ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
May 28, 2004




Պաշտպանում են պաշտպանության համակարգը. «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» կենտրոնի կլոր սեղանը հարուցում է բանավեճ բանակի հարցերով

Անցյալ շաբաթ կազմակերպված «Բանակը և հասարակությունը» թեմայով քննարկումը վերածվեց դատավարության նման մի բանի, երբ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները սկսեցին պատասխանել փորձագետների և շարքային քաղաքացիների մեկնաբանություններին ու քննադատությանը: Ներկաներին մտահոգում էր այն, որ բանակը դարձել է ավելի շատ պատիժ, քան ծառայություն:

Բանակի ներկայացուցիչները պաշտպանվում են «Քաղաքացիական ազգային նախաձեռնության» կազմակերպած սեմինարում .

Հանդիպումը կազմակերպել էր «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հետազոտությունների կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ բանակը հանրությանը հուզող ամենակարևոր խնդիրներից է, և նման հանդիպումներ կազմակերպելու են պարբերաբար:

Անդրանիկ հանդիպման ընթացքում բուռն բանավեճի նյութ դարձավ «դեդովշչինան»: Ռուսական ծագում ունեցող այս եզրը բնորոշում է մի երևույթ, երբ հրամանատարների թողտվությամբ որոշ զինվորներ նորակոչիկների հետ հարաբերություններում իրենց պահում են հրոսակախմբերի պարագլուխների պես: Նորակոչիկներից փող են շորթում, նրանց ստորացնում ու վախեցնում են, ինչը երբեմն հանգեցնում է բռնարարքների:

ՊՆ դաստիարակչության վարչության պետ, գնդապետ Վարդան Ավետիսյանը հայտարարեց, որ բանակն «առավել կայացած ու կազմակերպված է, քան հասարակության այլ օղակները», և հակառակը պնդող բոլոր հայտարարությունները որակեց «ապակայունացնող և անհարկի»:

Գնդապետը հերքեց «դեդովշչինայի» գոյությունը հայկական բանակում և ասաց, որ արձանագրված մահվան դեպքերն «արտակարգ պատահարների հետևանք են»:

Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը ճնշում գործադրեց Ավետիսյանի վրա՝ փորձելով պարզել, թե ինչն է փոխարինում «դեդովշչինային», եթե այն բանակում վերացել է:

Գնդապետ Ավետիսյանին նեղ կացությունից հանեց ղարաբաղյան պատերազմի հայտնի հրամանատար Կոմանդոսը՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, որ հետխորհրդային մյուս երկրներում «դեդովշչինայից ազատվելու հարցը» ռազմական գիտության մեջ ուսումնասիրվող խնդիրներից է:

«Դա պետք է ղեկավարվի ՊՆ-ի կողմից: Ես նման առաջարկ արել եմ: Սա է «դեդովշչինային» փոխարինող միջոցը, քանի որ մարդն իր էությամբ ձգտում է լիդերության»,- ասաց գեներալը:

Քննարկվեց նաև բանակը քաղաքական նպատակներով օգտագործելու հարցը: Քննարկման մասնակիցները նշեցին, որ հայկական բանակին հաճախ պարտադրվում են ոստիկանական ֆունկցիաներ՝ ակնարկելով, որ իշխանության հարցը լուծում է պաշտպանության նախարարը:

«Պատահական չէ, որ Հայաստանում վերջին 10 տարում նախագահից առավել ազդեցիկ պաշտոնյան պաշտպանության նախարարն է»,- ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Իշխանյանը նշեց, որ իրենց կազմակերպության տվյալներով անցյալ տարի արձանագրվել է մահվան 61 դեպք, «որոնց զգալի մասը սպանություններ են»:

Ի պատասխան այդ վիճակագրության՝ գնդապետ Ավետիսյանը հայտնեց, որ նախորդ տարվա համեմատությամբ 2003 թվականին մահվան դեպքերի թիվը նվազել է 20 տոկոսով:

Գնդապետի բերած տվյալները կասկածի տակ դրեց «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, որի հավաստմամբ սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ հանրության 70 տոկոսը չի վստահում պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկություններին:


According to Agnes
 

  Inside
 

Defending Defense: NCI roundtable stirs debate on military matters

Full story

 
 

Built to Last: A Georgian Armenian’s house plans for eternity

Full story

 
 

A Byte with...

A few quotes from artist.

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

"Reflections"

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.