ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 20, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Ցուրտ իրականություն. որքան ավելի են աճում պարտքերը, այնքան ավելի քիչ տներ են ջեռուցվում հին համակարգով


Ժամանակին՝ կենտրոնացված համակարգի և կայուն ֆինանսավորման շնորհիվ, ձմռանը Հայաստանի գրեթե բոլոր բնակարանները ջեռուցվում էին: Շենքերը հագեցված էին ջեռուցման համակարգերով, և տաքացվող ջուրը նորմալ ջերմություն էր ապահովում բնակարաններում:

Այսօր ամեն ինչ փոխվել է: Մասնագետները հավաստում են, որ տարեցտարի նվազում է նման ջեռուցում ստացող շենքերի թիվը: Եվ ձմռան օրերին նորմալ ջեռուցում ստանալու փոխարեն, բնակիչները դիմում են վառարաններին ու նավթավառներին և՝ վառելով դրանց մեջ ձեռքի տակ ընկածը, լցնում են իրենց տները ծուխ ու մրով:

«Է՜, հե՜յ գիտի ժամանակներ, ամեն ինչ լավ էր, չէիր էլ զգում, թե ինչ ասել է ցրտաշունչ ձմեռ, - ասում է Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի բնակչուհի Ալվարդ Հովհաննիսյանը, - Մի անկյունում շալով փաթաթված, կամ էլ ջեռուցիչի կողքին հավաքված բազմաթիվ շենքերի շատ ու շատ բնակիչներ կարոտով են հիշում այն լավ ժամանակները, երբ տներում կայուն տաքություն կար»:

«Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Ռոբերտ Բուղդարյանը մեծագույն դժգոհությամբ է վերհիշում 1995 թվականի Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների նախընտրական շրջանը:

«Այդ տարի շատ թեկնածուներ հրապարակայնորեն ելույթ էին ունենում և վստահեցնում մարդկանց, որ իրենք արդեն վճարել են բոլորի ջեռուցման վարձավճարները: Իսկ ընտրություններից հետո, պարզ է, ոչ մեկն էլ չհիշեց իր խոստումների մասին», - ասում է Բուղդարյանը:

Տնօրենն ասում է, որ երկար ժամանակ սպասելուց հետո բնակիչներից շատերը հանգեցին այն եզրակացության, որ կարելի է տարիներով չվճարել ջեռուցման համար, և ոչ մեկը դրա համար օրենքով չի պատժի իրենց:

Այսօր բնակիչների մոտ 60 տոկոսը չի վճարում ջեռուցման համար:

«Անցյալ տարի բնակիչների ջեռուցման պարտքը կազմել է 420 միլիոն դրամ (ավելի քան 750000 դոլար): Մինչև 1995 թվականը գրեթե բոլոր բնակիչները վճարում էին կայուն ջեռուցում ունենալու համար, - ասում է Բուղդարյանը, - Իսկ այսօր ջեռուցում ստացողների միայն մի մասն է վճարում մեզ: Մենք արդեն հույս էլ չունենք, որ նրանք կմարեն իրենց պարտքերը»:

Ցուրտ ձմեռն արդեն լիովին հաստատվել է Հայաստանում, և ջեռուցման հարցն արդեն շատերի մտահոգության առարկան է դարձել:

Սակայն չնայած բնակիչների բողոքներին, պաշտոնատար անձինք պնդում են, որ ջեռուցման վարձավճարներն այնքան էլ բարձր չեն. 90 օրվա համար մեկ քառակուսի մետրի վարձը կազմում է մոտ 1100 դրամ (մոտ 2 դոլար):

«Ամեն տարի պակասում է ջեռուցվող շենքերի քանակը, և մեղքը բնակիչներինն է: Անցյալ տարի մենք ծրագրել էինք ջեռուցել 1100 բնակելի շենք, իսկ այս տարի կջեռուցվեն միայն 700-ը: Բնակիչները չեն վճարում, և պարտքերը կուտակվում են, - ասում է Բուղդարյանը, - Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մենք ամբողջությամբ կզրկվենք մեր ջեռուցման համակարգից: Որոշել ենք ավելի խիստ լինել և ջեռուցել միայն այն բնակիչների բնակարանները, ովքեր կմարեն իրենց պարտքերը և պայմանագիր կկնքեն մեզ հետ»:

Խորհրդային տարիներին ջերմային համակարգը որևէ խնդիր չուներ, և արդյունքում ջեռուցվում էին գրեթե բոլոր բնակարանները: Այս օրերին՝ ի տարբերություն անցյալի, այդ համակարգի միայն ստվերն է մնացել:

Բուղդարյանի հավաստմամբ, այս ոլորտի առջև ծառացած խնդիրները շատ են, սակայն դրանց մեծ մասն արդյունք են, նախ և առաջ, բնակիչների անտարբերության և անպատասխանատվության:

«Եթե բնակիչները վճարեին, մենք հնարավորություն կունենայինք նորոգել մեր արտաքին ցանցերը և վճարել մեր աշխատողների երեք տարվա աշխատավարձերը: Հնարավորություն կունենայինք մարել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մեր հսկայական պարտքերը, որ այսօր դեռ պարզ չէ, թե ինչպես պետք է մարենք, - ասում է Բուղդարյանը, - Իսկ մեր վիճակն աստիճանաբար ավելի ու ավելի է բարդանում»:

Երևանի Մալաթի-Սեբաստիա համայնքի ջերմային տնտեսության մասնագետ Աշոտ Ղազարյանի հավաստմամբ, բացի վարձավճարի հետ կապված խնդիրներից, շատ բնակիչներ հատուկ ծորակների միջոցով անօրինական կերպով օգտագործում են ջեռուցման խողովակներով հոսող տաք ջուրը: Այդ ջրով նրանք հոգում են իրենց կենցաղային կարիքները: Իսկ դա վտանգավոր է ոչ միայն բնակիչների, այլև ամբողջ ջեռուցման համակարգի անվտանգության համար:

«Արդյունքում մենք ունենում ենք վառելիքի, ջրի և էներգիայի հսկայական գերածախս: Բացի այդ, խախտվում է ամբողջ ջերմային ռեժիմը, և ճնշման տատանումները հանգեցնում են ջեռուցման որակի անկմանը, - ասում է Ղազարյանը, - Եվ մենք չգիտենք, թե ինչպես պայքարել այս ոլորտի խնդիրների դեմ, քանի որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում այս հզոր համակարգը՝ օրենքի բացակայության և անտարբերության արդյունքում, հայտնվել է կործանման եզրին»:


 

Conscience on Trial: Jehovah's Witnesses continue to face imprisonment for religious beliefs

Full story

 
 
 
 

Flight of Fright: Armenian woman says Azeris detained, threatened her at airport

Full story

 
 
 
 

Spawning Extinction?: Once abundant fish source now decreased in Lake Sevan

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.