Տարբեր երկրներ ներկայացնող հինգ հայազգի թենիսիստներ էին մասնակցում աշխարհի առավել հեղինակավոր չորս մրցաշարերից մեկի՝ Մեծ սաղավարտի Ռոլան Գարոսի մրցաշարին, որն անցկացվում է Փարիզում մայիսի 24-ից հունիսի 6-ը:
Երկու փուլից հետո պայքարը շարունակում են միայն երկուսը:
Ութերորդ համարի տակ ցանված արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը երկրորդ փուլում հաղթեց կոլումբիացի Ալեհանդրո Ֆալլային (5-7, 6-0, 6-2, 6-0) և այժմ հանդիպելու է ավստրիացի Շտեֆան Կուբեկի հետ: Առաջին փուլում Նալբանդյանն առավելության էր հասել ֆրանսիացի ծագող աստղ Ռիշար Գասկեի նկատմամբ (6-4, 7-5, 7-6 (1)):
Բուլղարահայ Մագդալենա Մալեևան (21-րդ ցանված) երկրորդ փուլում հաղթեց իսպանուհի Մարտա Մարերոյին (7-5, 6-7 (3), 7-5) և հաջորդ փուլում կմրցի ամերիկուհի Մեգան Շոնեսիի հետ: Առաջին փուլում Մալեևան պարտության էր մատնել գերմանուհի Անկա Բարներին (6-2, 6-2):
Անդրե Ագասին (ԱՄՆ) մրցաշարի առաջին փուլի զոհերից էր: Նա զիջեց ֆրանսիացի Ժերոմ Էնելին 4-6, 6-7 (4), 3-6 հաշվով:
Հայաստանը ներկայացնող Սարգիս Սարգսյանը նույնպես պարտություն կրեց առաջին փուլում՝ զիջելով խորվաթ Մարիո Անչիչին (6-7 (4), 6-4, 4-6, 4-6):
Շվեյցարիան ներկայացնող Մարի-Գայանե Միքայելյանն առաջին փուլում զիջեց ռուսաստանցի Մարիա Կիրիլենկոյին (5-7, 6-7 (5)):
Հայ թենիսիստները մասնակցում են նաև զուգախաղերին: Սարգսյանը գերմանացի Կարստեն Բրաաշի հետ առաջին փուլում առավելության է հասել Թրավիս Փարոթ (ԱՄՆ) - Թոմաս Շիմադա (Ճապոնիա) զույգի նկատմամբ (6-3, 6-0):
Երկրորդ փուլում Սարգսյան-Բրաաշ զույգը կմրցի 12-րդ համարի տակ ցանված Ջարեդ Փալմեր (ԱՄՆ) - Պավել Վիզներ (Չեխիա) զույգի հետ:
Մալեևան և կանադուհի Սոնյա Ջեյասիլանն առաջին փուլում զիջեցին Անսլի Քարգիլ (ԱՄՆ) - Նանա Միյագի (Ճապոնիա) զույգին (1-6, հրաժարում): |