Սեդա
Մկրտչյանը դիտում է իրաքյան պատերազմի մասին նորությունները
և մտածում է այն կոնֆլիկտի մասին, որն ավելի սերտորեն
է կապված Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի իր տան
հետ:
«Երբ նայում եմ իրաքյան պատերազմում ձեռքերը վեր
պարզած գերիներին, սիրտս ցավում է, բայց նաև հասկանում
եմ, որ պատերազմ է, և ամեն ինչ հնարավոր է, - ասում
է Սեդան, - Իսկ իմ որդին խաղաղ պայմաններում է հայտնվել
գերության մեջ»:
Ավելի քան հինգ տարի առաջ՝ 1998-ի փետրվարին,
Սեդայի միակ որդին՝ Արմենը, անհայտ կորել է Լեռնային
Ղարաբաղի Մարտակերտի շրջանի մարտական դիրքերից:
Նա զորակոչվել է դեպքից 10 ամիս առաջ, իսկ տուն
ուղարկած նրա նամակները՝ իր զինվորական ծառայության
մասին, հիմնականում լավատեսական են եղել:
Սեդան որդու անհետանալու մասին պատահաբար է իմանում՝
նրա անհայտ կորելուց 19 օր հետո:
«Մարտի 17-ին Արմենս դիրքերից պետք է վերադառնար:
Մարտի 19-ին ղարաբաղցի մեր ծանոթին խնդրեցինք, որ
այցելի նրան և մեզ լուր ուղարկի: Նրան պատասխանում
են, որ Արմենը մարտի 1-ից անհետացել է», - պատմում
է նա:
Նույն օրը զինվորական ոստիկանությունը ներխուժում
է Մկրտչյանների տուն՝ պնդելով, որ Արմենը դասալիք
է դարձել, և մեղադրում է ընտանիքին նրան թաքցնելու
մեջ:
Արարատի զինկոմիսարիատում Մկրտչյաններին ասում
են, որ նրանք պետք է գնան Ղարաբաղ ու ինքնուրույն
պարզեն, թե որտեղ է իրենց որդին:
Զորամասում Սեդային և Արմենի հորը՝ Աբոյին, հայտնում
են, որ Արմենը փախուստի է դիմել՝ իր հետ տանելով
զենքն ու սակրավորի բահը: Ծնողներն ասում են, որ
զորամասի հրամանատարը պահանջել է վերադարձնել զենքը՝
ավելացնելով «տղադ ըսկի պետքս չի»:
Սակայն գումարտակի հրամանատար Լյովա Ավետիսյանը
ծնողներին վստահեցնում է, որ մարտի 2-ին Արմենին
գյուղում տեսնող է եղել:
«Արմենիս լուսանկարը ձեռքներս բռնած՝ սկսեցինք
փնտրել ամբողջ Մարտակերտի տարածքում, - ասում է
Սեդան, - Գյուղերում մարդիկ էինք հանդիպում, որոնք
ասում էին, թե դեմքը ծանոթ է թվում, և դա մեր մեջ
հույս էր արթնացնում:
«Կտրեցինք, անցանք սարեր ու ձորեր՝ գիշերով, քամուն
ու անձրևին, երբ ոչ մի բան չի երևում: Վերևում՝
Աստված, ու մենք: Թշնամուս այդպիսի օրեր չեմ կամենում:
Մեր մեքենան կոտրվել էր, ու մենք ոտքով էինք գնում,
ցեխ ու անձրև էր, ոտքերս սահում էին: Ամուսնուս
ասացի՝ որ հիմա Արմենը մեզ ձեն տա, ի՞նչ կանես,
ասաց՝ Ոչ մի բան, միայն աչքս տեսնի»:
Որոնումները շարունակեցին նաև հակառակ ուղղությամբ՝
դեպի Քելբաջար: 21 օրվա նրանց որոնումներն արդյունք
չտվեցին:
Այսօր Սեդան ցույց է տալիս որդու որոնումներին
վերաբերող փաստաթղթերի մի հաստ փաթեթ:
«Որդուս փոխարեն այս թղթերն եմ ստացել և ուրիշ
ոչինչ», - ասում է նա:
1998 թվականի ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի
Ասկերանի զինվորական դատախազությունը քրեական գործ
է հարուցում Արմեն Մկրտչյանի դեմ՝ մարտական դիրքը
թողնելու և իրեն ծառայության համար վստահված ինքնաձիգը
հափշտակելու մեղադրանքով:
Մեկ շաբաթ անց զորամասի հրամանատարն Աբո Մկրտչյանին
շտապ կանչում է Ստեփանակերտ: Կարծելով, թե տղան
գտնվել է, հայրը շտապ մեկնում է այնտեղ:
«Թիկունքի
գծով զորամասի հրամանատարի տեղակալի աշխատասենյակում
Սամվել Կարապետյանը ոստիկան կանչեց, ինձ ձեռնաշղթաներ
հագցրեցին ու տարան բերդ, - մեկ տարի հետո պատմում
է 60-ամյա հայրը երևանյան թերթերից մեկին, - Երբ
հարցրեցի, թե ինչու են ինձ տանում բերդ, մահակով
սկսեցին ծեծել»:
Աբո Մկրտչյանին 8 օր բերդում պահելուց հետո, ևս
2 օր զորամասի հրամանատարը պահել է նրան զորամասում,
որտեղ, Մկրտչյանի խոսքերով, իր վրա շներ են բաց
թողել:
Աբոյին ազատ են արձակել Սեդայի 10-օրյա բողոքներից
հետո:
Արմենի անհայտանալուց մեկ տարի անց զինվորական
դատախազության նախաքննական մարմինը պարզում է, որ
1998 թվականի մարտի 1-ին Արմեն Մկրտչյանին ծեծի
են ենթարկել նույն զորամասի սերժանտներ Արտակ Ջավեյանը,
Ներսես Հովհաննիսյանը և շարքային Գեղամ Հակոբյանը:
Ըստ դատախազության, միջադեպից անմիջապես հետո Արմենը
լքել է մարտական դիրքը և հեռացել անհայտ ուղղությամբ:
«Որդուս ծեծի ենթարկողներն այդպես էլ պատասխանատվության
չենթարկվեցին: Քննիչ Սամվել Հովհաննիսյանն ասում
էր, որ ապացույցները բավարար չեն, որ պետք է Արմենին
էլ գտնեն, - դառնացած պատմում է Սեդան, - Երեխաս
ի՞նչ եղավ: Եթե սպանել են, թող ասեն՝ սպանել են,
իսկ եթե ողջ է՝ ուրեմն կգտնվի: «Տղայիդ ում տվել
ես, նրանից էլ ուզի», - ասում է քննիչը: Ես իմ տղային
պետությանն եմ տվել: Ախր իմ տղան ի՞նչ գործ ուներ
Ղարաբաղում»:
Մկրտչյանները շաբաթը մի քանի անգամ այցելում էին
դատախազություն, մի քանի անգամ հանդիպել են Հայաստանի
Հանրապետության զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին:
«Նա մեզ ասում էր. «Բահը վերցրեք, գնացեք Մարտակերտի
դիրքեր, փորե՛ք, ձեր տղային գտեք: Ես ի՞նչ անեմ,
որ ձեր տղան չկա»»:
1999 թվականի հունիսի 6-ին Աբո Մկրտչյանը մենակ
է գնում դատախազի մոտ:
Հաջորդ օրը նա ինքնասպան է լինում՝ կախվում է:
«Էլ չէր դիմանում իրավապահների ծաղր ու ծանակին,
- ասում է Սեդան, - Ես ի՞նչ անեմ: Ես էլ ինձ Աբոյի
նման սպանե՞մ: Բա երեք երեխա էլ ունեմ»:
Սեդան ապրում է իր 20-ամյա դստեր՝ Անահիտի հետ:
«Սպասում եմ Արմենս գա, որ աղջկաս ամուսնացնեմ»,
- ասում է Սեդան:
1999 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի
գերիների փոխանակման ժամանակ չորս հայ զինվորներ
լուսանկարով ճանաչում են Արմենին և հաստատում, որ
նա ողջ է և գտնվում է գերության մեջ:
«Արարատցի Արմե՞նը», - հարցնում է գերությունից
վերադարձած Հապետ Տոնոյանը և մանրամասնորեն նկարագրում
Արմենի արտաքին տվյալները:
Իսկ գերությունից ազատված Արամ Բաբայանի՝ նախաքննական
մարմնին տված ցուցմունքներից պարզվել է, որ Արմեն
Մկրտչյանին գերության մեջ են պահում Շուվալան կոչվող
զորամասում:
Միջազգային Կարմիր խաչը, Եվրոպայի անվտանգության
և համագործակցության կազմակերպությունը և գերիների
հարցերով զբաղվող այլ միջազգային կազմակերպությունները
ոչ միայն Արմեն Մկրտչյանի, այլև գերության մեջ գտնվող
այլ անձանց մասին տեղեկությունները պաշտոնապես ներկայացրել
են Բաքվին:
«Այս հարցը բարձրացվել է Հայաստանի և Ադրբեջանի
նախարարների մակարդակով, - բացատրում է Միջազգային
աշխատանքային խմբի հայաստանյան գրասենյակի համակարգող
Կարինե Մինասյանը, - Բայց Ադրբեջանը պատասխանում
է, որ իրենց տարածքում հայ գերիներ չեն պահվում:
1999 թվականի սեպտեմբերի 23-ին գերիներին վերադարձնելուց
հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարեց,
որ նրանք այլևս հայ գերիներ չունեն, հետևաբար բնական
է, որ բոլոր պատասխանները պիտի մերժողական լինեն:
Վերջին տարիներին կատարված փոխանակումները բոլորն
էլ նոր դեպքեր են»:
Գերիների,
պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող
ՀՀ պետական հանձնաժողովի տվյալներով, այսօր Ադրբեջանում
պահվում են 18 հայ գերիներ: Սրանք այն անձինք են,
ում մասին կոնկրետ տվյալներ կան՝ երբ, որտեղ և ինչ
հանգամանքներում են անհայտացել:
«Մենք վստահաբար կարող ենք ասել, որ Ադրբեջանում
գերիներ ունենք, - ասում է գերիների, պատանդների
և անհայտ կորածների հարցերով զբաղվող ՀՀ պետական
հանձնաժողովի գործող նախագահ գեներալ Միքայել րիգորյանը,
- Սա ես պրոպագանդայի համար չեմ ասում, ինչպես իրենք,
երբ նշում են 800-900 գերիներ: Սա աբսուրդ է: Հնարավոր
չէ այսպիսի փոքր տարածքում այդքան ռազմագերիներ
պահել՝ թաքցնելով նրանց միջազգային կազմակերպություններից:
Այսօր Ադրբեջանում կան 18 գերիներ, որոնց մասին
տեղեկությունները ստացել ենք գերությունից ազատվածներից,
միջազգային կազմակերպություններից և հենց ադրբեջանցի
գերիներից»:
Սակայն գերիներին հետ ստանալու միակ ճանապարհը
միջազգային կազմակերպությունները չեն: Հաճախ լինում
են դեպքեր, երբ Վրաստանի տարածքից հայտնված միջնորդները
գտնում են ծնողներին և մեծ գումարների (30-50000
դոլար) դիմաց խոստանում հետ վերադարձնել այն գերիներին,
որոնք, ըստ ադրբեջանական կողմի, իրենց տարածքում
չեն:
«Իմ ունեցածը էս մի տունն է, - ասում է Սեդա Մկրտչյանը,
- Թող Արմենիս տան, ձեռը կբռնեմ՝ դուրս կգամ»:
|