բողոքում գյուղացիները մեղադրում են գյուղապետին՝ նշելով, որ օգնության ցորենը տուժածներին բաժանելու փոխարեն գյուղապետն այն վաճառել կամ բաժանել է իր բարեկամներին:

Ավելին՝ գյուղացիները պնդում են, որ Խլխաթյանը կեղծել է այն գյուղացիների ստորագրությունները, որոնց համար նախատեսված է եղել ցորենը:

Գյուղացիներն ասում են, որ իրենք ուշացումով են տեղեկանում գյուղին տրամադրված օգնության մասին՝ ալյուր, կարտոֆիլ և էլի ինչ-որ բաներ:

«Մարդասիրական օգնությունը, որ կառավարությունը տրամադրում է մեզ, գողանում են, թալանում, իսկ հետո զարմանում են, երբ մարդիկ դուրս են գալիս փողոց բողոքի ցույցերի: Մենք բողոքելու շատ բան ունենք, բայց փաստեր չունենք, իսկ սա փաստ է»,- ասում է գյուղի բնակիչ Ֆյոդոր Բադալյանը՝ ցույց տալով, ինչպես ինքն է պնդում, կեղծված ստորագրություններով փաստաթուղթը:

«Եթե մեր փոխարեն ստորագրում են, ուրեմն էլի ինչե՜ր են անում: Յուրացված սերմացուն փաստ է: Իրավապահները փաստեր են սիրում: Կատարվել է հանցագործություն, թող բացահայտեն»,- ասում է ասորի Էռնեստ Յակուբովը:

«Մենք տեղյակ չենք եղել, որ գյուղին օգնություն են տրամադրել, և ես 150 կգ ցորեն եմ գնել 180 դրամով»,- ասում է ազգությամբ ասորի Լյովան:

Սակայն գյուղացիներին մտահոգում է ոչ այնքան յուրացված սերմացուն, որքան կեղծված ստորագրությունների փաստը: Նրանք կարծում են, որ գյուղապետին պաշտպանում են վերևներից, և նրանց հետ էլ գյուղապետը կիսում է մարդասիրական օգնության վաճառքից ստացված շահույթը:

«Այդպես էլ ապրում են ժողովրդի հաշվին: Եթե գյուղապետին պատժեն, կբացահայտվի վերևների հանցագործությունը, դրա համար էլ նրան պաշտպանում են»,- եզրակացնում է ռուսերենի և ասորերենի ուսուցչուհի Տաիսիա Մուրադովան:

79-ամյա Տաիսիա Արսենտևնան գյուղի հնաբնակներից է: Նա ծնվել է Դիմիտրով գյուղում, եղել է դպրոցի ուսմասվարը և ունի վաստակավոր ուսուցչի կոչում:

«Տարիներ շարունակ գյուղապետը գողանում է, և մարդիկ տեսնում են: Իսկ ո՞ւմ են տալիս «Փարոսի» օգնությունը: Խեղճ ու սոված մարդիկ չեն ստանում: Ստանում են նրանք, ովքեր մեքենա ու անասուն ունեն,- ասում է ուսուցչուհին: - Գյուղապետի հայրն ասում է. «Դիմիտրովցիները ոչխարներ են, իսկ իմ տղան՝ հովիվ, ինչպես ուզենա, նրանց հետ կվարվի»: Ինչքա՞ն պետք է այսպես ապրենք ու ծաղրի ենթարկվենք»:

Գյուղապետ Լյուդվիգ Խլխաթյանն առանձնապես ջանքեր չի գործադրում հերքելու կեղծված ստորագրությունների փաստը, քանի որ մարզի դատախազությունը մերժել է գյուղապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու գյուղացիների պահանջը՝ «արարքում հանցակազմի բացակայության պատճառով»:

39-ամյա գյուղապետը սխալ է համարում գյուղացիներին մարդասիրական օգնություն տրամադրելը:

«Մարդկանց մուրացկանության են սովորեցնում,- ասում է Խլխաթյանը: - Ում էլ բաժանեի սերմացուն, բողոքելու էին: Եթե բողոքում են, ինչո՞ւ են երրորդ անգամ ինձ ընտրում»:

Սակայն գյուղացիները պնդում են, որ Խլխաթյանին իրենք չեն ընտրել, որ նա ընտրվել է հնացած ընտրացուցակների շնորհիվ, որտեղ ընտրողների թիվն ուռճացված է:

Բադալյանն ասում է, որ ընտրացուցակներում կան «մահացած մարդկանց անուններ: Շատերը գյուղում գրանցված են, բայց վաղուց այստեղ չեն ապրում»:

Գյուղապետի ընտրություններում հաղթողը պետք է հավաքի ձայների 2/3-ը, իսկ փաստացի ընտրողների թիվը ոչ մի կերպ չի կարող գերազանցել կեղծված տվյալներով Խլխաթյանի օգտին գրանցված քվեների քանակը:

Գյուղացիները՝ հայ թե ասորի, դժգոհում են մարզի ղեկավարությունից, հատկապես ծնունդով արարատցի, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանից:

Գյուղացիներն ասում են, որ մարզի բոլոր փոքր ու մեծ պաշտոնները զբաղեցնում են նախարարի ազգականները, այդ թվում նաև՝ ջրամատակարարման համար պատասխանատու պաշտոնը: Իսկ գյուղի ամենացավոտ հարցը ջուրն է: Ջուր չունենալու պատճառով մարդիկ չեն կարողանում բանջարեղեն աճեցնել, ինչն անհամեմատ շահավետ է, քան ավելի քիչ ջուր պահանջող ցորեն ցանելը:

«Ամեն ինչ չորանում, ծաղկավիժում է լինում, նոր ջուրը տալիս են,- ասում է Նադյա Ալավերդովան,- դրա համար էլ ժողովուրդը թողնում հեռանում է: Իսկ որ ասորին ջուր ունենար, բանջարեղեն աճեցներ, կթողներ կգնա՞ր: Կրասնոդարում կամ Ռոստովում է չարչարվում, այստեղ կչարչարվեր»:


According to Agnes
 

  Inside
 

Going Nowhere: Armenian refugees flee to Azerbaijan in odd plea for asylum

Full story

 
 

Village of Discontent : Residents of Dimitrov charge they are being mistreated

Full story

 
 

A Byte with...

Shushan Petrosyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

"The Girls"

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.