ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 04, 2004




Հայաստանն ունի բազմաթիվ լուրջ բնապահպանական խնդիրներ, ի թիվս որոնց Մեծամորի` հակասական գնահատականների արժանացող ԱԷԿ-ը, աղտոտված գետեր, գուցե քայքայման եզրին գտնվող ջրամբարներ, կառուցապատման զոհ դարձած կանաչ տարածքներ:

Մեկ շաբաթվա ընթացքում հայաստանցի և օտարերկրացի լրագրողների խումբը փորձում էր հետաքննել բնապահպանական այս խնդիրներից մի քանիսը: Երեք խմբի բաժանվելով` նրանք ուսումնասիրեցին խմելու ջրի որակը, Երևանի կանաչ տարածքների և Մեծամորի ԱԷԿ-ի վիճակը: Ուսումնասիրությունների արդյունքները ներկայացված են հաջորդ էջերում:

Յուրաքանչյուր մարդ ուզում է մաքուր օդ շնչել, մաքուր ջուր խմել, ուտել էկոլոգիապես մաքուր սնունդ, ապրել անվտանգ միջավայրում: Ներկայումս այս ամենը հնարավոր չէ Հայաստանում:

Սեպտեմբերին կներկայացվի Հարավային Կովկասի վերաբերյալ զեկույցը, որտեղ կմատնանշվեն մարդկանց առողջության, տնտեսության և տարածաշրջանի անվտանգության համար առկա բնապահպանական վտանգները: «Բնապահպանական խնդիրների լուսաբանումը» միջազգային գործնական դասընթացի մասնակիցներն առաջիններից էին, որոնք քարտեզի վրա տեսան այդ վտանգները: «Բնապահպանական անվտանգության նախաձեռնություն» զեկույցը կազմվել է UNDP-ի, UNEP-ի և ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ, որոնք միայն առաջին փուլի իրականացման համար տրամադրել են 150000 ԱՄՆ դոլար: Դրանում արտացոլված են Հայաստանի բնապահպանական առաջնային երեք խնդիրները:

Դրանք են՝ Արարատյան դաշտավայրի աղակալված հողատարածքները, հանրապետության երկու ջրամբարների տեխնիկապես վատ վիճակը, անդրսահմանային Արաքս և Դեբեդ գետերի աղտոտվածությունը: Այս խնդիրները տարածաշրջանային նշանակություն ունեն, քանի որ ջրամբարների հնարավոր փլուզման դեպքում կհեղեղվեն ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի ու Ադրբեջանի բնակավայրերը: Այս ջրամբարների փլուզումը կարող է վատթարացնել հարևանների միջև առանց այդ էլ լարված հարաբերությունները: Դեբեդ գետը, որը հիմնականում աղտոտվում է Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի թափոններից ու կենցաղային աղբից, թափվում է Քուրի ավազանը: Իսկ Քուր գետի ջուրը Ադրբեջանում օգտագործում են խմելու նպատակով: Գյուղատնտեսական հիմնական բերքը մթերվում է Արարատյան դաշտավայրում, իսկ հողատարածքների աղակալումը կտրուկ նվազեցնում է բերքատվությունը:

Այս և բնապահպանական մյուս խնդիրների առկայությամբ է կարևորվում զանգվածային լրատվամիջոցներով դրանց լուսաբանումը: Բայց կարևորը ոչ միայն հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլում այդ խնդիրների ներկայացումն է, այլև այն, որ մարդիկ կտեղեկացվեն, կբարձրացնեն իրենց ձայնը` իշխանություններից պահանջելով գտնել դրանց հնարավոր լուծումները:

Մեծամորի ԱԷԿ-ը լարվածություն է առաջացնում տարածաշրջանում, քանի որ Հայաստանի հարևանները մտահոգված են դրա անվտանգությամբ: Ինչպես կտեսնեն մեր ընթերցողները, դա խնդիրներ է առաջացնում նաև Եվրամիության հետ, որը Հայաստանին ֆինանսական օգնություն ցույց տվող հիմնական դոնորներից է: Վտանգի տակ է նաև Եվրամիության` Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ստեղծելու ցանկությունը:

Երևանը գեղեցկացնող ու այստեղ ապրելը հաճելի դարձնող հիմնական գործոնը կանաչ գոտիներն են, որոնք, սակայն, օրեցօր կառուցապատումներին զոհ են դառնում: Մեր լրագրողները պարզեցին, որ օրենսդրական անկատարության, պաշտոնյաների ու քաղաքական գործիչների անգործության ու կոռուպցիայի պատճառով ոտնահարվում է կանաչ միջավայրում ապրելու մարդկանց իրավունքը: Սա առայժմ ջրի երես չելած սկանդալ է:

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ նոր վարկ է տրամադրելու հանրապետության 300-ից ավելի բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը նորոգելու համար: Բանկը մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի զարգացման փուլը համարում է ավարտված: Իրավիճակն իրոք բարելավվել է, բայց բարձրացել է ջրի սակագինը, ու դրանից ոչ բոլորն են երջանիկ: Մեր լրագրողները զրուցել են բոլորի՝ ինչպես ջրի ծորակը պտտող պաշտոնյաների, այնպես էլ ծորակի մյուս կողմում գտնվող բնակիչների հետ:

Բնապահպանական ոլորտի լուսաբանումը Հայաստանում զարգացման տեղ ունի: Բնապահպանական բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կարող են պատմություններ դառնալ և նպաստել մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը:
Armenianow.com ինտերնետային էջի համար նյութերը պատրաստող լրագրողական թիմերն էին.

Ատոմակայանի խումբ

Կարինե Դանիելյան, «Ազգ» օրաթերթ
Կարինե Ասատրյան, «Ա1+» հ/ը
Գայանե Մկրտչյան, Armenianow.com ինտերնետային շաբաթաթերթ
Գալուստ Նանյան, «Հայաստանի Հանրապետություն» oրաթերթ

Կանաչ տարածքների խումբ

Արմանուշ Նիազյան, «Անկյուն գումարած 3» հ/ը
Լուսինե Օհանյան, «Առավոտ» օրաթերթ
Աիդա Գևորգյան, «Կովկասի բնություն» շաբաթաթերթ
Անի Բաղդասարյան, «Ցայգ» հ/ը

Խմելու ջրի խումբ

Նելլի Դանիելյան, «Երկիր-մեդիա» հ/ը
Արմինե Մկրտումյան, «Մեդիա գրուպ» ԼՀԿ
Աշոտ Գարեգինյան, «Տեսական և գործնական կառավարում» ամսագիր

Լուսանկարները` Արթուր Թորոսյան, Armenianow.com ինտերնետային շաբաթաթերթ, «Ֆոտոլուր» գործակալություն
Փոխխմբագիր` Թագուհի Սուսլիյան

Խմբերի ղեկավարներ

Փոլ Բրաուն, «The Guardian» (Անգլիա)
Քիերան Քուկ, «Financial Times», «BBC» (Անգլիա)
Ջոն Բենեթ, «Principal of Bennett & Associates» (ԱՄՆ)

Դասընթացը կազմակերպել էր Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը` GRID-Arendal-ի հետ համագործակցությամբ:

 


According to Agnes
 

  Inside
 

Going Nowhere: Armenian refugees flee to Azerbaijan in odd plea for asylum

Full story

 
 

Village of Discontent : Residents of Dimitrov charge they are being mistreated

Full story

 
 

A Byte with...

Shushan Petrosyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

"The Girls"

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.