 |
Ջեմմա
Դավթյանն աշխատում է քաղցկեղի բաժանմունքում: |
«Ես չեմ ուզում հիշողությունների գիրկն ընկնել,
- հուսահատ, մեղրագույն աչքերն է փակում միջահասակ
կինը: - Այդ օրվանից սկսած աշխարհը սկսեց մի այլ
ուղղությամբ պտտվել»:
Մի ամառային օր էր, սրանից մոտ երեք տարի առաջ,
երբ Մարինե Գալստյանի հիվանդությունը հաստատվեց,
և ախտորոշման արճճից էլ ծանր դրոշմը փոխեց նրա ապագան:
Ողբերգական դեմքերով հարազատները սկսեցին դանդաղ
ու ծանրաքայլ քարավանի նման այցելության գալ Գալստյանների
ընտանիքին՝ արտահայտելու իրենց անհամոզիչ քաջալերանքները:
Մարինե Գալստյանը հիվանդ էր քաղցկեղով:
«Այսօր քաղցկեղի հիվանդացության ցուցանիշները
հանրապետությունում շատ բարձր են, - ասում է հակաուռուցքային
դիսպանսերի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու
Գագիկ Բազիկյանը, - ինչի պատճառը ծխելն ու սխալ
սնունդն է: Սակայն ամենակարևորն այս պարագայում
շարունակական սթրեսներն են»:
Վիճակագրության համաձայն, վերջին 15 տարվա ընթացքում
Հայաստանում հայտնաբերվել է ավելի քան 75 հազար
քաղցկեղով հիվանդ:
«Ցուցանիշները չափազանց մտահոգիչ են մեզ նման
փոքր երկրի համար, - ասում է բժիշկ-վերլուծաբան
Պողոս Պողոսյանը, որը մի քանի տասնամյակ զբաղվում
է այս ոլորտի խնդիրներով: - Թվում էր, թե հիվանդացության
միտումները պետք է ամեն տարի նվազեին, սակայն տեղի
է ունենում ճիշտ հակառակը»:
Բազիկյանը հավաստում է, որ ամեն տարի հանրապետությունում
գրանցվում են 5 հազարից ավելի նոր հիվանդներ, սակայն
ի տարբերություն անցած խորհրդային ժամանակների,
երբ հետազոտությունը պարտադիր էր, իսկ բուժօգնությունը՝
անվճար, այսօր խնդիրը շատ բարդ է, քանի որ հայտնաբերված
հիվանդների գերակշռող մասը բժշկի է դիմում միայն
այն ժամանակ, երբ հիվանդությունը չափազանց խորացած
է լինում:
«Հիվանդները դիմում են բժշկի շատ ուշ, հիվանդության
3-4-րդ փուլերում, - ասում է Բազիկյանը, - իսկ այդ
վիճակում բուժման արդյունավետությունը չափազանց
ցածր է: Սակայն, չնայած այս ամենին, մենք ունենք
հիվանդներ, որոնք բուժվել ու ապրել են 5 և ավելի
տարիներ»:
Ըստ օրենքի, քաղցկեղի բուժումն ու հիվանդների
խնամքը հանրապետությունում պետք է իրականացվի անվճար:
Ախտորոշումից և հիվանդության հաստատումից անմիջապես
հետո քաղցկեղով հիվանդները ինքնաբերաբար անցնում
են պետության հովանու տակ:
ՀՀ կառավարությանն առընթեր առողջապահական գործակալության
աշխատակից Կառլեն Անտոնյանը հավաստում է, որ միայն
անցյալ տարի քաղցկեղով հիվանդների բուժօգնությունն
ապահովելու համար պետբյուջեից հատկացվել է ավելի
քան 300 միլիոն դրամ:
«Ընդ որում, օրենքի համաձայն, հիվանդները նաև
իրավունք ունեն անվճար դեղորայք ստանալու, անցնելու
քիմիաթերապիայի և ֆիզիոթերապիայի անվճար կուրս,
- ասում է Անտոնյանը: - Պետությունն այսօր հետևողական
է այս հարցում, և ի տարբերություն անցյալ տարիների
դրությունն անհամեմատ ավելի լավ է»:
 |
Բժիշկ
Գագիկ Բազիկյանը քաղցկեղի պատճառ է համարում
սթրեսը: |
Բազիկյանը չի հերքում, որ ի տարբերություն անցյալ
մի քանի տարիների, այսօր այս ոլորտի ֆինանսական
վիճակը համեմատաբար լավ է: Սակայն նա ասում է, որ
պետությունը դեռևս ի վիճակի չէ ըստ արժանվույն վարձատրել
բժիշկներին և նորագույն դեղորայքով ապահովել հիվանդներին:
«Քաղցկեղով հիվանդի բուժման մեկ կուրսի համար
պետությունը վճարում է միջին հաշվով 70 հազար դրամ,
որը, ինչ խոսք, շատ քիչ է բոլոր ծախսերը հոգալու
համար, - ասում է Բազիկյանը: - Սակայն մենք հուսով
ենք, որ մոտ ժամանակներս որոշում կընդունվի հատկացվող
գումարների բարձրացման մասին, ինչը կազդի նաև բուժսպասարկման
մակարդակի բարելավման վրա»:
Մարինե Գալստյանը, որը չնայած իր վիճակին դեռևս
փորձում է կենսախինդ լինել, ժպիտով դիմավորել մարդկանց
ու լավ վերաբերվել բոլորին, ասում է, որ իր խնդիրների
մեծ մասը կապված է անարդյունավետ բուժման և բուժանձնակազմի
անտարբեր վերաբերմունքի հետ:
«Միգուցե օրենքով մենք պետք է անվճար բուժօգնություն
ստանանք, սակայն այսօր մեզ համար ոչինչ էլ անվճար
չէ, փոքր բացառություններով, - ասում է նա: - Ամեն
ինչ ունի իր հստակ գինը, այդ թվում՝ ներարկումները
և հոգատարությունը»: Գալստյանը նշում է, որ իր վիճակով
պայմանավորված պարբերական հետազոտություններն արժեն
առնվազն 15 դոլար: Լազերային թերապիան արժե 50 դոլար:
Նա ասում է, որ մի անգամ կարողացել է վճարել միայն
30 դոլար և բուժման ընթացքում այրվածքներ է ստացել:
«Նման բան մեր հիվանդանոցում գոյություն չունի,
- հավաստում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության
գիտական կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Սեինյանը (այս
կենտրոնում են բուժում ստանում քաղցկեղ ունեցող
հիվանդների մեծ մասը): - Բժիշկն այսօր ստանում է
12-14 հազար դրամ, որն ամենևին էլ մասնագետին վայել
աշխատավարձ չէ, սակայն ուշացումներ չեն լինում և
աշխատավարձերը տրվում են ժամանակին: Իսկ չարորակ
ուռուցք ունեցող հիվանդները բուժվում են անվճար
հիմունքներով»:
Սակայն հիվանդներն ու նրանց ազգականները հավաստում
են, որ բժիշկների իրականությունը զգալիորեն տարբերվում
է հիվանդների իրականությունից:
«Երեք տարի շարունակ ես չեմ զգացել պետպատվերի
գոյությունը, - ասում է Ամալյա Համբարձումյանը:
- Վերելակից մինչև սենյակ, բուժքույրերից մինչև
ներարկիչ բռնող վճարել ենք, քանի որ այլ ելք չկա,
եթե ցանկանում ես բուժօգնություն ստանալ»:
Համբարձումյանը հավաստում է, որ շատ հիվանդների
ասում են. -«Չե՞ք կարող վճարել, գնացեք, հետո կգաք»:
Անտոնյանն ասում է, որ թեև պետությունը ֆինանսավորում
է քաղցկեղով հիվանդների բուժումը, նման երևույթները
դեռևս մնում են բուժսպասարկման ոլորտի անբաժանելի
մասը:
 |
Քաղցկեղի
հիվանդանոցի պատուհանները նայում են գերեզմանոցին: |
«Աշխատավարձերը ժամանակին վճարվում են, լուծված
է նաև դեղորայքի խնդիրը, - հավաստում է Անտոնյանը:
- Սակայն, ցավոք սրտի, բժիշկները դեռևս հիվանդների
մոտ շահարկում են աշխատավարձ չստանալու և այլ իրողություններ՝
հիվանդներից գումար ստանալու համար: Այսօր մենք
իրական խնդիր ունենք՝ պայքարել այդ չարիքի դեմ,
սակայն թե ինչպես՝ պարզ չէ»:
Հիվանդներին մտահոգում է, թե ինչպես կարող են
ներկա պայմաններն անդրադառնալ իրենց բուժման վրա:
«Չգիտեմ, ինչ են մտածում բժիշկները այսպիսի չոր
վերաբերմունք ցուցաբերելով մեզ նման ծանր հիվանդների
հանդեպ, - ասում է հիվանդներից մեկը, որը վախեցավ
տալ իր անունը: - Միթե նրանց խիղճը չի տանջում»:
Մեկ այլ հիվանդ ասում է, որ հերթական հետազոտությունից
առաջ երիտասարդ ու նորելուկ բուժքույրը կամացուկ
հուշել է. - «Դուք իրավունք ունեք չվճարելում, ինչու՞
եք վճարում»:
«Երբեմն, երբ մորս ուղեկցում եմ հիվանդանոց անհրաժեշտ
բուժումներ ստանալու, քիչ է մնում խելագարվեմ, -
ասում է Անահիտը՝ Մարինե Գալստյանի ավագ դուստրը:
- Հիվանդները՝ դալուկ, թույլ ու թևաթափ, որոնք ոչ
միայն դեղորայքի, այլև լուրջ հոգատարության և մի
բարի խոսքի կարիք ունեն, առավոտից մինչև երեկո ստիպված
են նստել սառը միջանցքում, դռների հետևից լսել բժիշկների
քչփչոցն ու ծիծաղը և սպասել, թե երբ կբարեհաճեն
ընդունել իրենց: Վերջում էլ, եթե հնարավորություն
չունես առանձին վճարելու, կարող ես ընդհանրապես
ուշադրության չարժանանալ: Հիվանդները ձայն չեն հանում,
քանի որ գիտեն, որ իրենց կյանքն ու ինքնազգացողությունը
լիովին կախված է նրանցից, իսկ թե ուր են մնում խիղճն
ու բարեհոգությունը՝ Աստված գիտի»:
Անդրադառնալով բժիշկներին դրամաշորթության մեջ
մեղադրող բողոքներին՝ Սեինյանն ասում է, որ մարդկանց
մոտ այդ ամենի մասին պարզապես թյուր կարծիք է ձևավորվել:
«Հիվանդները երբեմն, ի նշան շնորհակալության,
բժիշկներին նվերներ են տալիս, - ասում է նա: - Ի՞նչ
է, ուզում են ա՞յդ էլ չլինի»:
Հոգեբան Նարինե Թովմասյանը հավաստում է, որ քաղցկեղով
հիվանդներն իրենց բուժման ընթացքում նաև հոգեբանական
աջակցության կարիք ունեն:
«Ինչ խոսք, իրենց բացասական ազդեցությունն է ունենում
նաև որոշ բժիշկների ոչ մարդասիրական վերաբերմունքը,
- ասում է նա: - Այս բոլոր գործոնները բացասական
ազդեցություն են ունենում հիվանդի ինքնազգացողության
ու ապաքինման գործընթացի վրա»:
Մարինե Գալստյանը, որի անբաժան ուղեկիցներն են
դարձել սառն ու անհյուրընկալ միջանցքները և քիմիաթերապիայի
հետևանքով անհրաժեշտության վերածված կեղծամը, ասում
է, որ իր մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշելուց երեք
տարի հետո լինում են օրեր, երբ ինքը ցանկանում է
մեռնել:
«Ես ինձ հարցնում եմ՝ ախր ինչու՞, բժիշկ են, չէ՞,
բայց փոխանակ քաջալերեն, օգնեն, ուժ տան, ստորացնում
ու այնքան են նսեմացնում, որ ամեն ինչ աչքիդ առաջ
սևանում է, - ասում է Մարինեն: - Երեք տարվա ընթացքում
ես կարողացա վճարել և բուժօգնություն ստանալ ընդհանուր
հաշվով միայն մեկ տարվա ընթացքում, ինչի արդյունքում
ավելի վատ առողջական վիճակում հայտնվեցի: Ամենատխուրը
վիրավորանքն է, որ ես ունեմ իմ սրտում ու հոգում»:
|