Հայաստանի
պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) այս
տարի նշում է իր 70-րդ տարեդարձն այնպիսի ծրագրերով,
որոնք ուղղված են հաստատության և գիտական աշխարհում
Հայաստանի վարկանիշի վերականգնմանը:
Խորհրդային տարիներին Հայաստանը հայտնի էր որպես
ԽՍՀՄ «ճարտարագետների արտադրամաս», որը մասնագետներ
էր պատրաստում ամբողջ Միության համար: Բայց կոմունիզմի
փլուզման հետ ճարտարագետների համար դժվար ժամանակներ
եկան, քանի որ անկում ապրող արդյունաբերության պայմաններում
նրանց հմտություններն այլևս պահանջարկ չունեին:
Սակայն անցյալ տարի ՀՊՃՀ են ընդունվել շուրջ 3000
ուսանողներ, մագիստրոսներ և ասպիրանտներ, այդ թվում՝
մոտ 400 օտարերկրյա ուսանողներ (Սիրիայից, Իրանից,
Իրաքից և Հնդկաստանից): Ընդհանուր առմամբ, այստեղ
սովորում են շուրջ 10000 ուսանողներ, և ամեն տարի
շուրջ 1000-ն ավարտում են այն: Յուրաքանչյուր 12-րդ
ուսանող շարունակում է բարձրացնել որակավորումն
իր մասնագիտության գծով:
Մասնագետներն այս ցուցանիշները դիտում են որպես
Հայաստանի արդյունաբերության վերականգնման, ինչպես
նաև արտաքին շուկայի համար նախատեսված մասնագետների
թվի աճի միտում:
«Այսօր մեր շրջանավարտներին պետք է պատրաստենք
գլոբալ շուկայի համար, - ասում է ՀՊՃՀ-ի ռեկտոր
Յուրի Սարգսյանը՝ ավելացնելով, որ աշխատանքային
շուկան Հայաստանում դեռևս չի կայացել, - Այսուհետ
մենք պետք է իմանանք, թե որտեղ են մեր շրջանավարտները,
արդյոք նրանք պահանջարկ ունեն աշխատուժի շուկայում
և արդյոք պատրաստ են այդ շուկային, թե ոչ»:
Իր պատմության յոթ տասնամյակի ընթացքում համալսարանը՝
որը նախկինում հայտնի էր որպես Պոլիտեխնիկ ինստիտուտ,
տվել է ավելի քան 100 հազար շրջանավարտներ, այդ
թվում՝ հանրահայտ գիտնականներ, գործարարներ և գյուտարարներ:
Այսօր
ՀՊՃՀ-ն համագործակցում է ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք
երկրների ուսումնական հաստատությունների, ինչպես
նաև միջազգային կազմակերպությունների հետ:
Երկու տարի առաջ ՀՊՃՀ-ն սկսեց համագործակցել «Լեդա
Սիստեմս» ԲԸ-ի հետ, որը համաշխարհային շուկայում
առաջատար դիրք է գրավում տեղեկատվական տեխնոլոգիաների
զարգացման բնագավառում: «Լեդան» ՀՊՃՀ-ում հիմնադրել
է «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ուսումնական
կենտրոնը երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողների
համար, որոնք ուսումն ավարտելուց հետո աշխատանքի
առաջարկ են ստանում «Լեդայից»:
««Լեդա Սիստեմսը» չի եկել Հայաստան, որպեսզի սոցիալական
կամ կրթական հարցեր լուծի, - ասում է ընկերության
հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, տեխնիկական գիտությունների
թեկնածու Հովիկ Մուսայելյանը, - Սակայն «Լեդայի»
կատարած ներդրումներն անկախ Հայաստանի կրթական համակարգում
երբևիցե արված ամենախոշոր ներդրումներն են»:
Մուսայելյանի հավաստմամբ, ընկերությունը 25 միլիոն
դոլար է ներդրել այս ոլորտում, այդ թվում՝ 3 միլիոն
կրթական և գործարար կենտրոնի շինարարության համար:
«Ներկայումս ԱՄՆ-ում գործազրկություն կա, փակվում
են հանրահայտ ընկերություններ, կատարվում են կրճատումներ:
Այս պայմաններում, երբ ամերիկյան կապիտալի վրա հիմնված
«Լեդա Սիստեմսը» ներդրումներ է կատարում Հայաստանում`
դա փայլուն գնահատական է այս երկրին», - ասում է
Մուսայելյանը:
Համալսարանը նաև բացել է Կարիերայի ուսանողական
ծառայությունների կենտրոն (ԿՈՒԾԿ), որը գրասենյակներ
ունի նաև Գյումրիում, Կապանում և Վանաձորում: Սարգսյանի
հավաստմամբ, կենտրոնն օգնում է վերականգնել կապերը
շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև,
որոնք խափանվել էին վերջին տասնամյակի ընթացքում:
Ռեկտորի հավաստմամբ, ԿՈՒԾԿ-ն օգնում է ուսանողներին
կիրառել իրենց գիտելիքները ճարտարագիտության կոնկրետ
բնագավառներում, օգնում է նրանց ռեզյումեներ և այլ
նյութեր կազմելու գործում և սովորեցնում է որոշակի
կառավարչական հմտություններ:
ԿՈՒԾԿ-ի
ծրագրերի իրականացմանը մասնակցում են նաև Լունդի
շվեդական համալսարանը և Ֆրանսիայի «ԷՍԻՄ» ճարտարագիտական
բարձրագույն դպրոցը: Լունդի համալսարանի հետազոտող-գիտնական
և ծրագրի համակարգող Էվա Էրիքսոնի կարծիքով, նման
ծրագիրը շատ կարևոր է Հայաստանի համար:
«Ես մասնակցել եմ նման ծրագրի Ռումինիայում և,
ուսումնասիրելով իրավիճակը` տեղեկատվությունը, դասախոսների
հետ հաղորդակցումը, ընտրության հնարավորության պակասը,
համոզվել եմ, որ նման ծրագրի իրագործումն անպայման
պետք է բարելավի ուսանողների վիճակը», - ասում է
նա:
«Միևնույն ժամանակ հավատացած եմ, որ ուսանողները
մեր ապագան են, ուստի գլխավոր նպատակը երկրի տնտեսական
իրավիճակի բարելավումն է, որպեսզի դադարեցվի ուղեղների
արտահոսքը և փոխանակման ծրագրերի միջոցով մարդիկ
հետ վերադառնան»:
|