Անցյալ օրը նկատեցի, որ փայտը տկտկացնում եմ:
Նկատի չունեմ, որ հարբած ինչ-որ մեկի դուռն էի թակում, որ ինձ ներս թողնի:
Նկատի ունեմ հետևյալը.
Ծանոթներիցս մեկը հարցրեց. «Գործերդ ինչպե՞ս են»:
Ես էլ, բնականաբար (ինչպես բնական կարող է լինել սառույցի վրա չմուշկներով սահող խոզը), շուրջս նայեցի՝ փայտի կտոր փնտրելով, գտա աստիճանի բազրիքը, երկու անգամ տկտացրի ու ասացի. «Վատ չեն»:
Ես գաղափար անգամ չունեմ, թե դա ինչ է նշանակում, բայց օր չի անցնում, որ չտեսնեմ, թե ինչպես է ինչ-որ մեկն այստեղ դա անում:
Այսինքն՝ գիտեմ, որ դա սնահավատություն է, և եթե մի հայ լավ բան է պատմում, ապա նա պետք է ենթադրի նաև ինչ-որ սարսափելի վատ բանի հնարավորությունը և, փայտին տկտկացնելով, իբր կանխի դա:
Իհարկե, ուրիշ երկրներում էլ են այդպիսի բաներ անում: Իռլանդացիներն անում են: Բայց նրանք նաև հավատում են լեփրիկոններին (թզուկներին):
Այստեղ դա նույնքան տարածված է, որքան արևածաղկի սերմերը մայթին չրթելը և «Ջերմուկի» շիշը զգուշորեն բացելը, ինչն արդեն սովորել եմ:
Այս շաբաթվա սկզբում մի գրասենյակ էի գնացել: Մի ծանոթ հարցրեց. «Գործերը լա՞վ են»:
Ասացի, որ լավ են, ու մեկնեցի ձեռքս, որ տկտկացնեմ նրա «փայտե» գրասեղանի վրա: Նա «զգուշացրեց», որ գրասեղանն իրականում լամինատից է, փայտից են միայն ոտքերը: Այնպես որ, ձեռքս տարա ու ներքևից տկտկացրի փայտը:
Ես իմ արածով չեմ հպարտանում:
Բայց առայժմ գոնե դեռ չեմ հասել հայերին այս արարողության պահպանման գործում
Ես գիտեմ գիտական կոչում ունեցող տղամարդկանց ու կանանց, ովքեր ինչ-որ բանից գոհունակություն հայտնելով՝ նայում են շուրջը փայտի կտոր գտնելու հույսով և, չգտնելով, ասում են. «Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ»:
Գիտնականներ, ինժեներներ, ակադեմիկոսներ: Ասում են «թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ»: Ամենայն լրջությամբ:
Սա, ըստ երևույթին, փայտ տկտկացնելու բառացի տարբերակն է: Աշխարհիկ մարդուն Հռոմի պապի տված մի տեսակ թույլտվություն՝ հաղորդություն տալու մահամերձին, երբ քահանան անհասանելի է:
«Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ»: Երբ առաջին անգամ լսեցի, ինձ թվաց, թե ինչ-որ մեկը թքում է (պատճառը, հավանաբար, նորից արևածաղկի սերմերն էին):
Նման սովորույթ ձեռք բերելու փաստն ինձ անհանգստացնում է:
Աստիճանավանդակի բազրիքի զոհասեղանին նախապաշարման հանդեպ իմ հավատը հրապարակային մասնագիտություն դարձնելով՝ ինձ, իմ հաշվարկներով, մեկ-երկու քայլ է մնացել մինչև պառավական մեկ այլ անհեթեթություն:
Բանն այն է, որ ես արդեն վերջ եմ տվել տանը սուլելուն: Հայերի ասելով, դրա հետևանքով կարող եմ քամուն տալ իմ փողերը: Կարծես դրա համար ինձ որևէ առիթ է պետք: Ասում են այն նույն մարդիկ, ովքեր խաչ են անում թափված աղի վրա, հետո ջուր են ցանում, որպեսզի խուսափեն չար բախտից:
Ես այստեղ մի բարեկամուհի ունեմ, որը ջուր է լցնում վրաս, հենց իմանում է, որ պատրաստվում եմ մեկնելու (մի հարցրեք ինչու): Ահա թե ինչու ես թաքցնում եմ նրանից ճանապարհորդելու իմ ծրագրերը կամ էլ հայտնում եմ միայն հեռախոսով:
Ինչպե՞ս կարող է անհաջողությունների դեմ այսքան միջոց ունեցող ժողովուրդը այդքան շատ զոհ գնալ այդ անհաջողություններին:
Վերջերս եկել էր ջրաչափի ցուցմունք գրանցող աշխատողը: Երբ նա դուրս էր գալիս, ես պարզեցի ձեռքս հրաժեշտ տալու: Սա ինքնին արդեն արտառոց բան է, քանզի չեմ հիշում, որ մինչև այստեղ տեղափոխվելս երբևէ հասարակական ծառայությունների որևէ աշխատակցի ձեռք սեղմեյի: Բայց դա մի կողմ թողնենք:
Նա արդեն դուրս էր եկել բնակարանից, իսկ ես կանգնած էի ներսում: Հրաժեշտի համար մեկնեցի ձեռքս:, բայց նա կասեցրեց ինձ՝ բացատրելով, որ շեմին կանգնած ձեռք սեղմելը, ինչ խոսք, անհաջողություն կբերի: Որպես կանխարգելիչ միջոց՝ փակելուց առաջ ես տկտացրի իմ տան դռանը:
Ես արդեն չափազանց երկար եմ այստեղ
|