ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 04, 2004




Ռոքը տարիք չի ճանաչում. հայկական ռոքի պիոները վերախմբավորվում է տարբեր մայրցամաքներից


1980-ականների սկզբին, երբ ռոք երաժշտությունը Հայաստանում դեռ չարիք էր, այստեղ մի խումբ ստեղծվեց՝ փորձելու «գլասնոստի» և «պերեստրոյկայի» սահմանները և բերելու նախկինում արգելված երաժշտությունն ըմբոստ երիտասարդությանը:

Փոխվել են դեմքերը, բայց ոչ երաժշտությունը

Չորս երաժիշտ 1983 թվականին կազմեցին «Տեսիլք» խումբը, և կոմունիստական արգելքների թուլացման ը զուգընթաց ռոք խումբը սկսեց ժողովրդականություն վայելել երիտասարդության շրջանում, որը ցնծությամբ ընդունեց ջինս հագնելու և արևմտյան երաժշտություն լսելու ազատությունը:

Հետագայում շատ խմբեր ստեղծվեցին, սակայն «Տեսիլքն» առաջիններից էր:

Խաչիկ Մելեքյանը, Արթուր Սաֆարյանը, Հարություն Ստամբոլցյանը և Հովհաննես Շադանյանն իրենց ռոք խմբով «մարտնչում» էին Հայաստանի անկախության համար, սակայն պայքարի մռայլ օրերը ստիպեցին նրանց բաժանվել:

1989 թվականին խումբը քայքայվեց. պատճառը կարիքն էր, որը ստիպեց նրա անդամներին բաժանվել լավ կյանքի որոնումներում:

Խումբը ցրվեց՝ երկրպագուներին թողնելով միայն կենդանի համերգների հիշողությունները:

Այժմ՝ վերջին համատեղ համերգից 15 տարի անց, «Տեսիլքի» երաժշտությունը վերադարձել է 17 երգ պարունակող «Տեսիլք» կոմպակտ սկավառակով: Այն Լոս Անջելեսում պատրաստել է խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Խաչիկ Մելեքյանը:

«Այս սկավառակը կարծես մեր հին օրերի մարմնավորումը լինի, որի ստեղծման մասին վաղուց էինք մտածում, բայց անցյալ տարի տեղի ունեցավ մի փոքրիկ միջադեպ, որն ուղղակի պարտավորեցրեց մեզ ստեղծել այս սկավառակը»,- ասում է Մելեքյանը:

Նա «ԱրմենիաՆաու»-ին պատմեց, որ անցյալ տարի, երբ 1991 թվականին ԱՄՆ տեղափոխվելուց հետո առաջին անգամ եկել էր Հայաստան` ներկայացնելու իր գործիքային ստեղծագործությունների «Առեղծվածայնություն. ներհոսք» (Mysticity, The Influx) ձայնասկավառակը, իրեն էր զանգահարել մի անծանոթ ու ասել, որ «Տեսիլքի» մեծ երկրպագուներից է, բաց չի թողել ոչ մի համերգ, անգամ հյուրախաղերին իր միջոցներով շրջել է խմբի հետևից և շատ ցավում է, որ խումբը ոչ մի ձայնագրություն չունի:

«Մի՞թե չկա ոչ մի ձայնագրություն, մի՞թե չենք կարող գոնե լսել ձեր երգերը»,- հարցրել է անծանոթը:

Մեկ տարի անց պատասխանն է. «Կա՛»:

«Մեծ ցանկությունն ու ժամանակակից տեխնիկան հնարավորություն տվեցին մեզ հաղթահարելու տարածությունն ու ժամանակը,- ասում է Մելեքյանը: - Խմբի չորս անդամներն էլ ապրում են տարբեր քաղաքներում, բայց սկավառակը ստեղծեցինք միասին»:

«Տեսիլքի» չորս անդամներից միայն Շադանյանն է շարունակում ապրել Երևանում. Սաֆարյանը Մոսկվայում է, իսկ Ստամբոլցյանը՝ Ֆլորիդայում (ԱՄՆ):

Տարածությունը հաղթահարել նրանց օգնեց ինտերնետը:

Սկզբում Մելեքյանը ձայնագրում էր իր երգերի ընդհանուր գործիքային մասը և էլեկտրոնային փոստով ուղարկում խմբի մյուս անդամներին, որոնք ավելացնում էին իրենց մասերը: Վերջում այդ ամենը Մելեքյանն ամբողջական տեսքի էր բերում Կալիֆոռնիայի ձայնագրման ստուդիայում:

««Տեսիլքը», կարծես, մեր զավակը լինի, այն մենք ենք ծնել, մեր երիտասարդական երազներից ու հույզերից,- ասում է Մելեքյանը: - Թեև ապրում ենք միմյանցից հեռու, բայց միշտ միավորված ենք «Տեսիլքի» պատմությամբ ու անցյալով»:

Մելեքյանը

Այս անգամ Մելեքյանը Հայաստան է եկել՝ բերելով կոմպակտ սկավառակներ (որոնք վաճառվում են Երևանում և ինտերնետով
www.khach.com
) և պաստառներ, որոնք ազդարարում են հայկական ռոքի առաջին սերնդին, որ «Տեսիլքը» վերադարձել է, թեկուզև ձայնագրություններով:

«Սա ռաբիզ չէ, ոչ էլ ժողովրդական, ոչ անգամ տեխնո կամ հիփ-հոփ, սա հայկական ռոք է»,- հայտարարում են երաժիշտները:

Սա երաժշտություն է, որը ծնվել է իրադարձությունների թելադրանքով փոփոխությունների ժամանակաշրջանում:

Խմբի անդամներից ոչ մեկը չունի երաժշտական մասնագիտական կրթություն:

«Նվագել սովորել ենք հարևանի դաշնամուրի վրա»,- ասում է Մելեքյանը:

Մելեքյանն ու Ստամբոլցյանը ծանոթացել են բակում, պատահաբար իմացել, որ երկուսն էլ կիթառ են նվագում, սկսել են միասին փորձեր անել ու երգեր գրել:

«Հետո իմացանք, որ հարևան բակից մի քանի հոգի խումբ են կազմել, ելույթներ են ունենում, մտածեցինք՝ «Ինչո՞ւ մենք էլ չունենանք»»,- պատմում է Մելեքյանը:

Այդպես 22-23 տարեկան երիտասարդները ստեղծեցին «Տեսիլքը»: Դժվարությունները շատ էին, անգամ գործիք չկար:

Սակայն 1986 թվականին Ռոստով քաղաքում «Տեսիլքը» մասնակցեց Խորհրդային Միությունում կայացած առաջին ռոք փառատոնին և արժանացավ առաջին մրցանակին: Դրան հաջորդեցին համերգներ, շրջագայություններ ու ճանաչում:

Այդ տարիների հայկական ռոք խմբերից էին «Ոստան հայոց»-ը, «Արձագանքը», «36.6»-ը, որոնք սուր մրցակցության մեջ էին միմյանց հետ:

«Մյուսները վառվում էին, երբ նոր երգով էինք հանդես գալիս, մենք էլ մյուսների նոր հաջողություններից էինք պայթում, բայց այդ ամենը մնաց անցյալում, քանզի եթե «Արձագանքի» Եղիշ Պետրոսյանի հետ մենք մրցակից էինք, այսօր ընկերներ ենք»,- անկեղծորեն ասում է Մելեքյանը:

«Տեսիլքի» երգերն այսօր էլ հիշվում ու վերածնվում են երիտասարդ երգիչների նոր կատարումներում, ինչպես օրինակ՝ «Տեսիլքի» ամենահայտնի երգը՝ «Անձրևը», Արսեն Սաֆարյանի կատարմամբ:

Հին երգերը նոր շունչ են ստանում նաև տեսահոլովակների միջոցով: Մելեքյանի գործիքային ստեղծագործության հիման վրա ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը և դերասանուհի Նարե Հայկազյանն արդեն նկարահանել են մի տեսահոլովակ ու պատրաստում են ևս մեկը:

Ըստ Մելեքյանի, իրենք հնարավորինս պետք է պահպանեն «Տեսիլքի» ոգին, քանզի իրենց հետ իրենց զավակն էլ մեծանում է ու կյանքի հորձանուտում կարող է մոլորվել:

«Մեզ համար «տեսիլք» բառն անգամ դարձել է կլիշե ու մեր խոսակցության մեջ փոխարինում է «հիանալի», «գեղեցիկ» բառերին,- ասում է Մելեքյանը: - «Տեսիլքի» մեջ ենք մենք փնտրում մեր անցյալը, մեր մեջ վերագտնում այն երիտասարդներին` իրենց անսպառ երազներով ու խենթությամբ»:


According to Agnes
 

  Inside
 

Going Nowhere: Armenian refugees flee to Azerbaijan in odd plea for asylum

Full story

 
 

Village of Discontent : Residents of Dimitrov charge they are being mistreated

Full story

 
 

A Byte with...

Shushan Petrosyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

"The Girls"

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.