Սեդրակ
Դավիդյանը եկավ Հայաստան 21 տարի առաջ, որպեսզի
սովորի Երևանի բժշկական համալսարանում և վերադառնա
Հալեպ:
Սակայն այստեղ ապրած տարիները և այստեղ գալու
նպատակը չէին, որ դարձրեցին նրան Հայաստանի ամենաճանաչված
մարդկանցից մեկը:
Դավիդյանին բոլորը ճանաչում են ոչ որպես մասնագետ
հոգեբույժի, այլ որպես «Բարի ախորժակ» հեռուստատեսային
հաղորդման վարողի: Խոհարարությանը նվիրված այս 20-րոպեանոց
հաղորդումը եթեր է արձակվում շաբաթական երկու անգամ:
Մի հասարակությունում, որտեղ տղամարդիկ հազվադեպ
հյուր են սեփական խոհանոցում, 41-ամյա Դավիդյանը
մի տեսակ խոհարար-գուրուի համբավ է ձեռք բերել:
Նա նաև սիրված դիջեյ է «Հայ ԷֆԷմ» ռադիոկայանում,
որտեղ սկսել է աշխատել 9 տարի առաջ:
«Երաժշտությունն իմ ամենամեծ նախասիրությունն
է, հետևաբար շատ սիրով կապվեցի ռադիոյի աշխատանքին»,
- ասում է դիջեյը:
«Բարի ախորժակ» ծրագիրն առաջին անգամ եթեր դուրս
եկավ 2000 թվականի մարտին, և Դավիդյանի հյուրն էր
հանրահայտ երգչուհի Շուշան Պետրոսյանը:
«Սկզբում
մտածում էի, որ հաղորդաշարը փոքր լսարան կունենա,
քանի որ խոհարարական է: Շատերն էլ քննադատում էին,
ասելով, թե ինչ ճաշատեսակների մասին կարող է խոսք
լինել սոցիալական վատ պայմաններում, - ասում է Դավիդյանը,
- Բայց արդյունքը եղավ հակառակը: Մարդիկ ինձ կանգնեցնում
են փողոցում և հարցնում այս կամ այն ճաշատեսակի
բաղադրատոմսը»:
«Բարի ախորժակ»-ի հովանավորը «Կոկա-Կոլա» ընկերությունն
է, ինչի մասին վկայում են հեռուստատեսային խոհանոցի
ռազմավարական կետերում տեղադրված նրա բազմաթիվ ապրանքանիշերը
և, ոչ վերջին հերթին, Դավիդյանի պատկառելի փորը
ծածկող «Կոկա-կոլա» գոգնոցը:
«Բարի ախորժակը» ճանաչում է ձեռք է բերել ոչ միայն
իր թեմայի և լավագույն եթերաժամի պատճառով, այլև
որովհետև հաղորդմանը հաճախ հյուրընկալվում են դերասաններ,
երգիչներ, մարզիկներ:
«Մեր նպատակն է ներկայացնել հեռուստադիտողին,
թե ինչպես են ճանաչված մարդիկ իրենց ցուցաբերում
խոհանոցում», - ասում է Դավիդյանը:
Հաղորդման ընթացքում հյուրը ներկայացնում է իր
առաջարկած բաղադրատոմսը, հետո օգնում է հաղորդավարին
պատրաստել այն: Եթե հյուրը սիրած ճաշատեսակ չի ունենում,
ապա բաղադրատոմս առաջարկում է Դավիդյանը:
«Այս
հաղորդումն ինձ հարստացրել է խոհարարական ամեն տեսակի
գաղտնիքներով, որոնք հաղորդում են հյուրերը: Եթե
հյուրը խոհանոցի գիտակ է լինում, անպատճառ նրանից
շատ բան ես սովորում», - ասում է Դավիդյանը:
Իսկ, ընդհանրապես, մեծ է տարբերությունը հյուրընկալվող
կանանց ու տղամարդկանց միջև: Հաճախ փոքր խոհարարական
փորձ ուենցող տղամարդիկ ավելի շատ խոսում են ընդհանուր
թեմաներով: Կանայք ավելի են հակված խոսել ըստ առաջարկված
թեմայի՝ խոհարարության մասին:
Իսկ ո՞վքեր են ավելի հետաքրքիր ու համեղ բաղադրատոմսեր
առաջարկում:
«Լինում են տղամարդիկ, որոնք եզակի բաղադրատոմսեր
են առաջարկում: Կինոռեժիսոր Գևորգյանցը մեզ զարմացրեց:
Նա ձկան կաշվի մեջ փաթաթեց ձկան ֆարշը և պատրաստեց
տոլմա: Գեղեցիկ էր և էկզոտիկ»:
Այնուհանդերձ հաղորդումը հաճախ զարմացնում է հյուրերին:
Էկրանին են հայտնվում խոհարարական գոգնոցներով հայ
տղամարդիկ, որոնք ընդհանրապես գտնում են, որ խոհանոցն
իրենց տեղը չէ:
«Հայ տղամարդիկ գերադասում են տանը ճաշակել իրեն
տիկնոջ կամ մոր պատրաստած կերակուրները, և գուցե
ժամանակ չեն ունենում: Սակայն կա նաև էթնիկական
մոտեցման գաղափարը: Հաճախ ես լսում նրանցից. «Այդ
էր պակաս՝ ճաշ եփեմ»», - ասում է Դավիդյանը:
Վերջերս Դավիդյանը հյուրընկալել էր ազգագրագետ
Հրանուշ Խառատյանին, որը պատրաստեց մի ճաշատեսակ,
որն ուտում են հայկական պահքի ժամանակ:
«Պատրաստեցինք մոխոխ ճաշատեսակը: Լավ եփած ձավարին
ավելացնում ես թթխմորով խմոր, - ասում է Դավիդյանը,
- Սառչելուց հետո ուտում են ողջ պահքի ընթացքում:
Շատ անհամ է: Եփում են միայն տղամարդիկ, կանանց
չի թույլատրվում: Պատրաստելու ընթացքում երգում
և պարում են հատուկ երգեր ու պարեր»:
Ծրագրի վերջում հաղորդավարն ու հյուրը համտեսում
են իրենց պատրաստած կերակուրը:
«Ես
թողնում եմ, որ հյուրերն իրենց ազատ զգան խոհանոցում:
Տեսախցիկի առաջ շատերն են կաշկանդվում: Լինում են
մարդիկ, ովքեր խոսելիս չեն կարողանում գործ անել
և հակառակը», - նշում է Դավիդյանը:
Ինքը՝ Դավիդյանը, անկեղծ և անմիջական է թե՛ ռադիոյում,
թե՛ հեռուստատեսությունում:
«Ես երբեք դերի մեջ չեմ մտնում: Ծրագրի հաջողության
գաղտնիքը հաղորդավարի անմիջականության մեջ է, -
ասում է նա, - Ինձ օգնում է նաև հոգեբույժի մասնագիտությունս:
Մարդկանց բավականին արագ եմ հասկանում՝ ձայնի երանգից,
դեմքի միմիկայից»:
Ճանաչված լինելու հանգամանքը նաև մի շարք խնդիրներ
է առաջացնում դիջեյ Սեդրակի համար:
«Հայտնի մարդը միշտ էլ իրեն լավ է զգում: Բայց
հաճախ ուզում ես աննկատ մնալ: Փողոցում հաճախ են
հարցնում կատակով. «Այսօր ի՞նչ ենք ուտելու»: Իսկ
շուկա ընդհանրապես դադարել եմ գնալ: Դեռ չմտած՝
բոլորը կանչում են գնումների, և, իհարկե, ավելի
թանկ գնով»,-ասում է Դավիդյանը:
|