Ես ուզում եմ ասել ձեզ, թե դուք ովքեր եք:
Եվ որտեղ եք բնակվում, և քանիսն եք, և ինչ եք
կերել այս առավոտ նախաճաշին: Համաձայն եմ, վերջինը
ես հնարեցի, սակայն կարող եմ պատասխանել մյուս երեք
հարցերին՝ շնորհիվ «ԱրմենիաՆաուի» այցելուների մասին
տեղեկատվությանը, որ մենք ստանում ենք հասցեավորման
ծառայությունից (tracking service):
Այն հետաքրքիր է ընթերցանության համար և թույլ
է տալիս իսկապես ցույց տալ ինտերնետի՝ որպես հաղորդակցման
միջոցի, եզակի կարողությունը, որը հնարավորություն
է տալիս միավորել մարդկանց, որոնք այլապես չէին
կարող իրենց իրար կապող օղակ ստեղծել:
Անցյալ ամիս ձեզնից 25 հազարն այցելել են «ԱրմենիաՆաուի»
էջը, մեծ մասը՝ ավելի քան մեկ անգամ, հաճախ մի ժամ
կամ ավելի ծախսելով մեր լրագրողների լրատվական կամ
այլ հոդվածները կարդալու համար: Ուշադրությունը
գրավող մեծաթիվ փոքր գայթակղությունների այս դարաշրջանում
բավականին հաճելի է գիտակցել, որ ձեզ դուր է գալիս
մեզ հետ ժամանակ անցկացնել:
Դուք ապրում եք 93 երկրներում՝ ներկայացնելով
մարդկային մշակույթի ողջ բազմազանությունը, սակայն
հետաքրքրվում եք իրադարձություններով իր տասնամյակը
դեռ նոր բոլորած մի փոքրիկ հանրապետությունում:
Ձեր մեծ մասն ապրում է ԱՄՆ-ում, ինչը միանգամայն
հասկանալի է, քանի որ այնտեղ է գտնվում ամենամեծ
սփյուռքահայ գաղութը, որը նաև ամենահագեցածն է ինտերնետային
կապի առումով: «ԱրմենիաՆաուն» ընթերցողներ ունի
ԱՄՆ-ի 46 նահանգներում: Մեզ դեռ չեն «հայտնաբերել»
Միսիսիփիում, Նեբրասքայում, Վայոմինգում և Մոնթանայում:
Սահմանի մյուս կողմում՝ Կանադայում, մեզ կարդում
են ինը կանադական պրովինցիաներում, իսկ ամենից շատ՝
Օնթարիոյում և Քվեբեքում: Մենք ընթերցող ունենք
նույնիսկ Յուքոնի տարածքում և շատ շնորհակալ կլինեինք,
եթե դուք մի երկու տողով հայտնեիք մեզ, թե ինչպես
է հայ մարդն ապրում այդ հեռու անկյունում:
Անցյալ ամիս «ԱրմենիաՆաուն» այցելել են ընթերցողներ
առնվազն 40 եվրոպական երկրներից: Ամենաշատ ընթերցող
ունի Միացյալ Թագավորությունը (հուրախություն ինձ՝
բրիտանացուս), որին հաջորդում են Նիդեռլանդները
և Գերմանիան: Հաջորդը, որքան էլ զարմանալի է, Շվեդիան
է, որից հետո՝ Ֆրանսիան և Ռուսաստանը:
«ԱրմենիաՆաուի» մեր փառասիրական ծրագրերից մեկը
սայթի ռուսերեն տարբերակն է, որպեսզի կարողանանք
ավելի լիարժեք կերպով բավարարել Ռուսաստանի հայության
այս մեծ և ավելի ազդեցիկ դարձող համայնքի կարիքները:
Հետաքրքիր է, որ բացի եվրոպական մեծ երկրներից,
մենք երկրպագուներ ունենք նաև Մոնակոյում, Ֆարերյան
կղզիներում և Վատիկանում:
Հասցեավորման մեր ծառայությունը Հայաստանը մտցրել
է Ասիայի մեջ, որտեղ այն գլխավորում է մեր ընթերցողներն
ունեցող 34 երկրների ցանկը: Հայաստանին հաջորդում
են Արաբական Միացյալ Ամիրայությունները, Թուրքիան
և Իրանը:
Այս ամենը բավականին տրամաբանական է: Սակայն ինչպե՞ս
բացատրել 18 այցելուները Հյուսիսային Կորեայից,
որը, ինչպես ենթադրվում է, փակ հասարակություն է՝
ինտերնետային մուտքի խիստ վերահսկողությամբ: Կամ
էլ, որ Թայվանում ավելի շատ ընթերցողներ են գրանցվել,
քան Հնդկաստանում: Հետաքրքրիր է նաև, որ «ԱրմենիաՆաուն»
ընթերցողներ ունի նույնիսկ Ադրբեջանում:
Ես ուզում եմ օգտվել այս հնարավորությունից և
ողջունել մեր ընթերցողներին Նեպալում, Կաբոջայում
և Մոնղոլիայում: Լրագրողներին հազվադեպ է հնարավորություն
ընձեռվում նման ողջույն ուղարկել մեկ նախադասությամբ:
Եգիպտոսը գլխավորում է աֆրիկյան այն ութ երկրների
ցանկը, որտեղ մենք ընթերցողներ ունենք, սակայն անսովոր
է պարզել, որ մեզ շատ են կարդում նաև Մավրիկիայում,
որն այդ ցուցակում գրավում է երկրորդ տեղը: Ակնհայտորեն
շատ ավելի հեշտ է ընկալել, որ Լատինական Ամերիկայի
յոթ երկրների մեջ մենք ամենամեծ ժողովրդականությունն
ենք վայելում Ուրուգվայում:
Իր արժանի տեղն ունի նաև Ավստրալիան, որտեղ յոթ
անգամ ավելի շատ ընթերցողներ կան, քան հարևան Նոր
Զելանդիայում:
Ձեր կյանքը և առօրյան նույնքան բազմազան են, որքան
այն երկրները, որտեղ բնակվում եք: Սակայն «ԱրմենիաՆաուի»
շուրջ ձեզ միավորում է երկրագնդի այս փոքրիկ անկյունի
կյանքի մասին գիտելքների ծարավը:
Այն փաստը, որ դուք անընդհատ վերադառնում եք մեր
էջ, ենթադրում է, որ մենք ինչ-որ ճիշտ բան ենք անում,
և դուք մեր արածն օգտակար եք համարում: Եվ այս ամենը
հանգեցնում է հետևյալին:
Մենք ուզում ենք, որ ձեր թիվն ավելի մեծանա: Մենք
ուզում ենք, որ ընթերցողների այս համայնքը բարգավաճի,
որպեսզի մեր էջին միանալիս դուք իմանաք, որ աշխարհում
հազարավոր համախոհներ ունեք, ովքեր կիսում են ձեր
խանդավառ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
Եթե ձեզնից յուրաքանչյուրն ընդամենը մեկ այլ մարդու
խորհուրդ տա աչքի անցկացնել «ԱրմենիաՆաուն» հաջորդ
ամսվա ընթացքում, ապա մեր այցելուների թիվը կկրկնապատկվի:
Եթե ձեզ դուր է գալիս այն, ինչ կարդում եք, ապա
կիսվեք ձեր մտքերով ուրիշների հետ:
Մոտավորապես մեկ ամսից ես կհայտնեմ ձեզ, թե ձեզնից
քանիսն են ընդունել այս մարտահրավերը:
|