Մեսրոպ Աբիսողոմոնյանը քայլում է խաղողի անկենդան
վազերի միջով, որ պետք է բողբոջեին, սակայն փոխարենը
վերածվել են վերջին տասնամյակների ամենացրտաշունչ
ձմեռվա տխուր հիշատակի:
«էս վազը տարած է, սա տարած է։ էստեղ տես՝ բողբոջը
դուրս է եկել, պիտի բողբոջածը պահես՝ մնացած վազը
կտրես», - ասում է նա:
Օշականում գտնվող Աբիսողոմոնյանի խաղողի այգին
բնորոշ է Հայաստանի համար և կանխատեսում է մրգի
բերքի նվազում ամբողջ հանրապետությունում:
Հայաստանի խաղողի վազերի 70-75%-ը և դեղձենու,
ծիրանենու, թզենու, կեռասենու 70-90%-ը ըստ պաշտոնական
տվյալների ցրտահարվել է դեկտեմբերի 27-32 աստիճան
ցրտերի հետևանքով։
Գյուղնախարարությունը պտղի և խաղողի կորուստները
գնահատել է 15,5 միլիարդ դրամ (մոտ 26,5 միլիոն
դոլար)։ Ըստ տարբեր կանխատեսումների այս տարի կհավաքվի
սպասվելիք մրգի բերքի 10-30 տոկոսը։ Ամենաշատ վնասվել
են ցածրադիր Արարատյան դաշտավայրի այգիները։
Գյուղատնտեսներն ու գինեգործներն ամենից շատ մտահոգված
են խաղողի այգիներով, քանի որ մտավախություն կար,
որ գյուղացիները կարող են քանդել խաղողի այգիները
և փոխարենն այլ պտղատու ծառեր տնկել։
Խաղողի վրա առավել շատ աշխատանքի և ստացած չնչին
եկամուտի պատճառով վերջին 12 տարիներին շատ գյուղացիներ
խաղողի վազերը վերացրել են և տեղն այլ պտղատու ծառեր
տնկել։ Խորհրդային Հայաստանում եղել են 36000 հեկտար
խաղողի այգիներ, իսկ այժմ, ըստ պաշտոնական տվյալների,
12000 հեկտար է մնացել, մասնագետների գնահատմամբ՝
9000 հա։
Խաղողագործության, գինեգործության և պտղագործության
կենտրոնի գիտաշխատող Դերենիկ Սարդարյանի հավաստմամբ,
վերջին 70 տարվա ընթացքում այսպիսի ցրտահարություններ
գրանցվել են երեք անգամ, սակայն առաջին անգամ է,
որ խաղողի այգիներին նման վնաս է հասցվում:
|
73-ամյա Քնարիկ Արսենյանը նույնքան ցուրտ միայն
մեկ ձմեռ է հիշում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից
անմիջապես հետո: |
«Պատճառն այն է, որ խորհրդային տարիներին այգեթաղ
էր արվում, խաղողի վազերը ծածկում էին հողով, -
բացատրում է Սարդարյանը։ - Այժմ միայն 20% է այգեթաղ
արվել։ Մթերման ցածր գների պատճառով գյուղացիները
միջոցներ չունեն այգեթաղի համար»։
Աբիսողոմոնյանն ասում է, որ վերջին երեք տարիներին
ինքն այգեթաղ չի արել, քանի որ ձմեռները մեղմ են
եղել։
Նրա հարևան Հրաչիկ Համբարձումյանի խաղողի այգին
համատարած անկենդան միագույն վազերի համայնապատկերում
առանձնանում է արդեն կանաչող բողբոջների առատությամբ։
Նա այն հազվագյուտ ֆերմերներից է, որն իր այգին
թաղել է ձմռան շեմին։
««Մալին՝ տեր, որդուն՝ հեր», եթե ապրանքիդ տեր
չեղար, վրան քրտինք չթափեցիր, արդյունք չես ունենա,
- ասում է Համբարձումյանը, - բայց դե բոլորն ի վիճակի
չեն էսքան աշխատանք տանել»։
Գյուղատնտեսության տարբեր գործակալությունների
համատեղ ծրագրով մի քանի մասնագիտական խմբեր մեկնում
են շրջաններ՝ գյուղացիներին խորհրդատվություն տալու
նպատակով:
«Խաղողի արմատները չեն ցրտահարվում։ Այսինքն,
վազերը կվերականգնվեն։ Խնդիրը այս տարվա բերքն ապահովելն
է, - ասում է նման խմբերից մեկի ղեկավար Սեդրակյանը:
- Մենք առաջարկել ենք վազի բերքատվությունը վերականգնելու
արագացված եղանակ։ Այգիների 70 տոկոսը խոր, բնից
հատում են, մնացած մասի քնած բողբոջներից առաջանում
են շվեր, որոնց զգալի մասը գերաճ է տալիս։ Ապա համապատասխան
մշակումից (պարարտանյութ, էտ) հետո կվերականգնվի
խաղողի բերքի 30 տոկոսը, մյուս տարի արդեն սովորական
բերք կստացվի»։
Այգիների բերքատվությունը վերականգնելու Սեդրակյանի
մեթոդը հրատարակվել է գրքույկով և բաժանվում է գյուղացիներին։
Բացի այդ, մեթոդը պարբերաբար ներկայացվում է հեռուստատեսությամբ:
|
Ֆերմեր Մեսրոպ Աբիսողոմոնյանն ասում է, որ երջանիկ
կլիներ, եթե կարողանար ստանալ սովորական բերքի
գոնե 20 տոկոսը: |
«Մարդիկ կային, որ հուսահատ վիճակում էին, այս
լուսանկարը ցույց եմ տալիս՝ ոգևորվում են», - պատմում
է Սեդրակյանը, որի ձեռքին 64 թվին իր մեթոդով վերականգնված
խաղողի առատ ողկույզներով վազի լուսանկարն է։
Սակայն ոչ բոլորն են կիրառում այս մեթոդը։ Աբիսողոմոնյանն
ասում է, որ գուցե դա լավ արդյունք տա, սակայն աշխատանքը
շատ է, իսկ շատ գյուղացիներ էլ հավելյալ պարարտանյութ
գնելու հնարավորություն չունեն։
Այս տարի Աբիսողոմոնյանն ակնկալում է սպասված
բերքի 10%-ի չափով խաղող հավաքել։
Խաղողի սպասվող պահանջարկը, գների աճն ու այգիների
վերականգնման հեռանկարը արդեն ցրել են մտավախությունը,
որ գյուղացիները զանգվածաբար կքանդեն խաղողի այգիները։
«Անցյալ տարի 80 դրամով վաճառեցի Օշականի գինու
գործարանին ու հետո զղջացի, - պատմում է Համբարձումյանը:
- Մի քանի օր հետո եկել, 100 դրամով ուզում էին,
բայց չունեի։ Եթե խաղողը 130 դրամով ընդունեն, բոլորը
կանցնեն խաղողի»։
Օշականի գինու գործարանը («Աշտարակյան գինիներ»
ՓԲԸ), որը «Գրեյթ վելլի» կոնյակ արտադրող ձեռնարկության
գործընկերն է, այս տարի նախատեսում է գյուղացիների
հետ պայմանագիր կնքել (խաղողի կիլոգրամը 100 դրամ
նախնական գնով, որը հետագայում պահանջարկից կախված
կարող է փոփոխվել) և թունաքիմիկատներ գնելու համար
կանխավճար տալ։
«Անցյալ տարիներին մթերում էին, գումարը չէին
տալիս, ուշացնում էին ու էդպես շատերն իրենց այգիները
վերացրին, - ասում է գործարանի փոխտնօրեն Սանասար
Պողոսյանը: - Ուջանում այգի չի մնացել։ Հիմա 500-ից
ավելի ֆերմերների հետ երեք տարով պայմանագիր ենք
կնքելու, որ նրանք վստահ լինեն, որ իրենց արտադրանքը
գնող կա։ Այս տարվա համար էլ ուզում ենք թունաքիմիկատներ
ապահովել»։
Անցյալ տարի Օշականի գործարանը մթերել է 1000
տոննա խաղող։ Թե ինչքան կգնեն այս տարի, հայտնի
չէ։ Պողոսյանն ասում է, որ ապագայում նախատեսում
են տարեկան 6000 տոննա խաղող գնել։
Հայաստանում ամենաշատ խաղող մթերող ձեռնարկությունը
Երևանի կոնյակի գործարանն է, որն արդեն 2001 թվից
ֆերմերների հետ պայմանագրով է աշխատում։ Ըստ պայմանագրի
գործարանը ֆերմերներին հատկացնում է թունաքիմիկատներ,
որոնց գինը հանվում է խաղողը գնելիս։ Այս տարի նույն
պայմանով հատկացնելու է նաև պարարտանյութ։ Պայմանագրով
խաղողի նվազագույն գինը նախատեսված է 95 դրամ, սակայն
շուկայի թելադրանքով այդ գինը կարող է փոփոխվել։
Անցյալ տարի կոնյակի գործարանը պայմանագիր է կնքել
3200 ֆերմերի հետ և գնել 9300 տոննա խաղող։
«Այս տարի դեռևս որոշակի քանակ չենք ճշտել, -
ասում է Երևանի կոնյակի գործարանի նախագահ Պիեռ
Լառեչը, - ցույց կտա շուկան։ Բայց կցանկանանք ամենաքիչը
10 հազար տոննա գնել»։
|
Խաղողի վազերը, որ պետք է բողբոջեին, վնասից
թոշնել են: |
Ցրտահարության հասցրած վնասների պաշտոնական տվյալները,
ըստ նրա, վստահելի չեն, քանի որ պետությունը հնարավորություն
չունի ստուգել ամբողջ հանրապետության խաղողի այգիների
վիճակը։ Կոնյակի գործարանը ունի հինգ հոգուց բաղկացած
գյուղատնտեսների խումբ, որը մշտապես ստուգում է
ամբողջ հանրապետությունում խաղողագործության իրավիճակը։
Անցյալ տարի ըստ պաշտոնական տվյալների արտադրվել
է 105 հազար տոննա խաղող, իսկ կոնյակի գործարանի
տվյալներով եղել է 65 հազար տոննա (40 հազարը՝ վերամշակվող
տեսակների, որից 25 հազարը՝ սպիտակ տեսակի, որն
օգտագործվում է կոնյակագործության մեջ)։
«Նախնական կարող ենք ասել, որ այս տարի վերամշակման
տեսակները չեն գերազանցի 20 հազար տոննան։ Մնացածը
հետագայում կպարզվի։ Բերքի քանակը կախված է մի շարք
հանգամանքներից՝ խնամք, դեղ, կլիմա, ոռոգում»։
Երբ հայտնի դարձավ ցրտահարության հասցրած վնասների
մասին, գործարար շրջանակներում լուրեր տարածվեցին,
թե կոնյակի գործարանն այս տարի հումք է ներմուծելու:
Պարոն Լառեչը բացառում է դա:
«Մենք եկել ենք Հայաստան, որ արտադրենք հայկական
կոնյակ, և ոչ թե ընդհանրապես կոնյակ, - ասում է
նա: - Եթե անհրաժեշտ լինի, մեր արտադրության ծավալները
կնվազեցնենք, բայց երբեք այլ երկրներից սպիրտ չենք
բերի»։
|