|
Անուշ,
աղի երազներ
|
Ամեն տարի Ս. Սարգսի օրվա նախօրեին Մանուշ Սողոմոնյանը
իր ընկերուհիների հետ նախապատրաստ-
վում է տարվա ամենախորհրդավոր ու հետաքրքիր արարողությանը:
«Ես ամեն տարի անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան, ինչպես շատ ու շատ երիտասարդներ, - ասում է 16-ամյա Մանուշը: - Դա մի օր է, որը կարող է բացել քո ապագայի շատ գաղտնիքներ»:
Հայկական Սուրբ Սարգսի տոնը այս տարի նշվում է փետրվարի 7-ին: Այն համարժեք է սուրբ Վալենտինի տոնին, սակայն ունի իր հայկական նրբերանգները:
Ավանդության համաձայն անհաղթ զորավար Սուրբ Սարգիսը, սիրահարվելով հույն թագավորի աղջկան, փախցնում է նրան և որպեսզի ազատվի հետապնդողերից, սաստիկ բուք է բարձրացնում: Այս է պատճառը, որ Սուրբ Սարգիսը օժանդակում է երիտասարդների սիրային ծրագրերի իրագործմանը: Իսկ այդ օրը, ասում են, անպայման քամի է բարձրանում:
Այդ օրը եկեղեցում տեղի են ունենում երիտասարդների օրհնման արարողություններ: Սակայն ժողովրդի մեջ այն ավելի հայտնի է աղաբլիթ պատրաստելու և ուտելու սովորույթով:
«Աղաբլիթը հնուց եկած հայկական մի ավանդույթ է, որը հնարավորություն է տալիս չամուսնացած երիտասարդներին երազում տեսնելու իրենց կյանքի ընտրյալին», ասում է ազգագրագետ Ժենյա Խաչատրյանը:
Ավանդության համաձայն տոնի նախօրեին մի ամբողջ օր անոթի մնալուց հետո չամուսնացած երիտասարդները ճաշակում են աղաբլիթը: Այն փոքրիկ, կլորավուն, չափազանց աղի մի բլիթ է, որը պետք է պատրաստի տարեց, բարի, ընտանեկան երջանկություն ունեցող ու տոնի խորհրդին հավատացող տանտիկինը կամ ընտանիքի տատիկը:
Աղաբլիթի բաղադրությունը շատ պարզ է: Այն պատրաստվում է ալյուրով, աղով և ջրով՝ առանց թթխմորի և այլ հավելումների: Ընդ որում, ցանկացողները կարող են աղաբլիթը կամ դրա բաղադրամասերը եկեղեցում օրհնել տալ:
«Աղաբլիթը որևէ ծիսական նշանակություն չունի, - ասում է Խաչատրյանը: - Այդ բլիթի նշանակությունը ծարավ առաջ բերելն է, որն էլ, ըստ ժողովրդի, բերում է ցանկալի արդյունքի»:
Ամբողջ օրն անոթի մնալուց հետո երիտասարդները քնելուց առաջ ուտում են աղաբլիթը, ապա, զսպելով իրենց մեջ ծարավի զգացումը, առանց մի կաթիլ ջուր խմելու և առանց խոսելու պառկում քնելու:
Ըստ ավանդության այդ գիշեր Սուրբ Սարգիսը բարեխոսում է Աստծուն և նրա օգնությամբ խնդրող երիտասարդներին ցույց տալիս իրենց ապագա կնոջը կամ ամուսնուն: Աղաբլիթ կերած երիտասարդին երազում ջուր հրամցնողն էլ դառնում է նրա ընտրյալը: Ընդ որում, եթե երիտասարդը երազում ոչ մեկին էլ չի տեսնում, պետք է չհուսահատվի, քանի որ, ըստ ազգագրագետի, սպասված երազը կարող է տարիներով ուշանալ:
«Անցյալ տարի ես աղաբլիթ կերա, սակայն երազումս ծով տեսա, և ոչ մեկն էլ ինձ ջուր չտվեց, - ասում է Կարինե Խաչատրյանը: - Այս տարի ևս փորձելու եմ, միգուցե բախտս բերի ու ապագա ամուսնուս տեսնեմ»:
«Ես խորապես հավատում եմ աղաբլիթի ավանդությանը, քանի որ մայրս էլ հորս է աղաբլիթի շնորհիվ նախօրոք տեսել: Ուստի այդ հավատով էլ շատ տարիներ ամեն տոնին աղաբլիթ էի ուտում, սակայն ապարդյուն, - ասում է 25-ամյա Եվա Սմբատյանը: - Բայց երկու տարի առաջ ես տեսա երազումս նրան՝ սպասվածին: Երիտասարդը մոտեցավ ու ջրի փոխարեն ինձ մարտինի առաջարկեց»:
Եվան ասում է, որ թեև երազում նման առաջարկը տարօրինակ էր, սակայն մեր օրերում նման երազն ընդունելի է:
«Ես գրեթե մոռացել էի երազս ու լուրջ չէի ընդունում այն, մինչև չհանդիպեցի նրան՝ իմ ընտրյալին, - ասում է Եվան: - Նա նույն շորերով էր, ինչ տեսել էի երազումս, ու առաջարկեց ինձ որևէ բար գնալ: Բարում հազիվ էինք նստել, երբ նա՝ Էմիլը, առանց ինձ հարցնելու ինձ համար մարտինի պատվիրեց, պատկերացնու՞մ եք: Միգուցե այդ ավանդույթը մեզ համար ցեղական է, չգիտեմ, բայց ես իմ ընկերոջ հետ եմ արդեն մեկ տարուց ավելի, և մենք պատրաստվում ենք մոտակա ժամանակներում ամուսնանալու: Այն գիշերվա երազը մեծ նշանակություն ունեցավ»:
Ազգագրագետ Խաչատրյանն ասում է, որ երազներն էլ իրենց պատմությունն ու մեկնաբանությունն ունեն, ինչպես աղաբլիթի խորհուրդը:
«Առավոտյան երիտասարդներն արթնանում են և ընտանիքի մեծերի հետ սկսում են մեկնաբանել իրենց երազները, դա նույնպես ավանդույթ է, - ասում է Խաչատրյանը: - Եթե երիտասարդին իր ընտրյալը ջուր է տվել ոսկե գավաթով, ապա ապահով, հարուստ ընտանիք կունենա: Եթե ջուրը մաքուր է, ապա ազնիվ ընտանիք կկազմի, եթե պղտոր՝ դժվարություններ ու խարդախություններ կլինեն ընտանիքում, և այդպես շարունակ: Այս տոնին տրամադրությունները տարբեր են, պատմությունները՝ նույնպես, սակայն կարևորը մարդկանց հավատն է, որն էլ սկիզբ է դնում այդ ամենին»:
|