Թեև բանաստեղծ և թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը բազմաթիվ գրքերի ու թարգմանությունների հեղինակ է, սակայն խոստովանում է, որ պատվիրված վերջին աշխատանքն իր համար ամենապատասխանատուն է: Հայաստանում Իրանի դեսպանությունը Հախվերդյանին պատվիրել է հայերեն թարգմանել Ղուրանը:
«Ես հայտնվեցի այն վիճակում, որի մեջ հայտնվելով՝ նկարիչները նախ օրերով ու ամիսներով նայում են սպիտակ կտավին, ապա նոր սկսում ստեղծագործել,- ասում է Հախվերդյանը: -Պատվերը ստանալուց հետո սկսեցի ընթերցել Աստվածաշունչը՝ ուժ առնելու և հոգևոր գրականության յուրահատուկ բառապաշարին առավել լավ տիրապետելու համար»:
Ղուրանի գոյություն ունեցող հայերեն թարգմանություններն ամբողջական չեն և երբեմն դժվարըմբռնելի են:
Անցյալ տարվա հոկտեմբերին Հախվերդյանը հանձն առավ իսլամի սուրբ գիրքը հայ ընթերցողին հասու դարձնելու գործը:
«Չասեմ՝ անակնկալ էր, բայց կարելի է ասել՝ ներքին տագնապով ընդունեցի այդ առաջարկը, որովհետև Ղուրանը, վերջին հաշվով, համայն մահմեդական աշխարհի Սուրբ գիրքն է և ոչ թե սովորական բանաստեղծությունների ժողովածու կամ պատմվածք, որ նստես ու թարգմանես,- ասում է Հախվերդյանը: - Գործի պատասխանատվությունը շատ մեծ է, և պետք է պատրաստ լինես և՛ խրախուսանքի, և՛ հարվածների»:
Ղուրանը կազմված է երեսուն մասից: Այսօր, ամիսներ տևած աշխատանքից հետո, հայ ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու Ղուրանի քսանիններորդ և երեսուներորդ մասերի հազարից ավելի պատգամներին: Աշխատանքը կշարունակվի, եթե կատարված թարգմանությունը հավանության արժանանա:
Հախվերդյանն ասում է, որ Ղուրանն ավելի շուտ պետք է թարգմանվեր, սակայն դրան խանգարել են մի շարք հանգամանքներ:
«Բանն այն է, որ շատերը չգիտեն, թե ինչ է Ղուրանը և, լսելով այդ անունը, կարծում են, թե դա մի սարսափելի վատ բան է,- ասում է Հախվերդյանը: - Իսկ հիմա, եթե Ղուրանը կարդան, կտեսնեն, որ Աստծո քարոզներն ու պատգամներն են, որոնք ուղղված են մարդկանց ճիշտ ճանապարհ ցույց տալուն»:
Թարգմանչի հավաստմամբ՝ Աստծո խոսքը, ըստ Ղուրանի, բուռն հետաքրքրություն է առաջացրել շատերի, հատկապես արվեստագետների շրջանում, ովքեր ցանկություն են հայտնել ձեռք բերելու գիրքը: Ոմանք նույնիսկ խնդրել են ձեռագիր տարբերակը և կարդացել են մինչև հրատարակվելը:
«Մինչև այսօր Ղուրանը Հայաստանում ամբողջությամբ չի թարգմանվել, և մարդիկ ծանոթ չեն դրա բովանդակությանը,- ասում է նա: - Թարգմանությունը հնարավորություն է տալիս ծանոթանալու գրքին, նորովի ստեղծագործելու և նոր զգացողություններ ունենալու: Կարծում եմ, իմ պոեզիան նույնպես կազդվի Ղուրանից»:
Հախվերդյանն ասում է, որ թարգմանությունը կատարել է պարսկերենից՝ համեմատելով արաբերեն բնագրի հետ (աշխատանքում ներգրավվել է նաև արաբերենի մասնագետ):
|
Թարգմանիչը համարում է այն իր ամենալուրջ գործը. |
Թարգմանիչը խոստովանում է, որ թեև աշխատանքը շատ ծանր էր, և եղել են արտահայտություններ ու մտքեր, որոնք հասկականալու համար ժամեր ու օրեր են պահանջվել, ինքը կարող է հպարտությամբ հայտարարել, որ հայերեն թարգմանությունը չի զիջում պարսկերենին:
«Ես փորձել եմ թարգմանել ոչ խրթին լեզվով՝ ավելի պարզ ու հասկանալի,- ասում է Հախվերդյանը: - Ուստի երբ նայում ենք արաբերեն տարբերակին, որը նույնպես ներառված է գրքում, և հայերեն թարգմանությանը, ապա ակնհայտ է դառնում, որ հայերենը ծավալով գերազանցում է արաբերենին, քանզի ամեն մի միտք մատչելի բացատրված է»:
Հախվերդյանի հավաստմամբ՝ սուրբ Ղուրանի հայերեն թարգմանությունը չի վաճառվելու, այլ տրամադրվելու է համալսարաններին, կրթօջախներին, առհասարակ հետաքրքրվողներին:
«Ընդհանուր առմամբ, կլինի տասնհինգ գիրք, որը կներառի Սուրբ գրքի երեսուն մասերը,- ասում է Հախվերդյանը: - Եթե հրատարակությունից հետո Ղուրանագիտության կենտրոնը հավանություն տա թարգմանությանը և հաստատի այն, Ղուրանը լույս կտեսնի ամբողջությամբ մեկ հաստափոր գրքով»:
|