Թենիս
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա
 |
Դավիթ
Նալբանդյանը Գերմանիայում ավելի հաջող ելույթ
ունեցավ, քան Իտալիայում: |
Մայիսի 5-11-ն Իտալիայում կայացած «Մասթերզ» մրցաշարում
իր անհաջող ելույթից հետո, Դավիթ Նալբանդյանը բարելավեց
իր խաղը Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող «Մասթերզ»
մրցաշարում, որն ավարտվելու է կիրակի օրը:
Ութերորդ համարի տակ ցանված Նալբանդյանը դուրս
եկավ քառորդ եզրափակիչ՝ հաղթելով 9-րդ համարի տակ
ցանված գերմանացի Ռայներ Շուտլերին՝ 7-6 (3), 6-2:
Շուտլերից առաջ Նալբանդյանն առաջին փուլում պարտության
էր մատնել ֆրանսիացի Ժան-Ռենե Լիսնարին (6-3, 6-3),
իսկ երկրորդ փուլում՝ Ֆրանսիայի մեկ այլ ներկայացուցիչ
Անտուան Դյուպուիին (5-7, 6-2, 6-3):
Քառորդ եզրափակիչում Նալբանդյանը պետք է հանդիպի
15-րդ համարի տակ ցանված չիլիացի Ֆերնանդո Գոնզալեսին,
որը հաղթել է մրցաշարի ֆավորիտ Լլեյթոն Հյուիթին:
Մինչդեռ Սարգիս Սարգսյանին Համբուրգի կավե ծածկույթը
հաջողություն չբերեց: Առաջին փուլում նա դժվարությամբ՝
6-7 (4), 6-4, 6-4 հաշվով հաղթեց Դոմինիկ Հրբատիին
Սլովակիայից, սակայն երկրորդ փուլում զիջեց շվեյցարացի
Ռոժե Ֆեդերերին՝ 1-6, 1-6:
ՊԹԱ աղյուսակը 372 միավորով գլխավորում է Աղասին,
որին 307 միավորով կրնկակոխ հետապնդում է իսպանացի
Խուան Կառլոս Ֆերերոն:
Նալբանդյանը 89 միավորով զբաղեցնում է 30-րդ տեղը,
իսկ Սարգսյանը 64 միավորով՝ 48-րդ տեղը:
Կանանց թենիսի ասոցիացիա
Հռոմում ընթացող ԿԹԱ մրցաշարի առաջին փուլում
Շվեյցարիան ներկայացնող Մարի-Գայանե Միքայելյանը
3-6, 2-6 հաշվով զիջեց Սվետլանա Կուզնեցովային Ռուսաստանից:
Ի տարբերություն Միքայելյանի, բուլղարուհի Մագդալենա
Մալեևվա-Բերբերյանն առաջին փուլում հաղթանակ տարավ
իտալուհի Սիլվիա Ֆարինա Էլիայի նկատմամբ՝ 6-4, 6-4,
սակայն երկրորդ փուլում զիջեց սլովենուհի Թինա Պիսնիկին:
ԿԹԱ աղյուսակում Մարի-Գայանե Միքայելյանը 871
միավորով 35-րդ տեղից իջավ 36-րդը:
Մագդալենա Մալեևվա-Բերբերյանը 1624 միավորով զբաղեցնում
է 14-րդ հորիզոնականը:
|