Շատ երկրների կրթական համակարգերի նման, Հայաստանի
բարձրագույն ուսումնական հաստատություններում նույնպես
ուսանողներից պահանջում են կուրսային և դիպլոմային
աշխատանքներ ներկայացնել:
Եվ շատ երկրների նման էլ, որոշ ուսանողներ գտնում
են այդ պահանջները բավարարելու զարտուղի ճանապարհներ:
Երևանի բուհերի պատերին ուսանողները կարող են
գտնել այն կազմակերպությունների հայտարարությունները,
որոնցից կարող են գնել ռեֆերատներ ու կուրսային
աշխատանքներ:
Ուրիշի փոխարեն աշխատանք գրելը որոշ մասնագետների
համար դարձել է փոքր բիզնես: Նրանց մի մասը համաձայնում
են խոսել այդ կասկածելի ծառայության մասին, սակայն
ոչ ոք չի համաձայնում լուսանկարվել:
«Մեզ մոտ աշխատակիցները հիմնականում բուհավարտներ,
ասպիրանտուրայի ուսանողներ են», - ասում է Ռուբեն
Սարգսյանը, որն այդպիսի մի ընկերությունում կազմակերպչական
հարցերով է զբաղվում: Սարգսյանի հավաստմամբ, իրենց
հիմնականում դիմում են այնպիսի ուսանողներ, ովքեր
«սովորելու մեծ ցանկություն չունեն»:
Ընկերությունը գործում է արդեն մեկ տարի (թեև
օրինականորեն գրանցված չէ): Մոտ 30 մասնագետներ
գրում են կուրսային աշխատանքներ, ռեֆերատներ, նույնիսկ`
դիպլոմայիններ ու դիսերտացիաներ:
Այստեղ պատվերները կատարում են միջին հաշվով 2-3
օրվա ընթացքում՝ էջը 250-300 դրամով: Միջին ռեֆերատը
կարելի է գնել 9-12 դոլարով, իսկ դիպլոմային աշխատանքը՝
30-60 դոլարով:
Տարեկան գրում են մի քանի հազար ռեֆերատ ու կուրսային
աշխատանք, իսկ դիպլոմայինների թիվը հասնում է 20-30-ի:
Ըստ Ռուբեն Սարգսյանի, Երևանում կա հիսունից ավելի
նման կազմակերպություն: Երբեմն աշխատանքներ են գրում
նաև բուհերի բարձր կուրսերի ուսանողները:
Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում,
օրինակ, բարձր կուրսի ուսանողները ցածր կուրսեցիների
համար լրացնում են ճարտարագիտական գրաֆիկայի, էլեկտրոտեխնիկայի,
կիրառական մեխանիկայի լաբորատոր աշխատանքների համար
նախատեսված տետրերը, գրում են կուրսային ծրագրեր:
«Ինձ հիմնականում դիմում են Երևանի տնտեսագիտական
համալսարանի տարբեր ֆակուլտետներից, ավելի հազվադեպ`
Երևանի պետական համալսարանի իրավագիտության, միջազգային
հարաբերությունների, տնտեսագիտության, հայ բանասիրության
ֆակուլտետների ուսանողներ, - ասաց երևանյան մի գրադարանի
գրադարանավարուհի, որը նման աշխատանքներ է գրում
և վաճառում, - Ասում են աշխատանքի թեման, ծավալը,
հազվադեպ` նաև պլանը, գրականության ցանկը: 1-2 օրում
աշխատանքը պատրաստում, տալիս եմ ուսանողին»: Այստեղ
գներն ավելի ցածր են, մեկ էջը՝ 200-250 դրամ:
«Իմ փորձից հասկացել եմ, որ հիմնականում դիմում
են, երբ թեմային տեղյակ են, բայց աշխատում են ինչ-որ
տեղ և աշխատանքն ինքնուրույն գրելու ժամանակ չունեն,
կամ անհրաժեշտ գրականությունը չեն գտնում» - ասում
է նա:
Գրադարանավարուհին մասնագիտությամբ տնտեսագետ
է, բուհն ավարտել է տասը տարի առաջ և արդեն հինգ
տարի «օգնում է» ուսանողներին: Տարվա ընթացքում
գրում է 20-25 կուրսային աշխատանք ու ռեֆերատ: «Եթե
ողջ գրածս ուղեղումս պահեի, հիմա երևի կգժվեի, -
ասաց նա, - Այս ընթացքում մի քանի թեմաներ են եղել,
որ ինձ իրոք հետաքրքրել են, ուշադիր ուսումնասիրել
եմ, մնացած դեպքերում պարզապես կարդացել եմ տարբեր
աղբյուրներ, ի մի բերել տարբեր կարծիքներ ու տեսակետներ»:
Մասնագետ «վարձելու» գաղափարը լայն տարածում է
գտել, և կրթության բնագավառի մասնագետները երկյուղում
են, որ այն կարող է կործանարար հետևանքներ ունենալ:
«Սեմինար պարապմունքների կամ քննությունների ժամանակ
պատասխանները, հիմնականում, գրքային են լինում,
ուսանողն այդքան ազատ չի լինում, - ասաց Երևանի
պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի
բակալավր Արմինե Հայրապետյանը, - Իսկ ռեֆերատների
կամ կուրսային աշխատանքերի ժամանակ մի բան հայտնագործելու,
քո թեզը առաջ քաշելու և ապացուցելու, գուցե ընդունված
կարծիքին հակադրվելու հաճույքը, ոչինչի հետ չեմ
փոխի: Երևի այդ պատճառով մեզ մոտ այս աշխատանքներն
ուսանողներն ինքնուրույն են կատարում»:
Նման ծառայություն առաջարկողներն ասում են, որ
դա կարող է և ուսանողների նախապատրաստվելու լավագույն
ձևը չլինել, սակայն գոնե «օրվա հաց» է ապահովում
այդ աշխատանքները կատարողների համար:
«Մեզ մոտ երեք աշխատողներից մեկն այս գործով է
զբաղված, - ասաց գրադարանավարուհին, - Մյուսը պատվիրատու
է փնտրում, երրորդն էլ բարձրաձայն չի ասում, բայց
մտածում է այդ ուղղությամբ»:
|