«Բարոյական
արժեքները հիմնական այն տարբերությունն է, որը բաժանում
է մարդուն կենդանուց, - ասում է ավանգարդիստ Դավիթ
Կարեյանը, - Իմ հիմնական ստեղծագործությունների
միջոցով նույնպես փորձում եմ լրացնել այդ մշակութային
բացը, որը մարմնի և բանականության, արհեստականի
և բնականի, անհատականության և հասարակության միջև
ծագած կոնֆլիկտի արդյունք է»:
Կարեյանի ստեղծագործությունները ցուցադրվում են
Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում:
Դավիթ Կարեյանը պատկերում է մարդու ներքնաշխարհը,
նրա մտորումները, և հավերժական կռիվը բնության ու
արհեստական աշխարհի միջև:
«Աշխարհն առանց քեզ» տեսա-ինստալյացիան պատկերում
է շվեյցարական Ալպերի գագաթներն ու բնության կուսական
անտառները: Այս նկարների կողքին արվեստագետն արհեստական
բույսերով սարքված բնության մեջ տեղադրել է հեռուստացույց,
որը ցույց է տալիս ցեխի մեջ թավալվող մարդու:
Այս ստեղծագործությունը մի քանի իմաստ է արտահայտում:
Ալպերն այն հավերժական բարձունքներն են, որոնք խորհրդանշում
են հոգու բացարձակ ազատությունն ու անսահման երազները:
Ամպերում ճախրող այս սարերն իդեալիստներին մղել
են ծայրահեղության: Սակայն երազների կողքին կա իրականություն,
որը վերացական բարձունքից մարդուն նետում է ցեխերի
մեջ: Վերջիվերջո, մարդ արարածը վերադառնում է հողին,
պայքարում բնության հետ և փորձում նորից վերադառնալ
կորցրած բնության գիրկը: Բայց դա նրան չի հաջողվում,
քանզի մարդիկ այսօր իրենց շրջապատել են արհեստական
բնությունով:
Բնության վերադարձը և հոգևոր ու բարոյական արժեքների
վերգտնումն է արտահայտված «Նրանք խմում են նավթ»
տեսա-ինստալյացիայում:
Երեք պատերի ողջ մակերեսին պրոյեկտորի միջոցով
պատկերված են պարող տղամարդիկ, որոնցից մեկը բնության
գրկում է, մյուսի մարմինը լցված է մեխանիզմներով
ու շարժվող սարքերով, իսկ երրորդը մտահոգված է քաղաքական
իրադարձություններով: Այս ստեղծագործությունը կրկին
պատկերում է մարդ/բնություն խզումը և բնությունը
խժռող այսօրվա հասարակությունը:
Դավիթ Կարեյանի արվեստը վեր է հանում խնդիրներ,
որոնք կաղապարում են հասարակության և անհատի ազատությունը:
Նրա աշխատանքներում իրականությունը ներկայանում
է խզումների և ներաշխարհային վերապրումների միջոցով:
30-ամյա նկարիչն իր ստեղծագործությունները ցուցադրել
է ավելի քան 30 համատեղ և անհատական ցուցահանդեսներում՝
ներառյալ Վենետիկի Բիենալեում 2001 թվականին:
Շարունակելով հետազոտել մարդու էությունը՝ «Մարսելի
իրականություն» տեսա-ինստալյացիայում ներկայացված
են երկու տարբեր աշխարհների պատկերները: Մոնիտորի
վրա ցուցադրված է մի ընտանիք՝ տղամարդ, կին և երեխա:
Նրանք մերկ նստած են հատակին և խաղում են միմյանց
հետ: Հեղինակը ցուցադրում է մերկությունը ոչ թե
անտառում, այլ ժամանակակից ինտերյերում: Այստեղ
չկա խտրականություն, առկա են միայն համերաշխությունն
ու փոխըմբռնումը: Դրան հակադրվում է մի միջավայր,
որտեղ իրերը կորցրել են իրենց տեղը, նշանակությունն
ու գույնը: Նկարչի ստեղծած ինտերյերն ամբողջովին
մոխրագույն է. բազմոցը, պահարանը, ափսեներն ու սեղանը
կորել են միջավայրում: Փոշոտ և կեղտոտ այս իրերը
փոխաբերական իմաստով այն մարդիկ են, ովքեր կորցրել
են իրենց միջավայրում:
«Նման իրականության մեջ մեր հասարակությունը հայտնվեց
խորհրդային կարգերի փլուզումից հետո, երբ մեզ տրվեց
ազատություն, որն էլ մեզ համար չարիք դարձավ, -
ասում է Կարեյանը, - Սառը պատերազմից հետո մարդիկ
սահմաններ էին փնտրում: Սա է եսասիրության, ազգայնամոլության
պատճառը, որը փորձում եմ պատկերել իմ արվեստում»:
Կարեյանն ընտրում է ինքնարտահայտման և իր արվեստի
ստեղծման ժամանակակից ձևեր, որոնք առավել մեծ հնարավորություններ
են տալիս արվեստագետին պատկերների միջոցով ասել
այն, ինչ բանաստեղծն ասում է խոսքով:
«Ես ելնում եմ այն համոզմունքից, որ չկա վերադարձ
նախասկզբնական կուսականությանն ու ներդաշնակությանը,
- ասում է նա, - Ամբողջականությունը բազմաձևության,
հանդուրժողականության և անհատի ազատ ընտրության
մեջ է»:
|