Հայաստանի 2004 թվականի պետական բյուջեի նախագիծը
ցույց է տալիս, որ հաջորդ տարի կառավարությունը
մտադիր է ծախսել 15 տոկոսով ավելի, քան ակնկալում
է եկամուտներ:
Ազգային ժողովում անցյալ շաբաթ սկսված բյուջեի
նախագծի քննարկումը ավարտվեց այս շաբաթ: ¶րեթե
բոլոր նախարարները դժգոհ էին բյուջետային հատկացումներից,
իսկ ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին,
որ սա հերթական գոյատևման բյուջե է:
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի
հավաստմամբ երկրի ներքին տնտեսական աճի շնորհիվ
բյուջեն ավելի քիչ է ապավինելու արտաքին ֆինանսավորմանը,
քան նախորդ տարիներին:
Ըստ Խաչատրյանի բյուջեի նախագծում չկան կառուցվածքային
բարեփոխումների համար Համաշխարհային բանկի կողմից
տրվող վարկերը, ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քրքորյանին
պատկանող «Լինսի» հիմնադրամի հատկացումները և Հոլանդիայի
կառավարության նվիրատվությունները։
«2003 թվականի համեմատությամբ արտաքին տրանսֆերները
կնվազեն 53 միլիարդ դրամով (մոտ 94 միլիոն դոլար):
Բայց տնտեսական աճը կազմել է 13 տոկոս», ասաց նախարարը՝
ավելացնելով, որ մեծապես բարելավվել է հարկերի հավաքումը:
Հաջորդ տարի նախատեսվում են 269,1 միլիարդ դրամի
(մոտ 476 միլիոն դոլար) եկամուտներ, իսկ ծախսերը
կկազմեն 311,5 միլիարդ դրամ (մոտ 551 միլիոն դոլար):
Մոտ 42 միլիարդ դրամի դեֆիցիտը նախատեսվում է ծածկել
արտաքին նպատակային վարկերով։
Մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամը
(ԱՄՀ) Հայաստանին կտրամադրի 14 միլիոն դոլար: Այդ
փաստը այս շաբաթ հաստատել է հիմնադրամի գործադիր
խորհուրդը:
Դա Աղքատության կրճատման և տնտեսական աճի օժանդակության
100 միլիոն դոլար վարկի հինգերորդ չափաբաժնի հատկացումն
է (ԱՄՀ-ը վարկ է տրամադրում 10 տարով 0,5 տոկոս
տոկոսադրույքով, մարումը սկսվում է վարկը ստանալուց
հինգ տարի հետո):
Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն արդեն
այս ծրագրով ստացել է 58 միլիոն դոլարի վարկ, որի
օգնությամբ համալրվել »Ý երկրի արտարժութային
պահուստները և ապահովվել է հայկական դրամի կայունությունը:
Եկամուտների ավելի քան 95 տոկոսը ակնկալվում է
ապահովել հարկերի միջոցով: Բյուջեն նախատեսում է
լրացուցիչ 8 միլիարդ դրամ (մոտ 14 միլիոն դոլար)
հարկեր գանձել ստվերային տնտեսությունից, հակառակ
դեպքում այդ գումարը կավելանա դեֆիցիտին:
Խաչատրյանը նշեց, որ նախատեսվում է ավելացնել
սոցիալական ոլորտի հատկացումները: «Բոլոր ոլորտներում
կունենանք առաջընթաց», ասաց նա: Կկրկնապատկվի ուսուցիչների
աշխատավարձը՝ ներկայիս 15 հազար դրամից (մոտ 26
դոլար) հասնելով 30,5 հազարի (մոտ 53 դոլար)։ Նախատեսվում
է կրթության ոլորտին հատկացնել 39 միլիարդ 282 միլիոն
դրամ (մոտ 69,5 միլիոն դոլար), որը 2003 թվականի
համեմատ 23 տոկոսով ավելի է:
Բուժաշխատողների միջին աշխատավարձը կավելանա 3500
դրամով (մոտ 6 դոլար)՝ հասնելով 33 հազար դրամի:
Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը կաճի
160 տոկոսով՝ ներկա 5000 դրամից հասնելով 13000
դրամի (մոտ 23 դոլար)։ Սոցիալապես անապահով ընտանիքների
նպաստները կաճեն 2000 դրամով, իսկ թոշակառուների
թոշակները՝ ևս 700 դրամով (թոշակներն ավելացել էին
հոկտեմբերի 1-ին՝ հասնելով 7800 դրամի (մոտ 13,8
դոլար)):
Պատասխանելով այն հարցին, արդյոք դա բավարար կլինի
հացի, ջեռուցման և տրանսպորտի ծախսերի, իսկ հաջորդ
տարվանից նաև ջրի, բնական գազի և այլ ապրանքների
ու ծառայությունների հավանական թանկացումները փոխհատուցելու
համար, Խաչատրյանը վստահեցրեց, որ պետությունը կպաշտպանի
բնակչության աղքատ շերտերի շահերը:
«Եթե մի բան թանկացել է 100 կամ 200 դրամով, մենք
այդ ամսական գումարները կավելացնենք 2000 դրամով,
- ասաց Խաչատրյանը, - մեր քաղաքականությունը ուղղված
կլինի աղքատ խավին, մյուս խավերն առայժմ պետք է
համբերեն»:
Նոյեմբերի 22-ին տեղի ունեցած փակ նիստում Ազգային
ժողովի մշտական հանձնաժողովները քննարկեցին պաշտպանության
նախարարությանը, ոստիկանությանը, ազգային անվտանգության
ծառայությանը, կալանավայրերի պահպանմանը և արտակարգ
իրավիճակների վարչությանը 2004 թվականի բյուջեի
նախագծով նախատեսված հատկացումները:
Պաշտպանության նախարարության հատկացումները կավելանան
12 տոկոսով և կհասնեն 49,5 միլիարդ դրամի (84 միլիոն
դոլար): Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի
6 միլիարդ դրամ (մոտ 10 միլիոն դոլար), որը 9 տոկոսով
ավելի է նախորդ տարվանից: Շուրջ 600 միլիոն դրամով
կավելանան հատկացումները ոստիկանությանը:
Այդուհանդերձ ուժային կառույցների ղեկավարները
բավարարված չեն, ինչը, թերևս, անխուսափելի է:
Փակ նիստից հետո Հայաստանի պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյանն ասաց. «Պաշտպանությունը մի այնպիսի
բնագավառ է, որ նույնիսկ եթե 2004 թվականին ինչ-որ
հրաշքով երկու, երեք, չորս անգամ ավելի շատ նախատեսված
լիներ, էլի չէր բավարարի»:
Պաշտպանության նախարարի հավաստմամբ բյուջեի նախագծով
բանակին հատկացվելիք գումարը ադրբեջանական բանակին
հատկացվող գումարի ընդամենը կեսն է:
Նա միաժամանակ վստահություն հայտնեց, որ երկրի
նախագահն ու վարչապետը «2004 թվականի համար կգտնեն
միջոցներ, որ համալրենք մեր սպառազինությունը և
ռազմական տեխնիկան»:
Ընդհանուր առմամբ մշակույթի, տեղեկատվության և
սպորտի բնագավառում պետբյուջեի նախագծով հատկացումները
կաճեն մոտ 9 տոկոսով և կհասնեն 7,479 միլիարդ դրամի
(մոտ 13,2 միլիոն դոլար)։ 1,186 միլիարդ դրամ (մոտ
2 միլիոն դոլար) կուղղվի թատերական և համերգային
միջոցառումների անցկացմանը:
Մոտ 3 միլիարդ դրամ (մոտ 5,4 միլիոն դոլար) կհատկացվի
Հանրային հեռուստատեսության ու ռադիոյի, Շիրակի
հեռուստառադիոյի, Հասարակական կարծիքի ուսումնասիրման
կենտրոնի ֆինանսավորմանը։ Սա 5 տոկոսով ավելի է
2003 թվականի համեմատությամբ և կծախսվի մասնավորապես
հայկական հաղորդումները արտասահման հեռարձակելու
վրա:
Կառավարությունը հատկացրել է 440,9 միլիոն դրամ
(մոտ 780 հազար դոլար) 16 գրադարանների նորոգմանը
և ՀՀ ազգային գրապալատի ֆինանսավորման համար։ ¶րադարանավարների
և թանգարանների աշխատողների աշխատավարձերը մոտ 14000-ից
(մոտ 25 դոլար) կհասնեն մոտ 16500 դրամի (մոտ 29
դոլար)։
Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները
իրատեսական չեն համարում 2004-ի պետական բյուջեի
նախագիծը: «Արդարություն» խմբակցությունը ներկայացնող
պատգամավոր Թաթուլ Մանասերյանն ասում է, որ կանխատեսումները
հիմնավորված չեն:
«Թերագնահատված է տնտեսական աճը, և միտում կա
արհեստականորեն ցածր տնտեսական աճ ցույց տալու,
որպեսզի հետո իշխանությունները թմբկահարեն իրական
ձեռքբերումները, այն է՝ երկնիշ թվով տնտեսական աճը»,
ասում է Մանասերյանը:
Նրա կարծիքով նախագծում խիստ թերագնահատված է
նաև հարկային եկամուտների կանխատեսումը։
|