ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 13, 2004




Փողոցային կռիվներ. բնակիչներն ասում են, որ Երևանի շքեղ այցեքարտի համար վճարում են իրենք

Բնակիչներն արտահայտում են իրենց բողոքը

Երբ Հյուսիսային պողոտայի կառուցման գաղափարն առաջին անգամ ներկայացվեց հասարակայնությանը,
Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը լրագրողներին ասաց. «Ինչ էլ որ անենք, միևնույն է քննադատելու են»:

Քաղաքապետի կանխատեսումը երկու տարի անց լիովին իրականացավ. Հյուսիսային պողոտայի կառուցման պատճառով քանդվող տների հարյուրավոր բնակիչների քննադատությունը վերաճեց դժգոհության, հետո՝ վրդովմունքի և վերջապես՝ ամենօրյա բողոքների վերջին ամսվա ընթացքում:

Հյուսիսային պողոտայի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2006 թվականին: Այն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կազմած Երևանի գլխավոր նախագծի մի մասն է կազմում, որը պետք միացնի Օպերայի հրապարակը Հանրապետության հրապարակի հետ: Շինարարության ավարտից հետո մայրաքաղաքի ժամանակակից գլխավոր մայրուղին իրենից կներկայացնի 450 մետր երկարությամբ մի հետիոտնային պողոտա երիզված ռեստորաններով, վաճառատներով և բնակելի շենքերով:

Քաղաքային իշխանություններն արդեն մաքրել են ապագա պողոտայի 63000 քմ տարածքի 27000 քառակուսի մետրը, և 220 ընտանքիներ փոխհատուցում են ստացել իրենց բնակարանների համար:

Բողոքներն ամենօրյա բնույթ են կրում

Սակայն մնացած 260 ընտանիքները դեռ պետք է պայմանագիր կնքեն: Պուշկին, Տերյան, Լալայանց և Աբովյան փողոցների բնակիչները պնդում են, որ ծրագիրն իրականացնող «Հյուսիսային պողոտա և Կասկադ» շահույթ չհետապնդող պետական ձեռնարկության պաշտոնյաներն իրենց առաջարկում են այնպիսի փոխհատուցում, որը կազմում է իրենց ակնկալիքների մեկ երրորդից մինչև կեսը: Նրանք նաև դժգոհում են, որ պարտավոր են իրենց փոխհատուցման գումարի 10 տոկոսի չափով հարկ վճարել պետական բյուջե:

Բնակտարածքի սեփականատերերին ներկայումս առաջարկում են 250-400 դոլար մեկ քառակուսի մետրի համար՝ կախված շենքի վիճակից: Մինչդեռ Հյուսիսային պողոտայի տարածքների աճուրդում չափաբաժինները վաճառվում են մեկ քառակուսի մետրը 1000 դոլարով:

Չսեփականաշնորհված բնակարանների բնակիչներին առաջարկում են 2500 դոլար ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, եթե նրանք համաձայնում են հրաժարվել իրենց իրավունքներից և ազատում են բնակտարածքը:

Վերգինե Հովսեփյանը բնակվում է Տերյան, 12 հասցեով տանը (նա տան սեփականատեր չէ): 60-ամյա Հովսեփյանը, որն ապրում է մենակ և ընտանիք չունի, ասում է, որ ինքը կարող է հայտնվել փողոցում:

«Ես 50 տարի ապրել եմ այդ տանը: Իրենց առաջարկած 2500 դոլարով ես մի փոքր սենյակ էլ չեն կարող գնել Երևանի ամենահեռավոր անկյունում», ասում է նա:

Մյուս բնակիչները գանգատվում են, որ գրասենյակի պաշտոնյաները ճիշտ չեն կատարում իրենց ունեցվածքի փոխհատուցման հաշվարկները:

«Ես 330 քմ տարածք ունեմ՝ բնակարան և բակ, բայց ինձ առաջարկում են ընդամենը 54000 դոլար, - ասում է Լալայանց փողոցի բնակչուհի Լիդա Աբգարյանը: - Ստացվում է, որ մեկ քառակուսի մետրը հաշվարկում են 160 դոլարով»:

Բնակիչները գանգատվում են, որ պաշտոնյաները ճիշտ չեն հաշվարկում իրենց ունեցվածքի արժեքը

Բնակիչների բողոքներից իշխանությունների քաղաքականությունը չի փոխվում, թեև անցյալ շաբաթ իր պաշտոնից ազատել են «Հյուսիսային պողոտա և Կասկադ» գրասենյակի գործադիր տնօրեն Սերգեյ Բայբուրթյանին: Քաղաքապետարանը, որն իրականացնում է շինարարությունը, հրաժարվեց մեկնաբանել այդ փաստը:

«Կարևոր չէ, թե ինչու է Բայբուրթյանն ազատվել աշխատանքից, - ասում է գրասենյակի փոխտնօրեններից մեկը՝ Ֆելիքս Աֆյանը: - Մենք աշխատում ենք, փոխտնօրեններից մեկն արդեն ստանձել է նրա պաշտոնը, և մենք փորձում ենք լուծել բոլոր պրոբլեմները»:

Նրանց առաջ կանգնած հիմնական պրոբլեմն այն է, որ փոխհատուցումը մերժած բնակիչները հրաժարվում են լքել իրենց բնակարանները: Շինարարության պլանով տարածքը պետք է մաքրված լիներ մի քանի ամիս առաջ: Սակայն բնակիչները դիմադրում են, նրանք շտաբ են հիմնել և պահակություն են անում՝ պաշտպանելու իրենց ունեցվածքը, ինչպես իրենք են համարում, ապօրինի բռնագրավումից:

Բնակիչները դիմել են Ազգային ժողովին՝ առաջարկելով ընդունել օրենք մի անկախ մարմին ստեղծելու մասին, որը կորոշեր, թե որքան պետք է վճարել քաղաքացիների ունեցվածքի համար:

Շուրջ 100 բնակիչներ արդեն դիմել են դատարան, հիմնականում առանց հաջողության: Դատարանները որոշում են, որ բնակիչները պետք է լքեն իրենց բնակարանները կամ վտարվեն, և որոշ բնակիչների արդեն հարկադրաբար վտարել են:

Աֆյանի հավաստմամբ քաղաքապետարանը կազմել է հատուկ հանձնաժողով քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ, որը պետք է վերաքննի յուրաքանչյուր բնակչի գործը:

«Մենք կներդրենք դրամական խրախուսման համակարգ և ավելի բարձր գումար կառաջարկենք բնակիչներին, - ասում է Աֆյանը: - Ոչ սեփականատերերին կառաջարկենք լրացուցիչ 4000 դոլար:

«Հանձնաժողովը որոշել է առաջին հերթին քննել տարեցների, հաշմանդամների, միայնակ մայրերի և կարիքավոր ընտանքիների գործերը»:

Սակայն այն բնակիչները, որոնց գործերը հանձնաժողովն արդեն քննել է, ասում են, որ իրենց ոչ մի նոր բան չեն առաջարկում: Նրանք պահանջում են, որ իրենց ունեցվածքը գնահատելու համար հրավիրվեն անշարժ գույքի անկախ մասնագետներ:

Աֆյանն ասում է. «Հյուսիսային պողոտայի տարածքում ունեցվածքի գնահատումը կառավարությունը վստահել է «Արթին» ընկերությանը, որի տվյալների վրա էլ մենք հիմնվում ենք փոխհատուցման գումարները սահմանելիս»:

Մի քանի ընկերություններ՝ «Նորթ այլենդ», «Սոգլասիե Արմենիա» և «Մերկատոր», արդեն սկսել են շինարարական աշխատանքները Հյուսիսային պողոտայում:

Տեղական մամուլում արդեն հայտնվում են հայտարարություններ, որոնք «էլիտար բնակարաններ» են առաջարկում Հյուսիսային պողոտայում մեկ քառակուսի մետրը 950 դոլարով, ինչպես նաև առևտրական տարածքներ (ռեստորաններ, սրճարաններ և այլն) մեկ քառակուսի մետրը 2000-2200 դոլարով:

Իսկ բնակիչներն այդ ընթացքում շարունակում են ճնշում գործադրել՝ պահանջելով կրկնապատկել փոխհատուցման գումարը: Ոմանք սպառնում են հացադուլ սկսել ի պաշտպանություն իրենց պահանջների:


According to Agnes
 

  Inside
 

Street Fighting: Residents say they are paying the price of Yerevan 's prestige landmark.

Full story

 
 

Home from home: Citizens of Armenia are forced to leave Turkmenistan.

Full story

 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Special Delivery

You wait 12 years for a baby and then three come along at once...Karina Maisuradze-Gevorkyan became the proud mother of triplets, two girls and one boy, on February 5 at Yerevan's Maternity Research Center. Karina had been trying to have a child for 12 years without success before approaching the center and undergoing fertility treatment.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.