 |
Գեորգին
և
Գալինան
|
Ամեն երեկո, երբ ձմեռային ցուրտ ու մռայլ օրը գլորվում է դեպի մայրամուտ, իր փոքրիկ սենյակում նստած Գեորգի Ադամյանը աշխատում է հնարավորին չափ ուշ վառել վառարանը, որպեսզի խնայի վառելափայտը: Սակայն երբ ցուրտը հասնում է նրա 76-ամյա ոսկորներին, խնայելու ձգտումը զիջում է տաքանալու ձգտմանը:
Հանրակացարանային գորշ սենյակում ջերմաստիճանը -1-ից բարձրանում է մինչև +5:
«15 տարի շարունակ օրն ինձ համար սկսվում ու վերջանում է մի մտահոգությամբ. էլ ու՞մ կարելի է դիմել, նամակ գրել, որ օգնեն սեփական չորս պատ ունենալու հարցում, չէ՞ որ «բեժենցիներ» ենք», ասում է նա:
Գեորգի Ադամյանի նման այսօր Էջմիածնի Ներսիսյան վարժարանին պատկանող հանրակացարանի շենքում բնակվում է 21 փախստական ընտանիք (35 հոգի):
Բոլորը եկել են Ադրբեջանից 1988-89 թվականներին: Գեորգին, որ հանրակացարանի փախստականների խորհրդի նախագահն է, ասում է, որ սկզբում ավելի շատ էին:
«Չորս հարկանի շենքի ամեն հարկում 22 ընտանիք էր բնակվում: Ժամանակի հետ, շատերը, չդիմանալով գնացին Ռուսաստան, շատերն էլ մահացան», ասում է նա:
Գեորգին ինքը ապրում է միայնակ: Կինը և երկու երեխաները նրան լքել են դեռ Բաքվում, մեկնել են Վրաստան: Նրանք պարբերաբար զանգում և կանչում են նրան, բայց Գեորգին ասում է, որ երբեք չի լքի Հայաստանը, որ սա իր հայրենիքն է:
Բաքվում Գեորգին աշխատում էր գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ-ծրագրավորող: Էջմիածին տեղափոխվելուց հետո հինգ տարի աշխատել է քաղաքի պլաստամասսաների գործարանում, որտեղից էլ անցել է թոշակի: Ստանում է 8500 դրամ թոշակ: ՈՒրախանում է անգամ այն մտքից, որ այս տարի թոշակը մոտ 1000 դրամով ավելանալու է:
Գեորգիի բնակարանը միաժամանակ և՛ լոգարան է, և՛ ննջարան: Գրքերի պահարանում դրված է Ռոբերտ Քոչարյանի դիմանկարը:
«Հայաստանում դժվարություններ շատ կան, բայց Հայաստանից լավ տեղ ինձ համար չկա», ասում է նա:
Սենյակի մի ծայրից մյուսն են ձգվում լվացքի պարանները: Գեորգին այդ պարաններից բավականին խնամքով կախել է կոստյումները, տաբատները, մարզական համազգեստը: Այդ բոլոր հագուստները նրան տվել են ընկերները: Իսկ պահարանի բաժակներն ու ափսեները տվել են օտար մարդիկ:
Հարևանները սիրով են ընդունում Գեորգիին, բայց սկսում են ոչ թե զրուցել, այլ գանգատվել:
76-ամյա Գուրգեն ու 64-ամյա Սեդա Խաչատրյանները Էջմիածին են եկել 1988 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի Շեքի քաղաքից:
«Ամեն օր հիշում եմ ավտոմատներով զինված խելագար ամբոխին, որ
մոտենում էր մեր տանը: Կրակոցների ձայնից ոտքերս թուլացան: Մենք միայն հասցրինք հագնվել ու փախչել: Տանկերով մեզ բերեցին մինչև Թբիլիսի, այնտեղից էլ եկանք այստեղ», պատմում է Սեդան: Նրանց սենյակը կիսված է վարագույրով, որի կտորը հիշեցնում է 40-ական թվականները: Սենյակի իրերի մեծ մասը նվիրել են բարեկամները:
Գուրգենը ստանում է 4000 դրամ կենսաթոշակ, Սեդան՝ 3500: Փոքրիկ սենյակը տաքացնում են փողոցներից հավաքած ճյուղերով:
Գուրգենը ֆռթացնելով խմում է կնոջ պատրաստած մուգ թեյը ու երանությամբ հիշում Շեքիում թողած իրենց երկհարկանի առանձնատունը. «Չեմ հավատում, որ մի օր սեփական տուն կունենամ»:
Զրույցն ընդհատում է մյուս հարևանը՝ 68-ամյա Գալինան: Հայաստանում նա կորցրել է ամուսնուն, մորը, տղային ու եղբորը: Եթե Գեորգին դեռ կարող է գովել իր «հայրենիքը», Գալինան իր մերձավորների մահվան մեջ մեղադրում է տեղի ահավոր պայմանները:
Արցունքները թափվում են Գալինայի աչքերից, սակայն նա շարունակում է խոսել և ասում է. «Մենք չենք ապրում, մենք շնչում ենք:
Թող մեզ միայն տուն տան, ուրիշ ոչինչ չենք ուզում, ու թող մեզ այլևս «փախստական» չասեն: Չեմ ուզում մարդկանց ասել, որ այս թշվառ հանրակացարանում եմ ապրում»:
Բայց նա շարունակում է ապրել հանրակացարանում, որտեղ պայմաններն իսկապես թշվառ են:
Շենքում ջուր չկա: Դույլերով բերում են հարևան սեփական տներից:
«Որքան կարելի է, մարդիկ տեղադրել են իրենց ջրի հաշվիչները, սակայն էլի թույլ են տալիս օգտվել», ասում է Գեորգին:
Լոգասենյակի ու զուգարանի հատակը պատված է սառույցի հաստ շերտով:
 |
Սեդան |
12 տարիների ընթացքում Գեորգի Ադամյանը շուրջ 30 նամակ է գրել փախստականների հարցերով զբաղվող տարբեր պատասխանատու մարմինների: Առաջին նամակն ուղղված էր հանրապետության նախագահին: Վերջինը գրել է այս տարվա հունվարի 27-ին միգրացիայի և փախստականների վարչությանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին և Նորվեգիայի փախստականների խորհրդին:
Վերջին պատասխանը Գեորգին ստացել է պետական մի վարչությունից, որտեղ ասվում է, որ իր «դիմումը կուսումնասիրվի»:
Միգուցե այդպես էլ լինի:
Անցյալ տարի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի օժանդակությամբ Էջմիածնում 28 ընտանիք (56 հոգի) ապահովվել է բնակարանով: Այս տարի նախատեսվում է բնակարանով ապահովել 150 փախստական ընտանիքների (Նորվեգիայի փախստականների խորհուրդը Էջմիածնում ծրագիր դեռ չի իրականացրել, սակայն ներկայումս իրականացնում է ծրագրեր Գյումրիում (52 ընտանիքի համար) և Երևանում (66 ընտանիքի համար)):
«Ես արդեն չեմ հավատում, որ փախստականների ու միգրացիայի վարչությունը մեզ համար կարող է ինչ-որ բան անել: Մեր հույսը ՄԱԿ-ն է. գուցե այդ 150-ի մեջ մեզ էլ բախտ վիճակվի տուն ստանալ», ասում է Գեորգին:
Գանգատվելով հանդերձ՝ բնակիչները, որոնք կրում են իրենց համար անցանկալի պիտակը, նշում են նաև այն օգնությունը, որ իրենք ստանում են «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունից և Կարմիր խաչի Էջմիածնի գրասենյակից: Ամիսը մեկ անգամ իրենք անվճար բուժօգնություն և դեղորայք են ստանում:
Ապրում ենք ինչպես բանտարկյալը խցում, առանց տարրական պայմանների, - ասում է Գեորգին: - Սա է մեր տունը, բոլորս ստացել ենք Հայաստանի Հանրապետության անձնագիրը: Բայց մեզ լիարժեք քաղաքացի չենք զգում»:
|