 |
Պայթուցիկ խոսքեր
|
Հայաստանի հեղափոխական դաշնակցության բյուրոյի առաջատար անդամներից մեկի ելույթը ՀՅԴ 29-րդ ընդհանուր ժողովում լուրջ վիճաբանությունների առիթ դարձավ:
Հրանտ Մարգարյանի ելույթը մեկ շաբաթ առաջ սկսված ժողովում աշխույժ վերլուծությունների և մեկնաբանությունների նյութ դարձավ Հայաստանի քաղաքական շրջաններում: Նրա ելույթից հետո ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը լքեցին դահլիճը՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը կառավարող կոալիցիայում իրենց գործընկերոջ տեսակետների մասին:
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամն է, ինչ ՀՅԴ-ն իր ընդհանուր ժողովը անցկացնում է Հայաստանում: Ժողովին ներկա էր ողջ քաղաքական վերնախավը՝ վարչապետը, ԱԺ նախագահը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, արտգործնախարարը, որոնք բոլորն էլ հանդես եկան ողջույնի խոսքով:
Համաժողովին ներկա էին Հայաստանի բոլոր առաջատար քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Բացակա էին միայն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, սակայն նախագահն ուղերձ էր հղել ժողովի մասնակիցներին: ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանն էլ ընթերցեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ուղերձը:
Ժողովին ներկայացրած իր հաշվետու զեկույցում Մարգարյանն անդրադարձավ Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հարցերին:
Հայաստան-Վրաստան հարաբերություններ
«Վրաստանի նոր իշխանությունների վարած ազգային խտրականության քաղաքականության զոհ դարձած Ջավախքն այլևս վառոդի տակառի է նման, այն բոլոր պատճառներն ունի պայթելու: Կարևոր չէ, թե մենք ինչ ենք ցանկանում, այն կարող է ինքն իրեն պայթել: Իսկ մենք ցանկանում ենք ուժեղ, կայուն Վրաստանի կազմում պետական գուրգուրանքի արժանացած ինքնավար Ջավախք»:
Հայ-թուրքական հարաբերություններ
«Եթե ցեղասպանության ճանաչման հարցը մեր արժանապատվության հարցն է, ապա Արևմտահայաստանի հարցը մեր իրավունքը, մեր գոյությունը ապահովող անհրաժեշտություն է: Մենք դեմ ենք այսպես կոչված «թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովին»:
Այսօրվա Թուրքիան ցեղասպանություն ծրագրած ու գործադրած նույն Թուրքիան է, և հայ-թուրքական հաշտեցումը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կեղծ օրակարգ է այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան հերքում է ցեղասպանության փաստը:
Մենք դեմ ենք Հայաստան-Թուրքիա որևէ հարաբերության, եթե այն պետք է նշանակի մեր իրավունքների ինչ-որ մասից հրաժարվել: Մենք շարունակելու ենք պայքարը, շարունակելու ենք մեր ճնշումը Թուրքիայի վրա՝ մինչև ցեղասպանության փաստի միջազգային ճանաչում, մինչև միացյալ Հայաստանի կերտում»:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը
«Այսօր Ղարաբաղը փաստացի մերն է: Այն Հայաստանի շարունակությունն է: Սակայն 88-ին մեկնարկած երթը պետք է շարունակվի մեր չքնաղ Շահումյանի, մեր Գետաշենի ազատագրության, Արցախի միացման փաստի միջազգային ճանաչման վերջնական հաղթանակով: Ազատագրված տարածքները Արցախի և Հայաստանի անվտանգության երաշխիքն են և մաս են կազմում ԼՂՀ ամբողջականության»:
Մարգարյանը նաև քննադատել է նախագահ Քոչարյանին, չնայած ՀՅԴ-ն կառավարող կոալիցիայի անդամ է: Նա ասել է. «Դաշնակցությունը զորակցել է նախագահին, թեև բոլոր հարցերում չէ, որ համակարծիք է եղել նախագահի հետ: Նախագահը, մասամբ փաստերով պարտադրված, մասամբ անհրաժեշտ վճռականություն չցուցաբերելով, հանդուրժեց երկրում կոռուպցիայի, անարդարության արդեն վաղուց մեկնարկած հաղթարշավը»:
Մարգարյանը անդրադարձել է նաև 2003-ի ընտրություններին՝ քննադատության ենթարկելով և՛ կոալիցիայի դաշնակիցներին, և՛ անուղղակիորեն՝ նախագահին:
 |
Ելույթին ներկա էին մի խումբ պետական այրեր
|
«Ի սկզբանե հավատացած էինք, որ երկրին ու ժողովրդին անհրաժեշտ է արդար ու համոզիչ ընտրությամբ ընտրված նախագահ: Համոզիչ ընտրված նախագահը պետք է ձերբազատված լիներ պարտադրված գործընկերներից, պետք է ունենար անկաշկանդ գործելու ազատություն: Իսկ ոմանց պետք չէր ազատ և ուժեղ նախագահ, և տեղի ունեցան խախտումներ»:
Համաժողովում արտգործնախարար Օսկանյանը ջերմ խոսքեր ասաց ՀՅԴ-ի մասին՝ նշելով, որ «Դաշնակցությունը խորհրդանշում է մեր միությունը»: Սակայն Մարգարյանի ելույթից հետո արտգործնախարարը հանդես եկավ հայտարարությամբ՝ հայտնելով իր անհամաձայնությունը Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի քանի ձևակերպումների:
ԱԳՆ մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը նշել է, որ չնայած ՀՅԴ-ն մաս է կազմում կառավարող կոալիցիայի, սակայն արտաքին քաղաքականությունը Սահմանադրությամբ վերապահված է ՀՀ նախագահին:
Մարգարյանն իր ելույթում նաև խիստ վտանգավոր է համարել գլոբալիզացիան՝ նշելով, որ այն արագորեն իր բացասական ազդեցությունն է թողնում բազմաթիվ բնագավառների վրա: Նա ասել է նաև, որ ՄԱԿ-ը կորցրել է իր գոյության իմաստը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել է, որ կոալիցիան նորմալ է գործում: Նախարարը հանգիստ է ընդունել Մարգարյանի ելույթը:
«Խորհուրդ եմ տալիս բոլոր կուսակցություններին հայրենիքին նայել ուղիղ և ոչ թե կուսակցական պրիզմայի միջով», ասել է նախարարը:
Սակայն ժողովին ներկաների մի մասը ելույթը գնահատեց որպես ռազմատենչ հայտարարություն, որը ցույց է տալիս դաշնակցության ձգտումը օտարվելու կոալիցիայի իր գործընկերներից՝ Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցություններից:
Հայաստանի առաջին վարչապետ և Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը Մարգարյանի ելութը համարեց անընդունելի և վտանգավոր:
«Որպես կուսակցություն դաշնակցությունն իրավունք ունի կարծիքներ հայտնելու, այդ թվում՝ նաև էկզոտիկ, - ասել է Մանուկյանը, - բայց պետական տեսանկյունից դա անընդունելի է: Մեր երկրի չորս
հարևաններից երեքը խփվեցին՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան: Չեմ կարծում, որ այդպիսի մոտեցումներով Հայաստանը կարող է առաջ գնալ»:
«Ճիշտ կլիներ, որ ՀՅԴ-ն փաստերին նայեր իրատեսորեն և միանար ըննդիմությանը՝ պահանջելով Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, քանզի վերջիններս տապալել են ՀՀ արտաքին քաղաքականության ամբողջ գործընթացը», ասել է ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը:
Մարգարյանի ելույթի կապակցությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդի փակ նիստ է գումարել և որոշել է, որ Մարգարյանի ելույթին ավելի հիմնավորապես կանդրադառնա Դաշնակցության ժողովի ավարտից հետո, երբ հրապարակվի ժողովի բանաձևը: Խորհուրդը նաև որոշել է սույն ելույթը քննարկման առարկա դարձնել կոալիցիայի խորհրդի հաջորդ նիստում:
«Օրինաց երկիրը» դեռևս չի արտահայտել իր տեսակետը ելույթի կապակցությամբ:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ներքաղաքական հարցերով փորձագետ Ստյոպա Սաֆարյանը դաշնակցության այսպիսի մոտեցումները գնահատում է որպես «արկածախնդրություն» և այլ խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ:
«Նման հայտարարությունից ջավախքահայությունը չի կարող շահել: Բացառված չէ, որ հանրության ուշադրությունը դեպի Վրաստան, դեպի Ջավախք ուղղելը արդյունք է այն բանի, որ մեծ տապալում կա Ղարաբաղի խնդրում: Այս կարգի հայտարարությունները կարող են բերել պատերազմական գործողությունների վերսկսման», ասում է քաղաքագետը:
|