Վանաձորի
դատարանը կայացրեց իր վճիռն անցյալ տարվա փետրվարի
25-ին իր զորամասի զինվորների կողմից սպանված 22-ամյա
Արտյոմ Սարգսյանի սպանության գործով: Սարգսյանը
զորակոչվել էր դեպքից երկու ամիս առաջ:
Առաջին ատյանի դատարանը մեղավոր ճանաչեց զինվորներ
Աղաբեկ Թադևոսյանին (որը դատապարտվեց 7,5 տարվա
ազատազրկման) և Վարուժան Խաչատրյանին (4 տարվա ազատազրկում):
Երրորդը զինվորը՝ Արտաշես Կարապետյանը, դատապարտվեց
պայմանական ազատազրկման՝ իր զինծառայության ժամկետի
մնացած մեկ տարվա ընթացքում:
Դատարանը նաև մեղավոր է ճանաչել սոնոգրաֆիստ Անահիտ
Բաբայանին «անզգույշ սպանության» մեջ և դատապարտել
է նրան երկու տարվա ազատազրկման «գաղութ-բնակավայրում»:
Պատիժը նա կրելու է տանը:
Արտյոմ Սարգսյանն ասպիրանտ ուսանողների խմբի ղեկավարն
էր, որը բողոքում էր իրենց զորակոչելու դեմ, պնդելով,
որ զինվորական պարտքը կատարելուց առաջ իրենց պետք
է հնարավորություն ընձեռվի ավարտել ուսումը: Սակայն
մինչ դատարանը քննում էր նրանց հայցը, Սարգսյանին
և մյուս ասպիրանտներին զինակոչեցին: (Սեղմեք այստեղ
այս գործի մասին լրացուցիչ տեղեկությունների համար:)
Դատարանը գտավ, որ Սարգսյանին ծեծելով սպանել
են մեղադրվող երեք զինվորները, որոնց ղեկավարը եղել
է Թադևոսյանը: Սակայն անցած այս տարվա ընթացքում
իրավապաշտպանները նշել են, որ Սարգսյանի սպանությունը
պատվիրել են սպաները, որոնց դուր չեն եկել Սարգսյանի
ելույթները զինակոչի գործընթացի դեմ:
Սպանված զինվորի ծնողներն ասում են, որ իրենք
խորապես վիրավորված էին իրենց կարծիքով մեղմ դատավճռից
և դիմել են վերաքննիչ դատարան:
Արտյոմի հայրը՝ Ռաֆաել Սարգսյանը, բանակի փոխգնդապետ
է:
«Ես ինձ ստորացած եմ զգում որպես զինվորական և
հակված եմ մտածել, որ Արտյոմին սպանել են որպես
զինվորականի որդու՝ բանակի նկատմամբ ունեցած ատելության
համար», - ասում է հայրը: Մայրը՝ Կարինե Աղբալյանը,
մինչև դատավճռի հրապարակումը բողոք էր ուղղել զինվորական
դատախազությանը՝ պահանջելով պահպանել հայտարարված
պատժաչափերը՝ վստահ լինելով, որ դրանք նվազելու
են նույնիսկ մեղքը հաստատող դատավճռի դեպքում:
«Դատավոր Աղասի Մկոյանն արագ ընթերցեց դատավճիռը
և պարզապես փախավ դատարանի դահլիճից, - պատմում
է տիկին Կարինեն, - Ես մոտեցա մեղադրող Արման Մազմանյանին
և ասացի. դուք սպանեցիք իմ որդուն երկրորդ անգամ»:
Արտյոմ Սարգսյանի սպանության մեջ սկզբնապես մեղադրվում
էին 15 հոգի՝ այդ թվում զորամասի հրամանատարը, հինգ
բուժծառայողներ և շարքային զինվորներ:
Զորամասի հրամանատար Անդրանիկ Սահակյանը մեկ տարի
կալանքի տակ է գտնվել հանցագործությանն իր մասնակցության
համար: Դատարանը գտավ, որ նա պետք է ազատ արձակվի
այդ պատժաչափը կրելուց հետո:
«Սա
այն մարդն է, որը գործը ձգձգելու համար թույլ չէր
տվել դիահերձում կատարել որդուս, քանի դեռ հետքերը
թաքցնելու նպատակով չէր վերանորոգել այն սենյակը,
որտեղ ծեծի էին ենթարկել որդուս», - ասում է Ռաֆայել
Սարգսյանը:
«Այն տղան, որը մահվան էր հասցրել իմ որդուն,
ազատ արձակվեց: Մարդուն խմբակային ծեծով կարելի
է հասցնել մահվան, իսկ հետո սպանողին արդարացնել,
ասելով, որ օգնել է նախաքննությանը բացահայտել հանցագործությունը,
և ազատ արձակել, - բողոքում է տիկին Կարինեն, -
Փոխարենը կալանավորել են մի տղայի, որն, ըստ էության,
մեղքի ամենափոքր բաժինն ուներ»:
Ծնողներն ասում են, որ նման դատավճիռը միայն կաշառքի
արդյունք կարող էր լինել:
«Որքան շատ փող տաս, այնքան մեղմ պատժաչափ կստանաս,
և հակառակը», - ասում է տիկին Կարինեն՝ ենթադրելով,
որ Կարապետյանը չդատապարտվեց ազատազրկման, որովհետև
նրա հայրն աշխատում է հարկային ծառայությունում:
Զինվորական հոսպիտալի հինգ բժիշկները ճանաչվել
են անմեղ, թեև նրանց վկայությունները, որ Սարգսյանը
մահացել է ինֆեկցիայից, հակասել են բազմաթիվ կապտուկների
և վնասվածքների մասին դատաբժշկական եզրակացությանը:
Դատաբժշկական եզրակացության մեջ նաև նշված է,
որ Արտյոմի մահը տեղի է ունեցել մասամբ նաև ուշացած
բուժօգնության պատճառով (նրան 36 ժամ պահել են հոսպիտալում,
որտեղ և մահացել է):
Դատավարության ընթացքում բուժքույր Գայանե Մկոյանը
հետևյալ ցուցմունքն է տվել.
«Արտյոմը գոռում էր՝ «Կամ ինձ ուժեղ ցավազրկող
տվեք կամ էլ գլխիս մի բանով խփեք՝ սպանեք», սակայն
նրան ոչ ոք չօգնեց: Երբ ես այդ մասին ասացի հոսպիտալի
պետին՝ նա ի պատասխան ասաց. «Զինվոր է, էլի, կդիմանա»:
Հայաստանի հելսինկյան ընկերակցության նախագահ
Միքայել Դանիելյանի հավաստմամբ, իրենց կազմակերպությունը
հայցով դիմելու է Ստրասբուրգի դատարան, որը քննում
է մարդու իրավունքների խախտման գործերը: Դատարան
դիմելու իրավունքը վերապահված է Հայաստանին, որպես
Եվրոխորհրդի անդամի:
«Վճիռը, որ կայացրեց դատարանը, մեզ համար անսպասելի
չէր, - ասում է Դանիելյանը, - Իսկ այն, որ դատախազությունը
պաշտպանում է մեղադրվող կողմի շահերը և ոչ թե հակառակը,
ամենատարածված պրակտիկան է Հայաստանում»:
|