ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 18, 2003 




Խղճի ճգնաժամ. ոստիկանության աշխատակիցը հեռացվել է աշխատանքից կրոնական հայացքների պատճառով


Zemfira Voskanyan, center,  wants her job back.Ստեփանավանի ոստիկանության ֆինանսական բաժնի պետը հեռացվել է աշխատանքից կրոնական դավանանքի պատճառով։

Զեմֆիրա Ոսկանյանը, որը դավանում է «Եհովայի վկաներ» կրոնական ուղղությանը, իր պաշտոնից ազատվել է փետրվարին:

Այդ հեռացման համար հիմք է դարձել դեկտեմբերին Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանի տված հրամանը:

Համաձայն նրա 551-Ա հրամանի ոստիկանության համակարգում պետք է հայտնաբերել հայ առաքելական եկեղեցուն չդավանող հավատացյալներին և, եթե նրանք չհրաժարվեն իրենց հավատից, հեռացնել աշխատանքից։

Հրամանում ասված է, որ, «...ի տարբերություն հայ ավանդական ազգային եկեղեցու, նորագույն կրոնական շարժումներն ու կազմակերպությունները իրենցից ներկայացնում են քայքայիչ բնույթ կրող, տոտալիտար պաշտամունքներ կամ աղանդներ։ Դրանց գործունեությունն ուղղված է անհատի և ընտանիքի, ինչպես և ողջ հասարակության դեմ»։

Ոստիկանությունում 18 տարի աշխատած Ոսկանյանն աշխատանքի վերականգնվելու համար դիմել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան։ Նրա գործի դատավարությունը սկսվել է ապրիլի 9-ին։

Ոստիկանությունում Ոսկանյանը մեքենագրուհուց հասել է բաժնի վարիչի պաշտոնին։ Ստանում է 23 հազար դրամ աշխատավարձ, որն իր և 13 տարեկան որդու ապրուստի միակ միջոցն է։

Անցյալ դեկտեմբերին Ոսկանյանը, մյուս աշխատակիցների նման, ստորագրություն է տվել, որ ծանոթացել է 551-Ա հրամանին և հասկացել է այնտեղ ներկայացված պայմանները։

«Փետրվարի 1-ից ես արձակուրդի մեջ էի։ 22-ին զանգեց պետի վարորդը, ասեց՝ պետը կանչում է: 24-ին եկա բաժին, ինձ տվեցին հրամանը, որով ես ազատված էի, - դատարանում ասաց Ոսկանյանը: - Շատ անսպասելի էր։ Հարցրեցի` ո՞րն է հիմքը։ Պետն ասաց, որ հավատքի համար է»։

Ոսկանյանի ազատման հրամանը տվել է Լոռու ոստիկանության մարզային վարչության կադրերի բաժնի պետի տեղակալ գնդապետ Արշալույս Բուդաղյանը:

Բուդաղյանը Ոսկանյանին բնութագրում է որպես լավ աշխատողի: Սակայն նրա հեռացման համար հիմք է հանդիսացել դեկտեմբերին տրված հրամանը:

Ոստիկանության իրավական բաժնի եզրակացությունում գրված է, որ «Ոսկանյանը «Եհովայի վկաներ» կրոնաաղանդավորական կազմակերպության անդամ է, աշխատանքից հետո մասնակցում է կրոնական դասերին»։

Ազատման հրամանում նշված է, որ Ոսկանյանն աշխատանքից ազատվել է ըստ աշխատանքային օրենսգրքի հետևյալ դրույթի. «... երբ ի հայտ է եկել անհամապատասխանություն զբաղեցրած պաշտոնին»։

«Քո Եհովայի վկա լինելը և ոստիկանությունում աշխատելն անհամատեղելի են», - հայտարարեց գնդապետ Բուդաղյանը։

ՀՀ ոստիկանության ծառայության մասին օրենքն արգելում է ոստիկանության ծառայողին լինել կրոնական կազմակերպության անդամ։ Պաշտպանի միջնորդությունը՝ դատարանին ներկայացնել 551-Ա հրամանը, դատավոր Հարությունյանը մերժեց՝ հիմնվելով Բուդաղյանի տված այն տեղեկության վրա, թե այն պատճենահանելն արգելվում է:

Ոսկանյանին ներկայացնող ամերիկացի փաստաբան Դրու Հոլիները հարցրեց, թե արդյոք Հայ առաքելական եկեղեցու ծառայություններին մասնակցող ոստիկանը նույնպես կրոնական կազմակերպության անդամ է համարվում։

«Չեմ կարող ասել՝ ինչ է նշանակում լինել կրոնական կազմակերպության անդամ, - ասաց Բուդաղյանը, սակայն հետո Հոլիների համառ հարցերին ի պատասխան ավելացրեց. - եթե մեկը գնում է մոմ վառում ու դուրս գալիս, ես նրան չեմ համարում անդամ։ Հավատալ Աստծուն ուրիշ է, մասնակցել հավաքներին՝ ուրիշ է։ Եթե պարբերաբար մասնակցում է հավաքներին, համարվում է այդ կազմակերպության անդամ»։

Որպես պաշտպանի հարցերի արդյունք գնդապետ Բուդաղյանն ընդունեց, որ ոստիկանության ծառայության մասին օրենքը չի տարածվում Ոսկանյանի վրա, քանի որ նա ոչ թե ծառայող է, այլ քաղաքացիական վարձու աշխատող։

Հոլիները պնդում էր, որ Ոսկանյանի ազատման համար հիմք ծառայած 551-Ա հրամանն անօրինական է, քանի որ այն հակասում է Սահմանադրությամբ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրով և Եվրոպայի Մարդու իրավունքների կոնվենցիայով սահմանված խղճի ազատությանը:

«551-Ա հրամանն անբաժանելիորեն կապված է ազատման հետ։ Նույնիսկ եթե դատարանը վերականգնի աշխատանքի նրա իրավունքը, այդ հրամանով կարող են նրան ամեն վայրկյան ազատել աշխատանքից», - ասաց Հոլիները:

Ոսկանյանը պնդում է, որ ինքը ոչ թե «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ է, այլ՝ այդ կրոնական հավատի դավանող։

«Ես լուրջ չընդունեցի այդ (551-Ա) հրամանը և չէի կարծում, թե ինձ կհեռացնեն, քանի որ ես գիտեմ, որ ըստ սահմանադրության 23-րդ հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի խղճի ազատության իրավունք», - ասաց Ոսկանյանը։

Դատական նիստը հետաձգվել է մինչև ապրիլի 22-ը։


  Inside
 

Washed Out: Spring thaw causes flooding in more than 50 villages, ruins crops

Full story

 
 
 
 

Case Closed: Highest court denies Demirchyan appeal, criticizes election process

Full story

 
 
 
 

Old Erivan, New Yerevan: "Gateway" of North Avenue enterprise opens for business

Full story

 





  Photo of the week
  Spring Rites
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Spring Rites

April 13 was "Tsaghkazard", known in other places as Palm Sunday, the week before Easter, marking the day Jesus entered Jerusalem. Here, part of the commemoration includes making wreaths from branches which are worn by young people and then placed in homes. The day is also the seventh Sunday of the Great Fast, as observed among the Armenian Apostolic Church.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.