Զբոսնեք
Երևանի կենտրոնական փողոցներով և տարբեր պատուհաններից
կլսեք ռուսերեն, երբեմն էլ անգլերեն լեզվով նորություններ
ընթերցող հաղորդավարների ձայները: Հետո այցելեք
արաբական երկրներում ծնված հայերի, և «Ալ Ջազիրան»
կլինի նրանց տներում այս օրերին հնչող միակ հեռուստակայանը:
Շուրջօրյա լուրեր հաղորդելու միջոցով ռազմաճակատը
յուրաքանչյուրի տուն տեղափոխելու կարողությամբ և
իրենց կառավարություններին լրատվամիջոցների նվիրվածությամբ՝
պատերազմն Իրաքում այսօր ավելի նման է լրատվական
հակամարտության, և թվում է, թե Բուշի վարչակազմի
և Հուսեյնի թիմի միջև խաչակրած փիար-արշավանք է
սկսվել:
Երկու ճամբարներն էլ փորձում են համոզել իրենց
լսարաններին, որ թշնամին գտնվում է հակառակ կողմում,
և երկու ճամբարներն էլ վայելում են լրատվամիջոցների
արտասովոր աջակցությունը:
Սակայն արևմտյան և արաբական լրատվամիջոցների միջև
աճող տարաձայնությունների պայմաններում՝ մեծ ջանքերի
և խոչընդոտների միջով իր ճանապարհն է հարթում իրաքյան
պատերազմը լուսաբանող մի երրորդ մոդել: Եվ այստեղ
ոչինչ չի հիշեցնում «ՍիԷնԷն»-ի և «Ալ Ջազիրայի»
միջև ընթացող ճակատամարտը:
Պատերազմի քննադատություն՝ միաժամանակ որոշակի
տարանջատում Իրաքից՝ այսպես են այսօր որոշ լրատվական
փորձագետներ բնորոշում Ռուսաստանի դիրքորոշումը,
որին հակված են մի շարք երկրներ՝ այդ թվում և Հայաստանը:
Իսկ հայկական ԶԼՄ-ների ներկայացրած ռուսական տեսակետը
պարտադիր չէ, որ համընկնի հայ պաշտոնյաների ներկայացրած
տեսակետների հետ, որոնք՝ ելնելով հակամարտության
բոլոր հնարավոր կողմերի հետ լավ հարաբերություններ
պահպանելու իրենց շահերից՝ չեզոք դիրք են ընդունել,
և սատարում են Իրաքի զինաթափմանը, սակայն միայն
խաղաղ ճանապարհով:
Երևանյան որոշ թերթեր նույնիսկ ավելի կոշտ ձևակերպումների
են դիմում: Տեղական ռուսալեզու «Նովոյե վրեմյա»
թերթն իրաքյան պատերազմի վերաբերյալ լուրեր քաղում
է տարբեր աղբյուրներից՝ ներառյալ արևմտյան հրապարակումներից,
սակայն կտրականապես դեմ է պատերազմին և ԱՄՆ-ին:
«Ինչպե՞ս կարելի է ընդունել պատերազմը, եթե զոհվում
են քաղաքացիական անձինք», - վրդովված ասում է թերթի
գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյան՝ հիշեցնելով, որ
Իրաքի պատերազմը «իսկական երեսպաշտություն է»: Եվ
«Նովոյե վրեմյա» թերթի ողջ կազմն առաջնորդվում է
այս սկզբունքով:
«Նոյյան տապան հայլայթս» անգլիալեզու շաբաթաթերթի
գլխավոր խմբագիր Հարություն Խաչատրյանն ավելի կենտրոնամետ
է, քան Սաթյանը, և ասում է, որ իր պարբերականը «ոչ
մի քաղաքական միտում չունի» և որ այն «ձգտում է
ներկայացնել առկա ամբողջ տեղեկատվությունը և բոլոր
տեսակետները»:
Սակայն
լրատվական վերլուծաբան Մարկ Գրիգորյանը գտնում է,
որ արտաքին դիրքորոշման ընդունումը հայկական մամուլի
կողմից նույնպես կապված է պրոֆեսիոնալիզմի պակասի
հետ: «Իրաքի պատերազմը լուսաբանելը պրոֆեսիոնալիզմ
է», - ասում է նա, և թեև Իրաքն ամբողջ աշխարհի ԶԼՄ-ների
գլխավոր թեման է, հայկական լրատվամիջոցներն իրենց
թղթակիցներին ռազմաճակատ չեն ուղարկել այն պարզ
պատճառով, որ միջոցներ չունեն: Այնպես որ «հայկական
թերթերը, իրոք, լուսաբանում են պատերազմը, - ասում
է Մարկը, - սակայն անում են դա անուղղակիորեն և
այլ ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունների միջոցով»:
Գիտակցելով իրենց աշխատանքի կարևորությունը՝ լրագրողներն
այսօր իրենց վատ են զգում, որ չեն կարող մեկնել
Իրաք: Երևանցի լուսանկարիչ Յուրի Գասպարյանն ասում
է, որ երբեք իրեն չի ների, որ նստած է տանը, երբ
պատերազմը շարունակվում է: «Ես բաց թողեցի Աֆղանստան
գնալու հնարավորությունը, հիմա էլ՝ Իրաք: Հավատս
չի գալիս, որ աշխարհը տակն ու վրա է լինում, իսկ
ես այստեղ եմ»:
Միջոցներ կամ փորձ չունենալու հետևանքով արտասահմանում
թղթակիցներ չունենալու պատճառով հայկական մամուլը
մեծ ընտրություն չի թողնում իր ընթերցողներին, որոնք
ստիպված ապավինում են օտարերկրյա լրագրողների կամ
օտարերկրյա թերթերից վերցված հոդվածներին, որոնք
հաճախ չեն բավարարում այն ընթերցողներին, ովքեր
ուզում են իմանալ, թե իրենց երկիրն ինչ դիրքորոշում
ունի այս պատերազմում:
Իսկ Հայաստանն ու Իրաքը տարբեր մոլորակների վրա
չեն գտնվում: Նրանց իրարից բաժանում է միայն Իրանը:
Եվ եթե այլ ընթերցողների համար պատերազմի վերաբերյալ
լուրերն ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում,
ապա հայ ընթերցողն անհամբեր սպասում է լուրերի՝
սկսած տարածաշրջանային կայունությունից, որն ուղղղակիորեն
անդրադառնում է իր երկրի վրա, մինչև Իրաքի հայ համայնքին
վերաբերող նորությունները:
|