Ամեն անգամ, երբ վայրէջք եմ կատարում «Զվարթնոց»
օդակայանում, հիշում եմ այն առաջին անգամը՝ ավելի
քան վեց տարի առաջ:
Լավ մաշված «ՏՈՒ»-ն՝ առաջ կռացած նստատեղերով,
քրքրված գորգով և տարբեր ծակուծուկեր փակող կպչուն
ժապավենով, որը ես կգերադասեի չտեսնել 9000 մ բարձրության
վրա, վայրէջք կատարեց մեկումեջ լուսավորված վազքուղու
վրա: Մենք իջանք օդանավից և ցրտի միջով քայլեցինք
դեպի օդակայանի խոնավ շենքը, որից մեզի ու քայքայման
հոտ էր գալիս: Զուգարանի դուռը տախտակներով մեխված
էր, այնպես որ այն գործը, որ պետք է ներսում արվեր,
միևնույն է արվում էր, սակայն փայտե դռների վրա:
Արդյունքն այն էր, ինչ և կարելի էր սպասել:
Կեղտոտ աստիճանների մի հարթակ ներքև մեզ դիմավորեցին
փայտե գրասեղանի հետևում կանգնած խիստ դեմքերով
մարդիկ և մեզնից պահանջեցին ինչ-որ թղթեր, որոնց
մասին մեզ ոչ ոք ոչինչ չէր ասել: Այնպես որ, նրանք
մեզ մի թուղթ տվեցին (վայրէջքի քարտի նման մի, եթե
չեմ սխալվում), և երբ մենք լրացրինք դրանք և վերադարձանք,
մեզ հայտնեցին, որ երեք օրինակ է պետք, և մենք ևս
երկու նման թուղթ լրացրինք:
Ես լավ չեմ հիշում, բայց կարծեմ մեզնից ինչ-որ
գումար վերցրեցին անհասկանալի նպատակների համար,
որից հետո այդ մռայլ և բուրող տղամարդիկ կնքեցին
մեր լրացրած փաստաթղթի երեք օրինակները:
Հետո մենք անցանք գրասեղանային ծառայողների երկրորդ
շարքը, հետո՝ երրորդը, մինչև հասանք ուղեբեռի ստացման
կետը:
Ուղեբեռը ստանալուց հետո մենք դժվարությամբ ճանապարհ
հարթեցինք անհասկանալի կարգավիճակով մարդկանց և
ծխի նրանց «ծխնելույզների» միջով: Այդ ընթացքում
նրանք անընդհատ փորձեր էին անում «տիրանալ» մեր
ճամպրուկներին, կարծես դրանք իրենցն էին՝ օգնության
համար մի քիչ փող ստանալու ակնկալիքով:
Ուղեբեռը ստանալուց հետո մեզ ուղեկցեցին դեպի
գրասեղանների մեկ այլ շարք, որտեղ ճամպրուկները
բացեցին, և մաքսատան ծառայողի համար ամեն ինչ վերածվեց
օրինական ավարի: Մի անգամ ես գյումրեցի ինչ-որ երեխաների
համար մեծ թվով խաղալիքներ էի բերում, և հենց իմ
աչքերի առաջ մաքսատան աշխատակցուհին ընտրեց իրեն
դուր եկած մի քանի խաղալիք և պարզապես մի կողմ դրեց,
երևի իր սեփական երեխաների համար: Իմ առաջին մի
քանի ուղևորությունների ընթացքում ես սովորեցի,
ինչպես ճիշտ տեղավորել որոշ «մաքսային» իրեր՝ այն
բաները, որ ես իրականում չէի ուզում բերել Հայաստան,
սակայն որոնք բավականաչափ գրավիչ էին, որպեսզի շեղեին
մաքսավորների ուշադրությունն իսկական նվերներից:
Երևան թռչելիս իմ ուղեկիցները և ես սովորաբար
գրազ էինք գալիս գարեջրի վրա, թե ով ամենաճիշտը
կգուշակի, թե որքան ժամանկից հետո դուրս կգանք օդակայանի
շենքից: Եթե ինչ-որ մեկը մեկ ժամից պակաս էր ասում,
համարվում էր, որ նա կամ անխելք է, կամ էլ պարզապես
մեծահոգաբար ուզում է մեզ գարեջուր հյուրասիրել:
Այն օրերին երկու ժամ ասելով կարող էիր քեզ ապահով
զգալ:
Ուղեբեռի ստացման կետում կանգնած՝ ես մտածում
եմ այն օրերի մասին: Հինգշաբթի է, կեսգիշերից քիչ
անց, և ես հենց նոր եմ առաջին ուղիղ թռիչքներից
մեկով ժամանել Լոնդոնից (որը հետո շարունակվելու
դեպի Տաշքենդ, մինչդեռ առաջ գալիս էր Թբիլիսիով):
Ես իջել եմ լավ կահավորված, հարմարավետ, բարյացակամ
անձնակազմով օդանավից, անցել եմ տաք անցուղով դեպի
«հարաբերականորեն» լավ լուսավորված և միզահոտից
զուրկ օդակայանի շենքը, քայլասանդուղքով իջել եմ
դեպի միակ տաղավարը, որտեղ մի ծառայող կնիք է դրել
իմ անձնագրում, և օդանավի իմ տեղը լքելուց հինգ
րոպե հետո ես արդեն կանգնած եմ ուղեբեռի պտտահարթակի
առջև:
Այլևս չկան փնթի հագնված այն տղամարդիկ, որ իրենց
սայլակներով հրմշտելով բոլորին փորձում էին վերցնել
ձեր ճամպրուկները, որ հարահոսը հիմա սկսում է դուրս
թքել օդանավի վայրէջք կատարելուց ընդամենը 15 րոպե
հետո: Ես ժամանել եմ 12:15-ին և տուն կհասնեմ ժամը
1-ի մոտ: Մի ժամից պակաս գրազով ես այդ գիշեր գարեջուր
կշահեի: Հավատալդ չի գալիս:
Ես մտածում եմ կարճ ժամանակում տեղի ունեցած կտրուկ
փոփոխությունների մասին և համարյա սկսում եմ կարոտել
անցած հին ու պարզ օրերին, երբ...
Առաջին բանը, որ հայտնվում է հարահոսի նեղ դռնով,
ոչ թե ճամպրուկ է, այլ պպզած մի հայ տղամարդ՝ ամբողջովին
սև հագնված, չորս օրվա չսափրված դեմքով և, իհարկե,
ծխախոտը բերանին:
«Տես, վրան Գլենդեյլի հասցե չկա՞ խփած», - ասում
է իմ մի ուղեկցի:
Ինձ շատ ուրախացնում են այս երկրում կատարվող
փոփոխությունները: Սակայն ես նաև ուրախանում եմ,
երբ տեսնում եմ, որ նույնիսկ առաջընթացը դեռ չի
կարողացել զրկել Հայաստանն իր հաճախ անսպասելի և
կոշտ հմայքից:
|