Աղջնակը, որը ժպտալու քիչ պատճառ ունի, ձեռքերում սեղմում է մի գնդակ, որի վրա գրված է. «Ժպտա՛, Քրիստոս սիրում է քեզ»:
Բժիշկները չէին կարծում, որ 10-ամյա Լիանան այսօր ողջ կլինի. նա ոսկրածուծի սուր լեյկոզ ուներ՝ սպիտակարյունության ամենածանր ձևերից մեկը:
Չորս ամիս առաջ բժիշկները Լիանայի հորն ասացին, որ արդեն ուշ է բուժման համար, և խորհուրդ տվեցին տուն տանել աղջկան՝ մահանալու:
«Ես չէի կարող ողջ-ողջ թաղել իմ աղջկան,- ասում է Լիանայի հայրը՝ Արամ Գիվարգիզովը: - Պատրաստ էի ամեն ինչ անել երեխայիս փրկելու համար, և պնդեցի, որ ընդունեն հիվանդանոց»:
Արյունաբանության ինտիտուտում Լիանային բուժող բժիշկ Սամվել Աղաթելյանի հավաստմամբ՝ հիվանդությունը գրեթե լիովին քայքայել էր աղջկա ոսկրածուծը, իսկ լեյկոցիտների քանակը նորմայից 10 անգամ պակաս էր:
Բուժման առաջին ամսվա ընթացքում լնդերի չդադարող արյունահոսության պատճառով Լիանային 25 անգամ արյան փոխներարկում են արել:
Կիսով հայ, կիսով ասորի Լիանան ծնողների և երկու քույրերի հետ ապրում է Արտաշատի շրջանի շուրջ 3000 բնակիչ ունեցող Վերին Դվին գյուղում:
Անցյալ տարվա վերջում աղջիկը մրսել է: Վերին Դվինում հիվանդանոց չկա: Կա միայն մեկ բժիշկ, որը զննել է Լիանային և ասել, որ սովորական անգինա է:
Սակայն երբ Լիանայի վիճակը վատացել է, ծնողները նրան տարել են Արտաշատ: Այնտեղ էլ իմացել են սարսափելի ճշմարտությունը նրա վիճակի մասին:
«Մանուկ հասակում նա երբեք չի հիվանդացել»,- հիշում է Լիանայի մայրը՝ Աննա Խաչատրյանը:
Բժշկի հավաստմամբ՝ եթե Լիանային մեկ շաբաթ ուշ հիվանդանոց բերեին, հնարավոր չէր լինի փրկել:
Այս ախտորոշմամբ հիվանդների միայն 15 տոկոսն է բուժվում: Ինտենսիվ բուժման կուրսը տևում է մեկ ու կես տարի և բաղկացած է չորս փուլից: Ընդհանուր առմամբ, հիվանդի վիճակը կայունացնելու համար նա պետք է հինգ տարի բժշկի հսկողության տակ գտնվի:
Բուժման առաջին փուլից հետո աղջկա վիճակը զգալիորեն բարելավվել է: Մայրը երջանիկ է. «Լիանիկիս անալիզները մաքուր են»:
Աղաթելյանը բացատրում է, որ «ոսկրածուծի հյուսվածքները լիովին վերականգնվել են, սակայն օրգանիզմում դեռ քաղցկեղածին բջիջներ կան»:
Բժիշկը թույլ է տվել մեկ ամիս անկողնուն գամված Լիանային քայլել, բայց ոչ շատ: Աղջիկը խնդրել է մորը իրեն տանել նախ եկեղեցի, ապա՝ կարուսել: Փողոցում Լիանան երբեք չի հանում կապույտ գլխարկը. քիմիաթերապիայից նրա մազերը թափվել են:
Լիանան ասում է, որ հիվանդանոցում անցկացրած երկար օրերին ամենաշատ սիրում է նկարել: Այժմ նրա նկարները զարդարում են հիվանդասենյակի անհրապույր պատերը:
Աննայի հավաստմամբ՝ բուժման առաջին փուլն իրենց վրա նստել է 1000 դոլար: Դա հսկայական գումար է մի ընտանիքի համար, որն ապավինում է ուսուցչի աշխատավարձին (ամսական մոտ 30 դոլար) ու սեփական այգու մրգերի վաճառքից ստացած եկամտին:
Սակայն մեծ օգնություն են ցույց տվել համագյուղացիները:
Իմանալով Լիանայի հիվանդության մասին՝ նրանք եկել են արյուն տալու: Այդ մարդիկ նաև փող են հավաքել: Աննայի հավաստմամբ՝ մեծ օգնություն է ցույց տվել Վերին Դվին գյուղի քահանա տեր Իսահակը:
Արդեն սկսվել է բուժման երկրորդ փուլը: Լիանայի հայրն ասում է, որ եթե բուժումը շարունակելու համար բավականաչափ գումար չճարեն, ստիպված կլինեն վաճառել միակ կովը:
Բայց նրանք պատրաստ են հրաժարվելու ընտանիքի եկամտի աղբյուրից, քանի որ տեսնում են, թե ինչպես է Լիանայի վիճակը բարելավվել վերջին շաբաթների ընթացքում:
Լիանան այժմ հիվանդանոցում է, բայց հիմա կարող է երբեմն դուրս գալ այստեղից, խաղալ քույրերի ու հիվանդանոցի մյուս երեխաների հետ: Եվ նրա սենյակում ժպիտներն արդեն միայն գնդակի վրա չեն:
(Եթե դուք ցանկություն ունեք քաջալերող նամակ գրել կամ օգնել Լիանային և նրա ընտանիքին, գրեք մեզ info@armeinanow.com հասցեով):
|