Եթե
Հին Կտակարանն ընկալենք որպես պատմության դաս, ապա
կարելի է ենթադրել, որ առաջին գինին պատրաստվել
է Արարատյան դաշտում աճեցված խաղողից:
Պարզ ասած, 40 օր ու գիշեր տևած ջրհեղեղից հետո
Նոյը խաղողի այգի է տնկում և խաղողից այնպիսի անդիմադրելի
գինի է պատրաստում, որը խմելով ինքն էլ՝ մարդ, որին
իր «համակրանքն էր ցույց տվել» Աստված, հարբում
է և քնում վրանում:
Հազարավոր տարիներ հետո երևանցի գինու մի ջատագով
քարոզարշավ է սկսել, որպեսզի վերականգնի Հայաստանի
սերը խաղողի նկատմամբ:
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ
Հարությունյանը հայկական խաղողի և գինու մասին խոսում
է առանձնահատուկ քնքշությամբ ու սիրով: Նա մասնագիտորեն
ներկայացնում է հայ գինեգործների աշխատանքային այն
բոլոր նրբությունները, որոնք փոխանցվել են դարեդար:
«Մ.թ.ա. երրորդ հազարամյակի հնագիտական գտածոները
ստույգ կերպով ներկայացնում են հայկական գինեգործության
պատմությունը: Առաջին արձանագրությունները տալիս
են ասորական աղբյուրները մ.թ.ա. 11-10 դարերում»,
- ասում է Հարությունյանը:
Իսկ
աստվածաշնչյան առասպելը, ըստ Հարությունյանի, հաստատում
է այն փաստը, որ խաղողի հայրենիքը Հայաստանն է:
Նոյի տնկած խաղողի վազերը տարածվել են դեպի Փյունիկիա,
Եգիպտոս, Հունաստան և Եվրոպա:
«Խաղողագործությունը և գինեգործությունը բոլոր
ժամանակներում էլ եղել են պետության հզորացման,
կայունացման պարտադիր պայման, - ասում է նախագահը,
- Հայ թագավորները երկու պարտականություն ունեին:
Նրանք պետք է կառուցեին տաճարներ և տնկեին խաղողի
այգիներ: Ուրարտական Մենուա թագավորն իր տնկած խաղողի
այգին անվանում է դստեր՝ Տարիրայի անունով»:
Գինեգործությունը ծաղկում էր ապրում Հայաստանում
մինչև խորհրդային տարիները, երբ սկսվեց նրա անկումը:
Աշխարհի առաջին առասպելական գինի խմողները «խորհրդայնացվեցին»
պետության և նոր խմիչքների կողմից: Գինուն փոխարինելու
եկավ օղին: Ըստ Հարությունյանի, սկսեցին «արտադրել
միայն ամենաէժան, թունդ գինիները»:
Նա նշում է, որ սեփականաշնորհումից հետո խաղողագործության
համար դժվար ժամանակներ սկսվեցին, և այդ ճգնաժամն
իր գագաթնակետին հասավ 1991-1996 թվերին:
«Մեր միությունը ստեղծվեց (1997 թվին), որպեսզի
նպաստի բնագավառի զարգացմանը գյուղում, ստեղծի առողջ
մրցակցություն», - ասում է նա:
Մինչև 1995 թվականը Հայաստանի խանութներում, որպես
կանոն, կարելի էր գտնել միայն «Հողի արյուն»-ի կարգի
էժանագին գինիներ (շիշը 1 դոլարից էլ էժան): Սակայն
ներկայումս ներքին սպառման և արտահանման համար 38
կազմակերպություններ արտադրում են յուրաքանչյուրը
5-10 տեսակի գինիներ: Այդուհանդերձ, այժմ մշակվում
են ընդամենը 8000-9000 հա խաղողի այգիներ, ինչը
կազմում է լավագույն տարիներին մշակվող մոտ 36000
հեկտարի ընդամենը մեկ քառորդը:
Հարությունյանը կոչ է անում Հայաստանին վերադառնալ
իր ազգային խմիչքին: Եվ անում է դա գինու պարգևած
վայելքին նվիրված ամենշաբաթյա հեռուստատեսային ծրագրով:
Հունվարից
Հարությունյանը Հանրային հեռուստատեսությամբ վարում
է 20-րոպեանոց ծրագիր, որին հրավիրում է նշանավոր
հայերի՝ գինի խմելու ու գինու մասին խոսելու:
«Գինու մասին խոսում են դերասաններ, գիտնականներ,
նախարարներ, -ասում է Հարությունյանը, - Այս խմիչքն
իր մեջ այնքան մեծ իմաստություն, սեր ու խորհուրդ
է պարունակում, որ մարդկանց առանձնապես պետք չէ
բացատրել: Մենք պարզապես խթան ենք տալիս...»
Նկարահանումները կատարվում են մառանում, որը հիմնադրել
է Կարապետ Աֆրիկովը 1880 թվականին: Նույն մառանում
է աշխատում Ավագ Հարությունյանը, այստեղից էլ հաղորդման
անվանումը՝ «Ավագի մոտ»:
Մառանում տիրող մթնոլորտը տրամադրում է փիլիսոփայական
խորհրդածությունների, որոնց նպաստում է ըմպելիքի
ընդունումը՝ հաստատելով լատինական ասացվածքը՝ «ճշմարտությունը
գինու մեջ է»:
«Գինին նրանց բացում է: Անկաշկանդ ու ազնիվ զրույցից
ծնվում են հետաքրքիր մտքեր և ամենակարևորը՝ սեր
գինու հանդեպ», - ասում է Հարությունյանը:
Հաղորդման վերջում ծեսի վերածված կարգով հյուրն
իր ձեռքով տակառից գինի է լցնում, խցանում, մակագրում
և թողնում մառանում:
Հարությունյանը հպարտությամբ փաստում է. «Փակված
շշերը չեն բացվելու: Դրանք կմնան պատմության համար:
Մառանում նման 100-ամյա գինիներ ունենք»:
Հարությունյանն
ասում է, որ գինեգործության մեջ իրենց արտացոլումն
են գտել հայոց պատմությունը և կրոնական արարողությունները:
Հեթանոսության ժամանակաշրջանում խաղողն օրհնվում
էր հեթանոս աստվածուհիներ Անահիտի և Աստղիկի ծննդյան
տոներին, և Հայ առաքելական եկեղեցին պահպանում է
այդ ավանդույթը: Քրիստոնեությունն իր հետ բերեց
փոխարկման սուրբ խորհուրդը, երբ գինին վերածվեց
Քրիստոսի արյան:
Հարությունյանն ասում է, որ խաղողագործությունը
Հայաստանում կախված է եղել քաղաքականությունից և
նվաճողների քմահաճույքից: Եթե նվաճողները մահմեդական
էին, ապա խաղողի այգիները ոչնչացվում էին, քանզի
իսլամն արգելում է գինին:
«Աստված մեզ տվել է բնակլիմայական հիանալի պայմաններ,
- ասում է Հարությունյանը, - Ունենք 5000-7000 տարվա
մշակված խաղողի պերմանենտ տեսակներ: Ունենք Արարատ,
որտեղ իջել է Նոյը: Ունենք միայն չլուծված ներդրումային
խնդիրներ, և լուծելով դրանք՝ կքայլենք աշխարհին
համընթաց:
«Ինքը՝ խաղողի վազը, անմահ է, հավերժ պտղատու
է: Բերք է տալիս 100-120 տարի: Եթե անգամ կտրվում
է, կողքերից դարձյալ աճում է: Խաղողի իմաստը նրա
հավերժության մեջ է»:
|