Հայկական ատոմակայանի փակվելու դեպքում էլեկտրաէներգիայի այլընտրանքային իրական աղբյուրներ այսօր «Սոլարենում» համարում են հողմաէներգետիկան և փոքր հիդրոէլեկտրակայանները:
 |
վ. |
Չնայած իրական են նաև գազի աղբյուրները: Վերջերս Հայաստանի կառավարությունը ստորագրել է Իրան-Հայաստան գազատարի համաձայնագիր Իրանի կառավարության հետ: 250 մգվտ հզորությամբ նոր կառուցվող ՋԷԿ-ին այն կմատակարարի վառելիք: Բացի այդ, Եվրամիությունը իր ծրագրերում նախատեսում է գործարկել Հայաստանի փոքր ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը 140 մգվտ է: Այս ամենը կբավարարեն հանրապետության պահանջվող էներգիայի քանակը, եթե փակվի Մեծամորի ԱԷկ-ը:
Պաշարագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրապետության քամիների պոտենցիալից հնարավոր է ստանալ 400-450 մգվտ հզորության հողմային էներգիա, որը կկազմի ատոմակայանի արտադրած էներգիայի 1/3-ը:
«Ըստ Հայաստանի հողմաէներգետիկական քարտեզի, այսօր երկրում առկա է հողմաէներգետիկական մեծ պոտենցիալ»,- ասում է «Սոլարենի» հողմաէներգետիկ ծրագրերի ղեկավար Արթուր Լալայանը:
Առայժմ Հայաստանում չկա հողմաէներգետիկ որևէ կայան, բայց առաջիկա երեք տարիների ընթացքում կիրականացվի երկու նախագիծ:
Ըստ Լալայանի` 2005 թ. վերջին Պուշկինի լեռնանցքում կգործի առաջին հողմէներգետիկ 2մգվտ կայանը` տարեկան 5մլն կվտ/ժամ հզորությամբ: Այն կառուցվում է իրանական դրամաշնորհով: Երեք տարի անց պատրաստ կլինի ևս մեկը, 20 մգվտ կայան Սոթքի լեռնանցքում (Վարդենիս), որը տարեկան կարտադրի 60 մլն կվտ/ժամ էներգիա:
«Սոլարենում» կարծում են, որ Հայաստանի քամիները բավարար են հողմաէներգետիկայի զարգացման համար, միայն ստացված հոսանքի սեզոնային բնույթը ծրագրի նախընտրելիության տեսանկյունից բացասական կողմերից է: Քամիներն առավել ուժեղ են Սյունիքում ու Զանգեզուրում, Սևանա լճի հյուսիսային շրջաններում, Արագածի ստորոտում, Քարախաչում:
Էլեկտրական էներգիայի այլընտրանքային մեկ այլ աղբյուր են փոքր հիդրոկայանները, որոնց թիվը Հայաստանում հասնում է մի քանի տասնյակի: Դրանք հիմնականում մասնավորեցված են: Հաշվարկների համաձայն, այս ճանապարհով ստացված 1 կվտ /ժամ էներգիայի սակագինը կկազմի 7 սենթ: Փոքր ՀԷԿ-երի պոտենցիալը գնահատված է մոտավորապես 300 մգվտ, գնահատված արտադրությունը` տարեկան 1 միլիարդ կվտ/ ժամ:
Այսօր Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում առկա է նաև արևի էներգիան:
«Սոլարենի» գործադիր տնօրեն Վիկտոր Աֆյանն ասում է. «Եթե 16 քառ. կմ տարածքի վրա արևային ջրատաքացուցիչներ տեղադրենք, ապա կբավարարենք Հայաստանի էներգիայի ողջ պահանջը»:
Այստեղ արդեն ստեղծվել են արևային առաջին ջրատաքացուցիչները, որոնք համապատասխանում են եվրոպական և միջազգային բոլոր չափանիշներին, ունենալով համապատասխան վկայականներ: Սարքը արժե 300 դոլար, և մատչելի է միջին ապրելակերպի անձանց համար: Լոկալ ջեռուցման համակարգի միայն տեղադրման ծախսերը կազմում են 400-600 դոլար: Այնուհանդերձ, ջրատաքացուցիչների ներդրումից հետո էներգիան ձեռք է բերվում անվճար:
Արևի էներգիան շատ երկրներում վաղուց են օգտագործում: Իսրայելում նույնիսկ առանց ջրատաքացուցիչների շահագործման չեն հանձնում բնակելի շենքերը:
«Սոլարենում» փորձում են նաև էներգիա ստանալ կենսագազից: Ըստ Աֆյանի, «Ագրոսպասարկում» անասնապահական ֆերմայում տեղադրվել է 25 խմ տարողությամբ սարքավորում, որը հեղուկ գոմաղբի այրման միջոցով ապահովում է 20-30 խմ գազի արտադրություն: Գոմաղբը ֆերմենտացվում է՝ արտադրելով գազ: Այն իր հերթին այրվում է՝ արտադրելով էլեկտրաէներգիա: Այրելուց հետո մնացած թափոնը վաճառում են գյուղացիներին որպես պարարտանյութ:
«Եթե Հայաստանում գործող նման կազմակերպություններում տեղադրվեն կենսագազային սարքավորումներ, ապա հնարավոր կլինի ստանալ 900 հազար մգվտ ժամ էներգիա»,-բացատրում է Աֆյանը:
Ըստ տնօրենի, իրենք նաև աշխատում են բարեփոխել այն օրենսդրական դաշտը, որը կնպաստի վերականգնողական էներգիայի զարգացմանը:
«Սոլարենում» համոզված են, որ առանց էներգիայի այլընտրանքային աղբյուրների անհնար է ատոմակայանը փակել: Ե՛վ վնասազերծումը, և՛ այլընտրանքային աղբյուրների կառուցման աշխատանքները նյութական մեծ միջոցներ են պահանջում: Եվ նույնիսկ դրանց առկայության դեպքում էլ այլընտրանքային եղանակներով էներգիայի ստացումը տասնամյակներ կարող է տևել:
|