ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 20, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Թռիչք դեպի սարսափ. հայ կինն ասում է, որ ադրբեջանցիները բռնի կերպով պահել և սպառնացել են իրեն օդանավակայանում


Վեց ամիս շարունակ «Թամարը» չէր պատմում իր ընտանիքին այն պատահարի մասին, որը հոգեպես ցնցել էր իրեն: Ոչ էլ դիմել էր իշխանություններին, մինչև համոզվել էր, որ բավական ժամանակ է անցել, որպեսզի իրեն ոչինչ չսպառնա:

Նույնիսկ հիմա նա համաձայնել է հրապարակայնորեն խոսել իր մղձավանջի մասին միայն այն պայմանով, որ իր իսկական անունը չեն հրապարակի և դեմքը ցույց չեն տա:

Ընդամենը մեկ ամիս առաջ 23-ամյա երևանցի աղջիկը պաշտոնական զեկուցագիր է լրացրել, որտեղ նշել է, որ ապրիլի 27-ին Դուբայից Ռուսաստան թռչելիս նրան՝ իր կամքին հակառակ, պահել են Բաքվի օդանավակայանում:

Դուբայից Նիժնի Նովգորոդ թռչելիս (Դուբայում Թամարն աշխատում էր հյուրանոցում որպես մենեջերի օգնական)՝ ռուսական ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվում էին Թամարը, 35 այլ ուղևորներ և անձնակազմը, սովորականի նման վայրէջք կատարեց Բաքվի «Բինա» օդանավակայանում:

Այդ չվերթով թռչող օդանավը միշտ վայրէջք է կատարում Բաքվում՝ վերալիցքավորման համար, սակայն ուղևորներին երբեք չէին խնդրել դուրս գալ օդանավից Ադրբեջանում վայրէջք կատարելուց հետո:

Լինելով հայ՝ նա իրեն անհանգիստ էր զգում «թշնամու» տարածքում, սակայն չէր կարող պատկերացնել, թե իրեն ինչ է սպասում:

«Մտածեցի՝ շիկահեր եմ, և հնարավոր է այս հանգամանքը թույլ չտա ճանաչել ինձ որպես հայի, - վերհիշում է նա, - Առաջին պահին մտածեցի մնալ օդանավում, սակայն ուղեկցորդուհին թույլ չտվեց: Նույնիսկ փորձեցի անձնագիրս ցույց չտալ, բայց հետևիցս մի ձայն լսեցի, որն ասում էր՝ ստուգել անձնագրերը և ուղևորների քանակը»:

Փաստաթղթերը ստուգող ադրբեջանցի պաշտոնյան նայեց Թամարի անձնագրին և հեռացավ: Նա վերադարձավ մի խումբ տղամարդկանց հետ, և Թամարին ասացին. «Դուք չեք թռչելու»:

Վախեցած աղջիկը հարցրեց, թե ինչ պատճառով իրեն չեն թույլատրում թռչել, բայց պատասխան չստացավ:

Օդանավի անձնակազմի անդամները ճանաչում էին Թամարին, քանի որ իջևանել էին այն հուրանոցում, որտեղ նա աշխատում էր: Նրանք փորձեցին միջամտել, սակայն ապարդյուն, իսկ աղջկան տարան մի առանձին սենյակ:

Աղջկա ասելով, այնտեղ քաղաքացիական ավիացիայի և զինվորական համազգեստներով 15-20 ադրբեջանցիներ սկսեցին հարցաքննել և սպառնալ իրեն: Նա ասում է, որ իրեն սպառնում էին սպանել, քանի որ, ըստ ադրբեջանցիների, Երևանի օդանավակայանում մի ադրբեջանցի էր սպանվել: (Այդպիսի միջադեպ չի գրանցվել):

«Նրանք ինձ ասացին, որ Ադրբեջանի օրենսդրության համաձայն, ես հանդիսանում եմ իրենց գերին, և որ այդ նույն օրենքն արգելում է որևէ հայի գտնվել Ադրբեջանի տարածքում:

«Նրանք ինձ ծաղրում էին, սպառնում ու հայհոյում: Նրանք ինձ ասում էին, որ օդանավի մեկնելուց հետո բռնաբարելու են ու մորթեն: Կամ էլ փոխանակելու են ադրբեջանցի գերիների հետ: Ասում էին, որ սա է իմ ընտրությունը:

«Ես հույս ունեի, որ օդանավն առանց ինձ չի թռչի, և այդ միտքն ինձ քիչ, թե շատ ուժ էր տալիս: Հարցրեցի, թե ինչում են ինձ մեղադրում: Ի՞նչ եմ արել: Միայն որովհետև հա՞յ եմ: Պատասխաններն ուղեկցվում էին լկտի ու ցինիկ արտահայտություններով:

««Դու դեռ չես հասկանում, որ սա քո վերջն է»,- ասում էին ինձ: Տպավորությունս այնպիսին էր, որ նրանք վերջապես գտել են իրենց զոհին և հիմա վրեժխնդիր են լինելու: Ամեն մեկի մեջ կոնկրետ իմ նկատմամբ թշնամանք կար: Նրանց դեմքի թշնամանքը սարսափելի էր»:

Թամարի խոսքերով, սենյակ մտան զինվորական համազգեստով 2 կին՝ սպառնալիքի խոսքեր նետելով և իրեն մեղադրելով Ղարաբաղում սպանված ադրբեջանցիների համար: Նա ասաց, որ իրեն վնաս չէին հասցրել միայն այն պատճառով, որ ռուսներն իրենց օժանդակությունն էին ցույց տալիս դրսից: Օդանավի անձնակազմը հայտարարել էր, որ առանց Թամարի Բաքվից չի թռչի:

Թամարի խոսքերով, մոտ 90 րոպե անց իրեն առաջին սենյակից տեղափոխեցին մեկ այլ սենյակ, որտեղ տարիքով ավելի մեծ և մյուսներից պաշտոնով ավելի բարձր երեք տղամարդ ինչ-որ փաստաթղթեր դրեցին իր անձնագրի մեջ և ասացին, որ ինքը պաշտոնապես նրանց գերին է: Նրա խոսքերով, տղամարդիկ ասացին, որ բռնաբարելու ու սպանելու են իրեն, և որ միայն սպասում են, որ ինքնաթիռը թռչի:

Դրսից Թամարը լսեց անձնակազմի անդամ Ալեքսանդր Պուխովի ձայնը. նա ասում էր օդանավակայանի ծառայողներին, որ եթե աղջկան բաց չթողնեն, միջազգային սկանդալ կսարքի:

Վայրէջքի պահից անցել էր ավելի քան հինգ ժամ: Թամարին ասացին, որ գնա ու հրաժեշտ տա մյուսներին: Ուղեկցորդուհիները սկսեցին հիստերիկ ճչալ, ասում է Թամարը, իսկ ուղևորները բղավում էին:

Kamo Khachatryan: "Decision and initiative should come from the residents.Ադրբեջանցիներից մեկը մոտեցավ Թամարին և առաջարկեց, որ 1000 դոլար վճարի, և նրան ազատ կարձակեն: Թամարը սկսեց քրքրել իր պայուսակը, բայց փող չուներ:

Ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմը 200 դոլար հավաքեցին, տվեցին ադրբեջանցիներին, և աղջկան ազատ արձակեցին: Մինչև թռիչքը թույլատրելը պաշտոնյաները մտան օդանավ և խուզարկեցին բոլորի ուղեբեռը: Թամարի խոսքերով, նրանցից մեկը լապտերի լույս էր պահել իր դեմքին ու ծաղրում էր իրեն: Մեկն էլ ասաց, «Այս անգամ բախտդ բերեց, հաջորդ անգամ՝ չի բերի»:

«Երբ վերջապես օդ բարձրացանք, բոլորը սկսեցին հեկեկալ, - ասում է աղջիկը, - Անձնակազմից երկու տղամարդ չէին թաքցնում իրենց արցունքները. «Մենք սարսափի այսպիսի զգացում երբեք չենք ունեցել», - ասում էին նրանք: Ես կորցրել էի խոսելու ունակությունս և մի քանի օր շարունակ չէի կարողանում խոսել և շփվել մարդկանց հետ»:

Թամարը պայուսակից հանում է իր նոթատետրը, որտեղ այդ օրերին մարդկանց հետ շփվելիս գրառումներ է արել. այնքան ցնցված էր, որ չէր կարող խոսել:

«Կներեք, բայց խոսել չեմ կարող: Խնդրում եմ, ինձ մի ստիպեք խոսել, երբ կարողանամ, կխոսեմ», - ասվում էր ռուսերեն գրված արտահայտություններում:

Թամարը վերադարձել է Երևան, քանի որ Դուբայում նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր: Նոյեմբերին նա պատմել է այդ դեպքի մասին մի քանի տարբեր պետական ու միջազգային կազմակերպություններում:

Ազգային Ժողովի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասում է, որ արտաքին քաղաքականությամբ զբաղվող հայաստանյան պատվիրակությունները բողոք են ներկայացնելու Թամարի հետ կատարված միջադեպի կապակցությամբ:

«Մենք հետամուտ պիտի լինենք այս հարցին, և այն պետք է լուրջ արձագանք ստանա միջազգային կազմակերպությունների կողմից, որպեսզի կանխվեն հետագա նման դեպքերը», - ասում է Հովհաննիսյանը:

Ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչն ասում է, որ նախարարությունը տեղյակ է Թամարի հայցին և տեղեկացրել է այդ մասին համապատասխան գործակալություններին:

Քանի որ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի հետ, միջադեպը հետաքննելու միակ միջոցը տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին դիմելն է:

Այս շաբաթ Երևանում էր գտնվում Ադրբեջանի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Էլդար Է. Զեյնալովը: Նա հայտնեց «ԱրմենիաՆաուի» թղթակցին, որ Բաքվի լրատվամիջոցներն անդրադարձել են այդ միջադեպին, սակայն առանց Թամարի ներկայացրած մանրամասների:

«Փաստն այն է, որ մարդուն անօրինական են պահել այնտեղ, - ասաց Զեյնալովը, - Մենք հետամուտ չեղանք այդ գործին, քանի որ նրան արագ ազատ էին արձակել»:

Զեյնալովը խնդրեց Թամարի բողոքի մի օրինակը և ասաց, որ իր կազմակերպությունը կհանձնի այն ադրբեջանական լրատվամիջոցներին:

«Դեպքը համարում եմ անթույլատրելի և դատապարտելի», - ասում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, որը Սևծովյան տնտեսական համագործակցությունում (որի անդամ է նաև Ադրբեջանը) Հայաստանի պատվիրակության ղեկավարն է:

«Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, և Ադրբեջանի իշխանությունները որևէ իրավունք չունեին նման ձևով վարվելու տրանզիտ ուղևորություն կատարող քաղաքացու հետ: Ոչ ոք այդպիսի իրավունք չունի (որևէ մեկին գերի վերցնելու)՝ անկախ երկու երկրների միջև եղած փոխհարաբերություններից»:

Թամարն ասում է, որ դժվար թե երբևիցե մոռանա Բաքվում անցկացրած այդ մի քանի ժամը: Նա ասում է, որ այնքան ցնցված էր, որ նույնիսկ ծնողներին չէր պատմել, մինչև որոշեց բողոքով դիմել տեղական մարմիններին:

«Ես չգիտեի ինչ անել, - ասում է նա, - Մի կողմից, վախենում էի իմ շուրջ բարձրացվող աղմուկից: Մյուս կողմից, դժվար էր այդպիսի հոգեվիճակով ապրել: Բացի այդ, Ժամանակ էր պետք ծանր հոգեվիճակը հաղթահարելու համար»:


 

Conscience on Trial: Jehovah's Witnesses continue to face imprisonment for religious beliefs

Full story

 
 
 
 

Flight of Fright: Armenian woman says Azeris detained, threatened her at airport

Full story

 
 
 
 

Spawning Extinction?: Once abundant fish source now decreased in Lake Sevan

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2019. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.