Անցյալ շաբաթ կազմակերպված «Բանակը և հասարակությունը» թեմայով քննարկումը վերածվեց դատավարության նման մի բանի, երբ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները սկսեցին պատասխանել փորձագետների և շարքային քաղաքացիների մեկնաբանություններին ու քննադատությանը: Ներկաներին մտահոգում էր այն, որ բանակը դարձել է ավելի շատ պատիժ, քան ծառայություն:
|
Բանակի ներկայացուցիչները պաշտպանվում են «Քաղաքացիական ազգային նախաձեռնության» կազմակերպած սեմինարում . |
Հանդիպումը կազմակերպել էր «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հետազոտությունների կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ բանակը հանրությանը հուզող ամենակարևոր խնդիրներից է, և նման հանդիպումներ կազմակերպելու են պարբերաբար:
Անդրանիկ հանդիպման ընթացքում բուռն բանավեճի նյութ դարձավ «դեդովշչինան»: Ռուսական ծագում ունեցող այս եզրը բնորոշում է մի երևույթ, երբ հրամանատարների թողտվությամբ որոշ զինվորներ նորակոչիկների հետ հարաբերություններում իրենց պահում են հրոսակախմբերի պարագլուխների պես: Նորակոչիկներից փող են շորթում, նրանց ստորացնում ու վախեցնում են, ինչը երբեմն հանգեցնում է բռնարարքների:
ՊՆ դաստիարակչության վարչության պետ, գնդապետ Վարդան Ավետիսյանը հայտարարեց, որ բանակն «առավել կայացած ու կազմակերպված է, քան հասարակության այլ օղակները», և հակառակը պնդող բոլոր հայտարարությունները որակեց «ապակայունացնող և անհարկի»:
Գնդապետը հերքեց «դեդովշչինայի» գոյությունը հայկական բանակում և ասաց, որ արձանագրված մահվան դեպքերն «արտակարգ պատահարների հետևանք են»:
Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը ճնշում գործադրեց Ավետիսյանի վրա՝ փորձելով պարզել, թե ինչն է փոխարինում «դեդովշչինային», եթե այն բանակում վերացել է:
Գնդապետ Ավետիսյանին նեղ կացությունից հանեց ղարաբաղյան պատերազմի հայտնի հրամանատար Կոմանդոսը՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, որ հետխորհրդային մյուս երկրներում «դեդովշչինայից ազատվելու հարցը» ռազմական գիտության մեջ ուսումնասիրվող խնդիրներից է:
«Դա պետք է ղեկավարվի ՊՆ-ի կողմից: Ես նման առաջարկ արել եմ: Սա է «դեդովշչինային» փոխարինող միջոցը, քանի որ մարդն իր էությամբ ձգտում է լիդերության»,- ասաց գեներալը:
Քննարկվեց նաև բանակը քաղաքական նպատակներով օգտագործելու հարցը: Քննարկման մասնակիցները նշեցին, որ հայկական բանակին հաճախ պարտադրվում են ոստիկանական ֆունկցիաներ՝ ակնարկելով, որ իշխանության հարցը լուծում է պաշտպանության նախարարը:
«Պատահական չէ, որ Հայաստանում վերջին 10 տարում նախագահից առավել ազդեցիկ պաշտոնյան պաշտպանության նախարարն է»,- ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Իշխանյանը նշեց, որ իրենց կազմակերպության տվյալներով անցյալ տարի արձանագրվել է մահվան 61 դեպք, «որոնց զգալի մասը սպանություններ են»:
Ի պատասխան այդ վիճակագրության՝ գնդապետ Ավետիսյանը հայտնեց, որ նախորդ տարվա համեմատությամբ 2003 թվականին մահվան դեպքերի թիվը նվազել է 20 տոկոսով:
Գնդապետի բերած տվյալները կասկածի տակ դրեց «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, որի հավաստմամբ սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ հանրության 70 տոկոսը չի վստահում պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկություններին: |