 |
Zemfira
Voskanyan fired by the head of personnel department
Arshaluis Budaghyan has been reinstated by
the court. |
Ստեփանավանի ոստիկանության ֆինանսական բաժնի պետ
Զեմֆիրա Ոսկանյանը, որ հեռացվել էր աշխատանքից միայն
այն պատճառով, որ դավանում է «Եհովայի վկաներ» կրոնական
ուղղությանը, վերականգնվեց իր պաշտոնում։
Աշխատանքում վերականգնվելու համար Ոսկանյանը դիմել
էր Լոռու մարզի առաջին ատյանի դատարան: Դատարանի
առաջին նիստը եղավ ապրիլի 9-ին Վանաձորում։ Ապրիլի
22-ի դատական նիստի ժամանակ Լոռու մարզի ոստիկանության
պետի կադրերի բաժնի գծով տեղակալ Արշալույս Բուդաղյանն
ընթերցեց ոստիկանության պետի հրամանը, որով Ոսկանյանը
վերականգնվում էր իր պաշտոնում և ստանում հեռացման
պատճառով փետրվար ամսից չստացած աշխատավարձը։ (Սեղմե՛ք
այստեղ, դատական գործի մասին «ԱրմենիաՆաուի»
անցյալ շաբաթվա հոդվածը կարդալու համար:)
Սակայն աշխատանքում վերականգնվելը չբավարարեց
Ոսկանյանի պահանջը։
Ոսկանյանի հեռացման համար հիմք էր հանդիսացել
դեկտեմբերին Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանի
արձակած 551-Ա հրամանը: Համաձայն այդ հրամանի, ոստիկանության
համակարգում պետք է հայտնաբերվեն Հայ առաքելական
եկեղեցուն չդավանող հավատացյալները և, եթե նրանք
չհրաժարվեն իրենց հավատից, հեռացվեն աշխատանքից։
«Ես վախենում եմ, որ ինձ կարող են կրկին ազատել
աշխատանքից, քանի որ 551-Ա հրամանը դեռևս գործում
է», - ասաց Ոսկանյանը դատական նիստում։
Նախորդ նիստի ժամանակ Ոսկանյանի պաշտպան Դրու
Հոլիները հայցադիմում էր ներկայացրել դատարանին,
որով պահանջում էր հակասահմանադրական ճանաչել 551-Ա
հրամանը։
«551-Ա հրամանն անբաժանելիորեն կապված է ազատման
հետ։ Նույնիսկ եթե դատարանը վերականգնի նրա աշխատանքի
իրավունքները, այդ հրամանով նրան կարող են ամեն
վայրկյան նորից ազատել աշխատանքից», - հայտարարել
էր Հոլիները։
Ոսկանյանի մյուս պաշտպանը՝ Լևոն Մարգարյանը, դատարանում
հայտարարեց, որ 551-Ա հրամանը կարող է հեռացման
հիմք դառնալ ոչ միայն Եհովայի վկաների, այլև կրոնական
այլ ուղղությունների հավատացյալների համար։ Նա համամիտ
էր Հոլիների այն փաստարկի հետ, որ հրամանը հակասում
է խղճի ազատության միջազգային պայմանագրերին և Հայաստանի
սահմանադրությանը, ուստի պետք է ապօրինի ճանաչվի։
Սակայն դատավոր Մուշեղ Հարությունյանը մերժեց
հայցը, պատճառաբանելով, որ իրավունք ունի մի վարույթում
լրացուցիչ հայցադիմում ընդունել, եթե այն վերաբերում
է նույն կողմերին։ Տվյալ դեպքում հակառակ կողմ է
հանդիսանում ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը,
այլ ոչ թե Ստեփանավանի ոստիկանության վարչությունը։
Երկու կողմերն էլ կարող են բողոքարկել Հարությունյանի
այս որոշումը։
Դատական նիստի վերջում դատավորը հայտարարեց, որ
գործը կարճվում է վեճի բացակայության պատճառով։
«Իհարկե, մենք գոհ ենք, որ Զեմֆիրան վերականգնվեց
իր պաշտոնում, սակայն խնդիրը դեռ լուծված չէ, -
ասաց Հոլիները։ - Նրա վրա մշտապես կախված է 551-Ա
հրամանի սպառնալիքը։ Դեռևս պետք է քննարկենք մեր
անելիքները»։
Այժմ փաստաբանը սպասում է բողոքարկման մասին իր
պաշտպանյալի որոշմանը։
Եթե նա չբավարարվի միայն աշխատանքում վերականգնվելով
և փոխարենը ցանկանա վիճարկել հրամանը, պետք է բողոքարկի
չորեքշաբթի օրվա որոշումը կամ հրամանն ապօրինի ճանաչելու
հայցադիմում ներկայացնի:
Ոսկանյանը, որը 18 տարի աշխատել է ոստիկանությունում,
աշխատանքից հեռացվել էր օրենսգրքի հետևյալ դրույթով,
«...երբ ի հայտ է եկել բանվորի կամ ծառայողի անհամապատասխանությունը
զբաղեցրած պաշտոնին»։ Նրա Եհովայի վկա լինելը ոստիկանությունը
համարել էր անհամատեղելի զբաղեցրած պաշտոնի հետ։
«Այսպիսի հրամանով մարդուն կարող են հեռացնել
աշխատանքից միայն 2 հիմնավորմամբ՝ որակավորման և
առողջական վիճակի պատճառով, - ասաց դատավորը դատական
նիստից հետո։ - Լավ է, որ ոստիկանությունն ընդունեց
իր սխալը»:
|