ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 21, 2003 




Կեղծված դեղորայք. մասնագետներն ասում են, որ կեղծ դեղերը Հայաստանում վտանգ են ներկայացնում բնակչության համար


Երբ Լիլիթ Հակոբյանն իր հիվանդ աղջկա համար անանուն ու փոքրիկ մի դեղատնից Գենտամիցին գնեց, նա չէր էլ պատկերացնում, որ սրվակներն իրեն խնդրի առաջ են կանգնեցնելու:

Պարզվեց, որ ներարկման համար նախատեսված արդյունավետ հակաբիոտիկները, որոնք պետք է օգնեին աղջկա շուտ ապաքինմանը, ոչ մի ազդեցություն էլ չունեն: Դեղը կեղծված էր, իսկ սրվակներում ինչ-որ անհայտ խառնուրդ էր կամ էլ՝ ջուր:

«Մինչ այդ դեպքը, իմ մտքով չէր էլ անցնում, որ նման երևույթ գոյություն ունի, իսկ այսօր ես արդեն սկսել եմ ամեն ինչին կասկածամտորեն վերաբերվել, - ասում է Հակոբյանը, - Ես չգիտեմ, ինչպես կարող եմ պաշտպանվել այդ ամենից ու չկեղծված դեղորայք գնել: Իսկական խառնաշփոթ է»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով, զարգացող երկրների շուկաներում վաճառվող դեղորայքի մինչև 60 տոկոսը կարող է կեղծված լինել:

«Մեր օրերում, երբ անընդհատ խոսք է գնում բիոտեռորիզմի մասին, այսօր արդեն ձևավորվել է բիոտեռորիզմի մասնավոր տարատեսակը՝ ֆարմակոտեռորիզմը, այսինքն՝ ահաբեկչություն դեղերի միջոցով, - ասում է բժշկական գիտությունների թեկնածու, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության փոխտնօրեն Սամվել Ազատյանը, - Սա լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում և, հատկապես, զարգացող երկրների և, ինչ խոսք, նաև Հայաստանի համար»:

Մասնագետի հավաստմամբ, օրինական ճանապարհով Հայաստան ներուծվող դեղորայքն անհրաժեշտ որակ ունի և ստուգվում է տարբեր մակարդակներում, ինչը չի կարելի ասել մաքսանենգ ճանապարհով հանրապետություն ներմուծվող դեղերի մասին, որոնք ներմուծվում են առավելապես ԱՊՀ երկրներից՝ ճամպրուկներով, պայուսակներով և հիմնականում կեղծված և, հետևաբար, էժան են: Եվ քանի որ նման դեղորայքի մուտքն անօրինական է, որակի վերահսկումն անհնար է:

«Դեղերը, նախ և առաջ, չափազանց շահութաբեր ապրանք են, և, բնականաբար, շատ մեծ գայթակղություն է առաջանում կեղծել դրանք շահույթ ստանալու համար, - ասում է Ազատյանը, - Բնականաբար, հիմնականում կեղծում են այն դեղերը, որոնք մեծ պահանջարկ և մեծ շրջանառություն ունեն: Դրանք են հակաբիոտիկները, ցավազրկող, հակաբորբոքիչ դեղերը, ներերակային հեղուկ դեղորայքը և այլն»:

«Հաճախ է պատահում, որ մեզ առաջարկում են դեղորայք չափազանց ցածր գներով, սակայն մենք աշխատում ենք ֆիրմաների հետ և նման առաջարկներով չենք գայթակղվում, - ասում է Անդրանիկի թաղամասի մեծ դեղատներից մեկի համատնօրեն Սիլվան, - Շատերին գրավում են ցածր գները, վերցնում են այդ դեղերը, հետո էլ պատմությունների մեջ են ընկնում: Հենց այդ ճանապարհով էլ տարածվում են կեղծված դեղերը»:

Սամվել Ազատյանն ասում է, որ դեղորայքը կարող են կեղծել տարբեր ձևերով: Օրինակ, լինում են դեպքեր, երբ դեղն ուղղակի չի պարունակում այն ակտիվ նյութը, որը պետք է պարունակի, ու ցածր արդյունավետություն ունի: Երբեմն պատահում է, որ կեղծված դեղը չի պարունակում ոչ մի ակտիվ նյութ, պարունակում է ինչ որ չեզոք նյութ: Իսկական դեղորայքի արտաքին տեսքն ու ձևը կեղծվում են՝ անհնար դարձնելով կեղծված դեղերի հայտնաբերումն առանց քիմիական ստուգման:

«Կարող է այնպես պատահել, որ դեղը պարունակի վտանգավոր թունավոր նյութեր: Սա, ինչ խոսք, ամենավտանգավոր տարբերակն է, և նման դեպքերը վերջին տարիներին մեզ մոտ ավելի հաճախ են դարձել, - ասում է Ազատյանը, - Մեր շուկայում հայտնաբերվել են դեղեր, երբ, ասենք, հակաբիոտիկի փոխարեն վաճառքում առկա դեղը պարունակել է մանրէներով վարակված հաբ, կամ էլ, ասենք, ներերակային ներարկման համար նախատեսված լուծույթի անվան տակ վաճառվում է հեղուկ, որը պարունակում է ջուր կամ ինչ-որ աղտոտված խառնուրդներ, որոնց ուղղակի համապատասխան գույն է տրված: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այսօր չի կիրառվի ինչ-որ մի կեղծված դեղ, որպեսզի մարդկանց լայն զանգվածներին մեծ վնաս հասցվի, այսինքն, դա այսօր բժշկական խնդրից դարձել է ազգային անվտանգության խնդիր՝ ինչ-որ չափով»:

Կեղծված դեղորայքը Հայաստանում հայտնաբերվում է հիմնականում ահազանգերի և շատ քիչ դեպքերում ստուգայցերի արդյունքում: Կամ բողոքում են անհատ քաղաքացիներ, կամ էլ, հիմնականում, ահազանգում են բժիշկներ, որոնք տարիներ շարունակ ինչ-որ դեղ օգտագործելով, օրերից մի օր հայտանբերում են, որ դեղն ինչ-որ տարօրինակ տեսք ունի, կամ էլ ընդհանրապես արդյունավետ չէ:

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալությունը, որը 1992 թվականին իր ստեղծումից ի վեր զբաղվում է այս հարցով և լաբորատոր հետազոտություններ է կատարում այս ոլորտում, յուրաքանչյուր նմանօրինակ դեպքից հետո հայտարարություն է տալիս իր պարբերականում կեղծված դեղերի մասին և թե ինչպես խուսափել դրանցից: Սակայն այս մեթոդները բնակչության լայն զանգվածներ չեն ընդգրկում:

«Հայաստանի շուկայում արդեն իսկ բավականին մեծ թվով կեղծված դեղորայք է հայտնաբերվել, բայց չի կարելի ասել, որ կատարված աշխատանքը բավարար է, որովհետև կարող ենք համոզված լինել, որ կեղծված դեղերի թիվը շուկայում անհամեմատ մեծ է հայտնաբերվածից, և քանի որ ներկայումս հայտնաբերման խնդիր կա, ուստի և բնակչությունը պետք է ավելի զգոն լինի և ճիշտ ընտրություն կատարի», - ասում է Ազատյանը:

Մասնագետները խորհուրդ են տալիս դեղորայք գնել միայն նորմալ դեղատներից և ոչ թե անհայտ շուկաներից, իսկ դեղ գնելիս կասկած ունենալու դեպքում, պահանջել տվյալ դեղի օրինականությունը հաստատող փաստաթուղթ:

Առողջապահության նախարարության լրատվության վարչության բաժնի պետ Ռուսլանա Գևորգյանը հավաստում է, որ մոտ ժամանակներս նախարարությունը ստեղծելու է վերահսկիչ հանձնաժողով՝ դեղորայքի ներմուծման և դեղերի ստուգման վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:

«Առավել խիստ պայքարի համար անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել և սերտորեն համագործակցել իրավապահ, մաքսային և շատ այլ մարմինների հետ, - ասում է Ազատյանը, - Եվ առաջին հերթին, պետք է սահմանը շատ խիստ վերահսկվի, քանի որ մաքսանենգ ճանապարհով հանրապետություն ներմուծված դեղորայքի մեկ ճամպրուկով կարելի է հեղեղել ողջ հանրապետությունը»:


  Inside
 

Observers say elections fall short of international standards

Full story

 
 
 
 

Voting day turned from fair to foul at some precincts

Full story

 
 
 
 

The son also rises

Full story

 
 
 
 

Geghamyan Goes from Candidate to Kingmaker

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Hope and Assurance

It has been a season of many emotions, Decision 2003. Doves of peace were offered and officers to enforce that peace were stationed around the Central Elections Commission.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.